«Մի շենքի դիմաց ենք, որը տիրապետում է ՀՀ-ում առկա ամենաճշգրիտ տեղեկատվությանը, այն ամենին, թե ինչ է տեղի ունենում սահմանին եւ երկրի ներսում։ Այս կառույցը գիտի, թե ինչ է տեղի ունեցել 2018թ․-ի հայտնի իրադարձությունների ժամանակ, թե ինչ մարդիկ են եկել այդ ժամանակ իշխանության, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի օրերին եւ հետպատերազմյան ժամանակահատվածում»,-դիմադրության շարժման այսօրվա երթի ժամանակ ԱԱԾ շենքի դիմաց հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սա այն կառույցն է, որին եւս պատերազմը չի շրջանցել։ ԱԱԾ սահմանապահ զորքերը եւս մասնակցել են մարտական գործողություններին, ունեցել զոհեր եւ վիրավորվեր։ Այսօր էլ այդ զորքերը ծառայում են այդ թվում Սյունիքի բավականին բարդ հատվածներում։ Այն կառույցը, որը տիրապետում է, թե ինչ վիճակի է հասել ՀՀ-ն, թե ինչպիսի արտաքին-ներքին անվտանգային խոցելի վիճակում են ՀՀ-ն ու Արցախը, չպետք է նման կրավորական կեցվածք ընդունի։ ԱԱԾ-ում՝ շարքայինից մինչեւ ղեկավարություն, պետք է լավ հիշեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց գործընկեր կառույցների հետ՝ 2018թ․-ից հետո։ Իշխանության հետ գործակցած ԳՇ պետի, պաշտպանության նախարարի, ԱԻ նախարարի մասին է խոսքը։ Վերջինիս ազգային հերոսի կոչում տվեցին, հետո կալանավորեցին։ ԱԱԾ աշխատակիցները պետք է գիտակցեն, որ այս իշխանությանը հավատարիմ լինելը հետեւանք է ունենալու»,-շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
ԱԱԾ-ն, նրա բնորոշմամբ, գիտակցելով իշխանության հանցագործություններն ու երկրի վիճակը, կրկնակի պատասխանատվություն է կրում իրավիճակի համար․ «ԱԱԾ ամեն ծառայող պետք է հիշի, որ առաջնահերթ ծառայում է ՀՀ-ին եւ Արցախին, որ պարտավոր է հավատարիմ լինել իր կոչմանը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ