Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ Նոր Նորքի բնակիչներ, հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից դադարեցնում եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։
Պարտքս և պատիվս եմ համարում հայտնել ձեզ, որ պաշտոնավարման ընթացքում սիրով ու նվիրումով եմ կատարել իմ աշխատանքը, ձգտել եմ հնարավոր բոլոր միջոցներով անել ամեն ինչ՝ այլևս ինձ հարազատ դարձած վարչական շրջանում առկա խնդիրները լուծելու, այն ավելի բարեկարգ և ապրելու պայմաններն առավել հարմարավետ դարձնելու համար։
Կարդացեք նաև
Սիրելի հայրենակիցներ, իմ առաջնային նպատակն եմ համարել հարկավոր պահին ձեզնից յուրաքանչյուրի կողքին գտնվելը, աջակցելը, ձեր հոգսերը թեթևացնելը, բոլորիս ջանքերի համատեղմամբ՝ փոխադարձ սիրո և ուշադրության միջավայրի ստեղծումը։
Իմ անկեղծ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորիդ, որ պատրաստակամ և ջանադիր եղաք օր օրի համատեղ շենացնել մեր հարազատ Նոր Նորքը, մեր չքնաղ մայրաքաղաքի՝ ուրույն դիմագծով և կոլորիտով այս շրջանը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահել էին այս պատվաբեր և բարձր պաշտոնը, հնարավորություն տվել ծառայելու ձեզ և վայելելու ձեր հարգանքն ու ջերմ վերաբերմունքը։
Խորին շնորհակալությունս եմ հայտնում վարչական շրջանի բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր ջանադիր և արդյունավետ համագործակցության համար ։
Առողջություն և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ։
Երջանիկ եղեք, սիրելիներս»։