Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր ներկ ու խաղալիք ինքնաձիգեր՝ ՔՊ գրասենյակի դիմաց․ «Երեկվա սպանդն օրինակ է, որ նրանք կանգ չեն առնելու»

Հունիս 20,2022 20:44

«Վախենում են կորցնել արյունալի իշխանությունը, իրենց գլխին երկնքից ընկած թալանի հնարավորությունը, վախենում են, դրա համար էլ կրակում են ու սպասում քաղաքացիներին, կրակում են, որ պահեն իրենց իշխանությունը։ Միաժամանակ, նիկոլական խառնամբոխը խնդիր չի տեսնում Սեւանն ու Երեւանը գրավել պատրաստվող Ալիեւի ասածների մեջ։ Նիկոլն արյան ծարավ է։ Արյունալի մղձավանջը շարունակվելու է այնքան, որքան հանդուրժելու ենք»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում ողբերգական ավարտով միջադեպ է եղել․ զոհվել է երեք անձ, կան վիրավորներ։ Թեեւ իշխանական շրջանակները պնդում են, թե միջադեպը կապ չունի Նիկոլ Փաշինյանին հայհոյելու հետ, մամուլն ու ընդդիմադիրները հակառակում են համոզված, որ Փաշինյանի կողմնակիցներն են հրազենով հաշվեհարդար տեսել վարչապետին հայհոյած երիտասարդների հետ։

Արեգնազ Մանուկյանը հարցադրում հղեց ՀՀ-ում ԵՄ դեսպանին, որն, իր խոսքով, ամեն անգամ խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առաջ․ «Սա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը։ Կամ, այսօրվա հրապարակված սկանդալային ձայնագրությունը։ Մենք թույլ չենք տալու, որ դուք մեր երկիրը դարձնեք աշխարհաքաղաքական շահերի մանրադրամ»։

Երթի մասնակիցները հասան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակի մոտ, որի մուտքը հսկում էին ոստիկանները։ «Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հայտնվելու եք պատմության աղբանոցում եւ հիշվելու եք որպես հայասպանությունը, բաժանումը խթանողներ»,-հայտարարեց ՀՀԿ երիտասարդական միության նախագահ Հենրիխ Դանիելյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն էլ նշեց․ «ՀՀ-ն օկուպացրած ահաբեկչական հանցախմբի որջի դիմաց ենք՝ եւս մեկ անգամ փաստելու, որ տեւական ժամանակ ժողովրդին տեղեկատվական ահաբեկչության ենթարկածները երեկ հերթական արձանագրումն արեցին, որ իրենց համար հայ մարդու կյանքը գրոշի արժեք չունի եւ որ իրենք ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն ցանկացածի հետ, ով դեմ է ՀՀ-ի թրքացմանը։ Երեկվա սպանդը, որի ակտիվ մասնակիցներն էին այս հանցախմբի անդամները, ցցուն օրինակ է, որ իրենք չեն կանգնելու, քանի իրենց ձեռքը չենք բռնել։ Իրենք մահաբեր են եւ հայատյաց։ Իրենք եկել են ոչ թե սիրո եւ հանդուրժողականության, այլ բաժանելու եւ մասնատելու օրակարգով եւ դրանով են իրենց աթոռը պահում»։

«Նիկոլ՝ մարդասպան» վանկարկումների ներքո ցուցարարները ՔՊ գրասենյակի առաջ կարմիր ներկ թափեցին ու խաղալիք-ինքնաձիգեր գցեցին ներկի մեջ։ Երթը շարժվեց դեպի ոստիկանության գլխավոր մասնաշենք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930