Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանումը՝ զոհված զինծառայողների ծնողների եւ Արգիշտի Քյարամյանի հանդիպման մասին

Հունիս 21,2022 09:56

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով՝ անհրաժեշտ է պաշտոնապես պարզաբանել հետևյալը.

2022 թվականի մայիսի 20-ի՝ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը։

Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով:

Հավելենք, որ ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է և հանդիպումը շարունակվել ու ընդհանուր առմամբ տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020 թվականի արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ:

Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածին:

Ամենայն հարգանք տածելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների ու նրանց ծնողների նկատմամբ՝ միաժամանակ հորդորում ենք հիշյալ հանդիպումը և վերջինիս ընթացքում տեղի ունեցած զարգացումները չդարձնել անհարկի շահարկումների առարկա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930