«Կուզեի սա դիտարկենք ոչ թե որպես առանձին երեւույթ, այլ այս չորս տարում տեղի ունեցածի տրամաբանական շարունակություն։ Ցավոք, սա վերջինը չէ։ Երբ հասարակությանը բաժանում ես շերտերի եւ փոխադարձ ատելություն սերմանում, մեկն ատում է մյուսին, «կրակը» վառ է պահվում, եւ մի օր խոսքի ատելությունը վերածվում է հրազենով գնդակահարության»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով օրերս Ապարանում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում ողբերգական ավարտով միջադեպ է եղել․ զոհվել է երեք անձ, կան վիրավորներ։ Թեեւ իշխանական շրջանակները եւ իրավապահները պնդում են, թե միջադեպը կապ չունի Նիկոլ Փաշինյանին հայհոյելու հետ, մամուլն ու ընդդիմադիրները հակառակում են համոզված, որ Փաշինյանի կողմնակիցներն են հրազենով հաշվեհարդար տեսել վարչապետին հայհոյած երիտասարդների հետ։
«Լկտիացել են, պետությունը նույնացնում են իրենց հետ, իսկ փողոցային վարքագիծը ծնում է քաղաքացիական բախումներ։ Ատելությունը մինչեւ հիմա դուրս չէր եկել նման մակարդակի։ Սա թերեւս առաջին մեծ դեպքն է, որ զոհեր կան։ Կոնկրետ իշխանական կուսակցությունն անցել է հրազենով հաշվեհարդարի, եւ քաղաքական հարցերը լուծում է հրազենով։ Երբ ձեռքին մուրճ էր բռնում, դա ուժի կիրառման թաքնված քարոզչություն էր։ Եթե երկրի ղեկավարն է դա անում, իր թիմակիցներն ու կուսակիցներն էլ են, չէ՞, ուզում մոտ լինեն իրեն։ Նիկոլի հետ փողոց էին փակում, պաշտոն էին ստանում։ Հիմա չափորոշիչները փոխվել են․ այսքան կրակես, կդառնաս նախարար։ Իսկ եթե բարեկամը մարզպետ է, ավելին կարող է լինել։ Պահանջարկն այլեւս դա է։ Հիմա նվիրվածությունն այլ կերպ է պետք ցույց տալ»,-կարծիք հայտնեց Սամվել Նիկոյանը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական պայքարի ողջ ընթացքում օգտագործել է ամբողջ «զինանոցը»․ «Եթե ընդդիմադիր էր, ապա՝ սուտ, խաբեություն, շանտաժ, վարկաբեկում։ Վերջում էլ՝ դրսում հովանավորություն փնտրելով իշխանություն ստանալ, ոստիկանական վայրագություններ, կրակոցներով զոհեր։ Փաստենք, որ ատելության խոսքի քարոզից հետո քաղաքական, քաղաքացիական պատերազմի հոտ է փչում։ Աստված դա՝ այս դեպքը վերջինը լինի։ Հրապարակային եմ ասել, որ չորս տարի մտահոգվել եմ, որ կհասնենք այս փուլին, որովհետեւ հասարակությանը բաժանում էին։ Ղեկավարող քաղաքական ուժի հարազատությունն արդեն ինքնաձիգերով է հարցեր լուծում։ Շատ վտանգավոր փուլ է մտել մեր հասարակությունը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ