Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրտնաջան աշխատանքից հետո ստացանք ոչ կատարյալ օրենք՝ լի թերություններով»

Հունիս 20,2022 20:22

«Արված փոփոխությունները նման են ծակ տաբատը կարկատելուն։ Մտահոգիչ է, որ նախարարությունից չեն եկել քննարկման, ինչն ավանդույթ է դառնում։ Գերատեսչությունը մշակում է նախագիծ ու թաքնվում կաբինետներում»,-«Մեդիա կենտրոնում» այսօր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Խոսքի ազատության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը։ Օրենքի համահեղինակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մերժել են ասուլիսին մասնակցելու հրավերը։

«Եթե ուզում են օրենքով կարգավորել, այլ մոտեցումներ են պետք։ Սիրողական մակարդակ եմ տեսնում։ Օրինակ, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշելու է, թե որն է կարեւոր իրադարձությունը, իսկ ԶԼՄ-ները պետք է դա լուսաբանեն։ Հիմա մի ԶԼՄ կարող է համարել, որ դա այնքան էլ կարեւոր չէ։ Այլ բան է, որ պարտադրում ես օբյեկտիվություն եւ կարծիքների բախում։ Երեսուն առաջարկ էի ներկայացրել։ Բորիս Նավասարդյանը 110 առաջարկ էր ներկայացրել»,-տեղեկացրեց Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ եթե օրենքի նպատակը պետք է լիներ մեդիա ոլորտի բարելավումը․ «Կառաջարկեի հիմա այն հանել շրջանառությունից եւ սպասել, որ ինֆորմացիոն ոլորտի զարգացման եւ մեդիաօրենսդրության բարեփոխման հայեցակարգ մշակվի, որի հիման վրա  էլ ողջ օրենսդրությունը պետք է փոխվի»։

«Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ օրենքի հանդեպ համակարգային մոտեցում պետք է ցուցաբերվեր․ «Խնդրահարույց են այն փոփոխությունները, որոնք վերաբերում են էթիկական կարգավորումներին, խմբագրական քաղաքականությանը, որը վերապահվում է պետության լիազորած մարմին։ Չեմ բացառում, որ որոշ սահմանումներ դառնան հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի լիազորություններ, բայց եւ կան այնպիսիք, որոնք չեն կարող լինել հանձնաժողովի օբյեկտ։ Օրինակ՝ պետք է հեռարձակվեն պարտադիր ստուգված փաստեր։ Որեւէ կարգավորող մարմին չի կարող սրա համար ունենալ բավարար ռեսուրս։ Սա նշանակում է, որ հազար դեպքից մեկը կնկատվի, եւ պատահական կերպով որեւէ հեռարձակող պատասխանատվության կենթարկվի զուտ այն պատճառով, որ մնացածը վրիպել է ուշադրությունից»։

Նման խնդիրներն, ըստ Բորիս Նավասարդյանի, օրենքով չեն կարգավորվում, թեեւ միանշանակ ցանկալի է, որ բոլոր փաստերը ստուգված լինեն․ «Պետության լիազորած մարմինն իրեն չի կարող ընտրողական վերաբերմունք վերապահել ԶԼՄ-ների հանդեպ, որովհետեւ քաղաքական կողմնակալության հետ կապված կասկածներ ի հայտ կգան անմիջապես։ Նման դրույթները, երբ օրենքի առաջին ընթերցումը եղավ, հանվեցին այդ պատճառաբանությամբ, սակայն հիմա նորից վերադարձան։ Ուրեմն բարձր՝ պետական մակարդակով կա որոշում, որ դրանք պետք է լինեն։ Ի՞նչ փոխվեց, որ 2020թ․-ից հետո այս դրույթները վերադարձվեցին»։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը համաձայնեց, որ օրենքն ունի բացեր, եւ մեդիաոլորտն այնքան արագ է զարգանում, որ ամեն տարի ինչ-որ բան փոխելու պահանջ է ի հայտ գալիս․ «Քրտնաջան աշխատանքից հետո ստացանք ոչ կատարյալ օրենք՝ լի թերություններով։ Հունվարից դրվեց ժամկետ, որ ապրիլին պետք է օրենքի մշակումն ավարտվի։ Մենք առաջարկել էինք նախ հայեցակարգ մշակել, ամրագրել, թե ինչ խնդիրներ պետք  է լուծվեն, ինչ վտանգներ կան, ինչպես ներդաշնակել ողջ օրենսդրական դաշտը։ Մենք աշխատանքային խմբի անդամ ենք եղել։ Սակայն ասվեց, որ ժամկետի սահմանափակում է դրված։ Հանդիպումներն արդյունավետ չէին։ 200-ի չափ փոփոխություն ու խորհուրդ ենք տվել, եւ մեծ մասը չի քննարկվել։ Իմ կարծիքով՝ հանձնարարական էր տրվել նախարարությանը»։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այս խնդիրը նամակով հասցեագրել է նոր նախարարին, արտահայտել բացասական վերաբերմունք՝ նման շուտափույթ աշխատանքային ոճի հանդեպ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930