Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Վերջին վայրկյանին, երբ թվում էր՝ ամեն ինչ կորած է, գյուղապետը հրաժարվել է գյուղապետարանի շենքից ու «Մունքը» տեղակայվել է շենքում. սարի գլխին ապրող երեխեք, որ գիտեին անգլերեն, խոսում էին ծրագրավորումից. «Փաստ»

Հունիս 21,2022 10:18

Արցախի Հաղորտի գյուղի երեխաների առօրյան արդեն երկար ժամանակ լցվել է գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու, երազանքներն իրականացնելու մեծ հնարավորություններով: 12-ամյա Գրիշա Մարտիրոսյանը մեկն է գյուղի այն երեխաներից, որ արդեն որոշել է, թե ինչ մասնագիտություն է ունենալու: Նա ևս Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի «Մունք» տեխնոդպրոցի սան է, որի բացումը տեղի ունեցավ հունիսի 18-ին:

Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից: Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ էր շուրջ 67 մլն դրամ։ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում, որը տևել է շուրջ 3 ամիս, նախագծի համար հավաքվել է նախատեսվածից ավելին՝ 69 մլն դրամ: Նախագծին միացել են բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ: Մինչև պատմելը, թե ինչպես «Ես»-ը դարձավ «Մունք», «ռեԱրմենիա»-ի հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանը, շարունակելով սպորտի թեման, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ շատ ավելի վաղուց է սկսվել:

«Հաղորտիի գյուղապետը՝ Նվեր Մարտիրոսյանը, շաբաթը երեք անգամ իր Նիվայով գյուղի երեխաներին Ստեփանակերտ սամբոյի է տանում: Արդյունքում Հայաստանի սամբոյի չեմպիոնների մեծ մասը հենց այս գյուղից են: Ու ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ նույն Նվերը նորից իր նույն Նիվայով երեխեքին սկսեց տանել «Թումո»: Հետո եկել է «Ես» հիմնադրամը, որը ֆենոմենալ գործ է անում: Իրենք վերցնում են իրենց նոթբուքները, շրջում գյուղերով ու երեխեքին մաթեմատիկա և ծրագրավորում են սովորեցնում: «Մունքը» այս ամենի տրամաբանական շարունակությունն է, որտեղ երեխեքը կարող են հաճախել, շատ որակյալ և շարունակական կրթություն ստանալ, իրենց ստարտափները ստեղծել ու աշխատել: Երբ անցած տարի եկել էինք «Տեխնոշաբաթին», եկանք գյուղ՝ պարզապես շփվելու մարդկանց հետ, ծանոթանալու գյուղին:

Շատ հետաքրքիր և ֆենոմենալ երևույթի ականատես եղանք. սարի գլխին ապրող երեխեք, որոնք գիտեին անգլերեն, խոսում էին ծրագրավորումից, ռոբոտներ սարքելուց: 2 օր հետո էլի վերադարձանք, որովհետև այնքան ոգեշնչում կար այս գյուղի մեջ»,-պատմեց Ա. Մկրտչյանը՝ շեշտելով, որ գյուղի երեխաների ներկայացրած խնդիրներն ու դրանց լուծումները տարբերվել են այլ համայնքների երեխաների առաջարկներից:

«Իրականում դպրոցն այլ տեղ պետք է լիներ, գյուղում շենքային պայմանները չէին բավարարում: Շատ մեծ ծախս էր հարկավոր, բայց անհրաժեշտ ոչինչ չկար: Վերջին վայրկյանին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, նույն Նվերը՝ գյուղապետը, գնացել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հրաժարվել գյուղապետարանի շենքից: «Մունքը» տեղակայված է նախկին գյուղապետարանի շենքում, գյուղապետն էլ տանից է աշխատում: Եթե ամեն գյուղում մի Նվեր լինի, Հայաստան աշխարհն ուրիշ կլինի»,-ասաց նա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930