Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան որ լսել եմ, ճիշտն ասած՝ հատկապես ինչ-որ քրեաիրավական տարր դրանում չեմ տեսել․ ԲԴԽ անդամը՝ ձայնագրության մասին․ «Հրապարակ»

Հունիս 21,2022 10:42

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի դեմ ԲԴԽ երեք անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ու Դավիթ Խաչատուրյանը (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը), կարգապահական վարույթ են հարուցել, երեկ «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակում իր փաստաբան Արամ Օրբելյանի հետ ասուլիս էր հրավիրել, որ պատմեր, թե ինչպիսի ապօրինություններ են տեղի ունենում իր հանդեպ։

Ասուլիսի ընթացքում Վարդազարյանը միացրեց իր, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը, որն արվել է 2021 թ․ փետրվարի 20-ին, «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում։

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ նախաձեռնած ԲԴԽ երեք գիտնական-անդամներից Գրիգոր Բեքմեզյանը, անդրադառնալով սկանդալային ձայնագրությանը, ասաց՝ քանի որ իր ձայնագրությունը չէ, ուրիշի մասնավոր խոսակցության ձայնագրությունն է, ինքը որեւէ մեկնաբանություն չի կարող տալ։

«Իսկ ինչ վերաբերում է իրավական գնահատականներին, կարծում եմ՝ խորհուրդը կլսի եւ կորոշի՝ պե՞տք է իրավական գնահատական տալ, թե՞ ոչ։ Ես չեմ կարող հիմա խորհրդի անունից ինչ-որ բան ասել»,- ասաց նա՝ նշելով, որ, միանշանակ, իրենք կքննարկեն դա եւ ինչ որոշում կայացնեն՝ բոլորս կիմանանք։ Հարցին՝ նմանատիպ ձայնագրությունը ձայնագրությանը մասնակցած սուբյեկտների նկատմամբ որեւէ իրավական ընթացակարգ ենթադրո՞ւմ է, Բեքմեզյանն ասաց․ «Չեմ կարող ասել, որովհետեւ նախ ես քրեական իրավունքի էդքան մեծ մասնագետ չեմ, որ ինչ-որ խորհուրդ տամ էդ ձայնագրության հետ կապված, բայց ինչքան որ լսել եմ, ճիշտն ասած՝ հատկապես ինչ-որ քրեաիրավական տարր դրանում չեմ տեսել»։ Ջհանգիրյանի հայհոյախառն արտահայտությունների մասով էլ Բեքմեզյանը ձեռնպահ մնաց որեւէ գնահատական տալուց՝ խնդրելով այդ հարցով դիմել Ջհանգիրյանին։

Խոսեցինք նաեւ ԲԴԽ դատավոր անդամներից Սերգեյ Չիչոյանի հետ։ Նա էլ նախ ասաց, որ այդ ձայնագրությունն առաջին հերթին տհաճ է՝ լսելն էլ, մեկնաբանելն էլ։ Իսկ բացի տհաճ լինելուց՝ ինքը Գագիկ Ջհանգիրյանի կողմից քաղաքական հրահանգ կատարելու, դատական գործերին միջամտելու, օրենքից դուրս գործելու որեւէ դրսեւորում չի՞ տեսնում։ «Ես էս պահին ձեռնպահ կմնամ որեւէ կարծիք հայտնել, որովհետեւ եթե ես թե՛ դրական, թե՛ բացասական կարծիք հայտնեմ, հնարավոր է՝ վաղը միգուցե թե՛ կարգապահական վարույթի շրջանակներում, թե՛, օրինակի համար, քրեական գործի շրջանակներում հայտնվի ԲԴԽ-ում, ու ես էսօր կարծիք հայտնեմ, դա սխալ կդիտարկվի»,- ասաց նա։ Իսկ ԲԴԽ նախագահի կողմից նման ոչ նորմատիվային լեքսիկոնով արտահայտվելը, այդ թվում՝ ԲԴԽ-ի հասցեին, որտեղ ինքն է աշխատում, նորմա՞լ է գնահատում, Չիչոյանն ասաց․ «Իհարկե, տհաճ է, ինչ-որ մեկի մասին ցանկացած մեկս էլ պիտի վատ խոսքերով չարտահայտվի, բայց դա արդեն իր խնդիրն է, էլի, թե ոնց է արտահայտվել։ Բոլորի համար էլ տհաճ է արտահայտվել»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930