Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Պողոսյան. Պետության այն տարիների ղեկավարները մշակույթի խթանման ու զարգացման համար տարբեր միջոցներ էին փնտրում: Խթանման միջոցներից մեկն էլ կոչումներն էին. վերացնելուց առաջ պետք է լավ մտածել օգուտների ու վնասների մասին

Հունիս 21,2022 11:00

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կոչումների մասին

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է վերացնել վաստակավոր արտիստ, ժողովրդական արտիստ կոչումները: Կարծեմ դա վերաբերվում է նաև նկարիչներին և երևի ճարտարապետներին ևս:

Վերհիշենք՝ ինչպես առաջացան այս կոչումները:

Առաջին Հանրապետության վախճանից հետո, երբ ստեղծվեց հայկական երկրորդ Հանրապետությունը, Մեծ Եղեռնից անցել էր ընդամենը 2-3 տարի: Նոր հանրապետությունը լցված էր փախստականներով, անհրաժեշտ էր արագ լուծել ուտելիքի, առողջապահության և էլի շատ խնդիրներ, այդ թվում նաև մշակութային խնդիրները: Արտասահմանից հրավիրվեցին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը և ուրիշներ: Պետության այն տարիների ղեկավարները մշակույթի խթանման ու զարգացման համար տարբեր միջոցներ էին փնտրում: Խթանման միջոցներից մեկն էլ կոչումներն էին: Արդեն 1924 թվականին Եղեռնի արհավիրքից ընդամենը տասը տարի էր անցել, երբ Թամանյանին հանձնարարվեց մշակել մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, օպերային թատրոնի /ժողտան/ շենքի, կառավարության շենքի և այլ նախագծեր:

Մշակույթի գործիչների համար հատուկ պայմաններ էին ստեղծվում, կառուցվում էին բնակելի տներ: 1935-40 թվականներին շահագործման հանձնվեց առաջին տունը՝ Կամոյի անվան փողոցի վրա, իսկ հետո՝ Ստալինի անվան /այսօր Մաշտոցի/ պողոտայի հոյակերտ բնակելի տունը, որտեղ բնակարաններից բացի բացվեց նաև Հայաստանի արվեստի աշխատողների տունը՝ դահլիճով, գրադարանով և այլ հարմարություններով: Այստեղ էին կազմակերպվում քննարկումներ, կինոֆիլմերի պրեմիերաներ, հանդիպումներ անվանի գրողների, բանաստեղծների հետ: Հիմա այստեղ ռեստորան է: Նկարիչներին ու քանդակագործներին անվճար տրամադրվում էին ընդարձակ արվեստանոցներ, թանկարժեք արտասահմանյան ներկեր, վրձիններ այլ պարագաներ: Գրողներին, ճարտարապետներին և գիտնականներին բնակարան տալիս, տրվում էր նաև 10քմ հավելյալ մակերես՝ որպես աշխատասենյակ: Այսինքն՝ արվում էր հենց այն, ինչով պետք է զբաղվեն մշակույթի պատասխանատուները: Այն է՝ պայմաններ ստեղծել արվեստի զարգացման համար:

Հիմա կասեք՝ նկարագրած պատկերը ինչ-որ իդեալական է ստացվում: Իհարկե իրավիճակը բնավ իդեալական չէր, կար բավականին կոշտ վերահսկողություն: Արվեստը պետք է չանցներ իշխող գաղափարախոսության սահմանները: Սակայն արվեստագետները ելքը գտնում էին՝ տարեկան մի գործ նվիրվում էր իշխող գաղափարախոսության թեմաներին, հետո արա սրտիդ ուզածը: Իհարկե, արվեստի խաղաղ զարգացումը երկար չտևեց: Բայց պետք է խոստովանել, որ հենց այդ տարիներին ծնվեցին հայկական արվեստի, գրականության ու ճարտարապետության լավագույն նմուշները:

Ասում ենք՝ Թամանյանը ստեղծեց Երևանի գլխավոր հատակագիծը, օպերայի և բալետի թատրոնը, մոռանալով, որ նրա կողքին, կամ ավելի ճիշտ՝ մեջքին կանգնած էին այն տարիների կառավարության ղեկավարները, որոնք քաջ գիտակցում էին գիտության ու արվեստի դերը պետության կայացման գործում: Գիտակցում էին, որ անհրաժեշտ է բացի կառույցներից արագ գտնել ու աճեցնել արվեստի ու գիտության գործիչներ՝ դերասաններ, պարողներ, երգիչներ, երաժիշտներ: Այդ նպատակով էլ փնտրում էին շահագրգռման տարբեր միջոցներ: Հիշում եմ՝ ետպատերազմյան 1945-50 թվականներին օպերային ներկայացումների ժամանակ հաճախ բեմի վրա ելույթ ունեցողները ավելի բազմամարդ էին լինում, քան դահլիճում նստած հանդիսատեսները, բայց թատրոնը չէին փակում՝ գիտակցելով արվեստի դաստիարակչական հսկայական դերը:

Այդպիսի խրախուսական միջոցներով, այդ թվում նաև պատվավոր կոչումներով հնարավոր եղավ կարճ ժամանակում, փախստականներով լցված ու ահավոր բարդ տնտեսական պայմաններում գտնվող երիտասարդ հանրապետությունում ստեղծել ու զարկ տալ բարձր արվեստի բոլոր բնագավառները:

Մարզահամերգային համալիրը ու մետրոպոլիտենը անվանակոչվեցին Կարեն Դեմիրճյանի անունով և դա ճիշտ որոշում էր: Մինչ այդ գործած բոլոր ղեկավարները, սկսած Մյասնիկյանից, նույնպես իրենց որոշիչ ավանդն են ունեցել մեր երկրի պատմության ու մշակույթի ստեղծման ու զարգացման գործում: Ասածս վերաբերվում է երկրի պատմության ոչ միայն Խորհրդային հատվածին: Միամիտ կլինի կարծել, թե մեր մշակութային հարուստ ժառանգության ստեղծումը ու կայացումը իրականացվել է առանց տարբեր ժամանակների թագավորների կամ իշխանների մասնակցության ու հովանավորության: Մոմիկը կամ Տրդատը, իհարկե, իրենց նախագծերը համաձայնեցրել են ժամանակի կառավարիչների հետ: Ճիշտ այնպես, ինչպես իտալական Վերածննդի վարպետները՝ Հռոմի Պապի կամ իշխանի հետ: Երկրների ղեկավարները միշտ, կարելի է ասել, որոշիչ դերակատարություն են ունեցել մշակույթի զարգացման գործում: Մեր երկրում նույնպես դրա վառ օրինակները կան: Ալեքսանդր Մյասնիկյան,Աղասի Խանջյան, Արամայիս Երզնկյան, Գրիգոր Հարությունյան, Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան ազգանունները դրա վառ օրինակներն են: Արվեստի ու ճարտարապետության մեծագույն ազդեցության ու նշանակության մասին գիտեին նաև աշխարհին հայտնի բռնապետերը և դա հաջողությամբ օգտագործում էին: Սա շեշտում եմ ցույց տալու համար, թե ինչ հսկայական դերակատարություն ունեն արվեստը ու ճարտարապետությունը պետության կայացման գործում:

Իսկ այն, որ պատվավոր կոչումներ ստացողների մեջ կան անարժան մարդիկ, դա արդեն կոչումները բաժանողների խնդիրն է:

Այնպես որ, կոչումները վերացնելուց առաջ պետք է լավ մտածել օգուտների ու վնասների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Պետք է շուտ հանեին, որ ով ասես չստանար: Աննա Մայիլյանն էլ է վաստակավոր, Արմենչիկն էլ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930