Արցախի հերոս, զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով օրերս հակառակորդի կրակոցից զոհված հայ ժամկետային զինծառայողի մահվանը, նշեց. «Մինչեւ հիմա ոչ մի խոսք չի հնչել, մեր ղեկավարները լռում են, ոնց որ պիտի տակով անեն այս ամենը… Տասնիննամյա երիտասարդ տղա է զոհվել, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվել, մի օջախի ճրագ է մարել, ընտանիքին ի՞նչ պատասխան պետք է տաք, դա ձեր անպատասխանատվությունից է, հիմա էլ վախենում եք խոսել, որ Ալիեւն ու էրդողանը չնեղանան… Մատաղ լինեք դուք այդ զինվորին: Զինվոր է զոհվել, ոչ մի բան չեն ասում, քար լռություն, անտարբերություն»:
Նա կարծում է, որ անձամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հեռուստատեսությամբ հանդես գա հայտարարությամբ եւ ներողություն խնդրի զոհվածի հարազատներից. «Հեռուստատեսությամբ ելույթ ունեցիր, ներողություն խնդրի զինվորի հարազատներից: Գիտեք՝ չգիտե՞մ ձեր խաղերը, անձամբ իմ գլխին է եկել այդ ամենը… Անձամբ ես ցավակցում եմ աշտարակցի զինվորի ծնողներին, հարազատներին եւ ընկերներին, հավերժ փառք մեր զինվորներին»:
Ինչ վերաբերվում է Արագածոտնի մարզում օրերս տեղի ունեցած սպանությանն ու կրակոցներին, այս մասին էլ հերոսի մայրն ասաց. «Արդեն Հայաստանը դարձել է Սիցիլիա, մաֆիան մի կողմից, բանդիտները՝ մյուս կողմից հաշվեհարդար են տեսնում: Երեւանից վեր են կենում, գնում հաշվեհարդար են տեսնում ապարանցիների հետ, ասում են՝ կրակոցներ եղել են գլխին, կրծքին… Մի քանի անգամ փոխեցին՝ կենցաղային հողի վրա, քաղաքական հողի վրա, քաղաքական էլ չի , նիկոլական հողի վրա է, Նիկոլին բան ասողը զոհվել է, պատասխան եք տալու: Էս ի՞նչ եք բերել մեր հայրենիքի գլխին… Բա մարդ 44-օրյա պատերազմից փրկվի, գա էստեղ հայի ձեռքով սպանվի՞…ահեղ պատասխան է սպասվում ձեզ: Ջհանգիրյան, դե գնա հիմա իրենց դատի, թողեցիր, որ բանը հասնի սրան, մի բուռ ժողովուրդ ենք մնացել, իրար կոտորում են, էսպես ո՞ւր ենք հասնելու: Հայաստանն էս ի՞նչ ես դարձրել, Նիկոլ…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ