Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խայտառակությունը սահման ունի․ Գագիկ Ջհանգիրյանն անհապաղ պետք է հեռանա պաշտոնից»․ Արամ Վարդեւանյան

Հունիս 20,2022 19:55

«Այն հույսերը, որոնք քաղաքացիները կարող էին ունենալ, որ դատական համակարգը գործում է, որ արդար է, այսօր բոլոր այդ հույսերը ոչնչացվեցին։ Նուրբ իրավական հարց կա։ Երիտասարդ ժամանակ հասցրել եմ որպես դասախոս մտնել լսարաններ, իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ շփվել որպես դասախոս-ուսանող։ Գիտեմ, որ Գագիկ Ջհանգիրյանը երբեք չի եղել իմ դասախոսը, եւ փառք ու պատիվ, որ չի եղել, բայց կան ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ, որոնք նրան տեսել են որպես դասախոսի։ Հիմա ինքը պատկերացնո՞ւմ է՝ իր ուսանողները, շրջանավարտներն ի՞նչ պատկերացում են կազմելու իրավաբան-գիտնականի կերպարի մասին»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր ընդդիմության հավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել եւ հայտարարել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իրեն հորդորել է հրաժարական տալ, իսկ հրաժարականը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ բառամթերքը լսե՞լ եք, լսե՞լ եք ինչպես է արտահայտվում բարձրագույն դատական խորհրդի մասին։ Սա այնքան մեծ հարված է իրավաբանական հանրույթի համար։ Նա այս տեսակով մուտք է գործում լսարան։ Եվ նա իրավաբան գիտնական, ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարողն է։ Այդ ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021թ․ հունիսի 20-ի ընտրությունները զրո լեգիտիմություն ունեն։ Նա ընտրվեց ԱԺ-ի կողմից, եւ հետո սկսվեց նախընտրական շրջանը։ Նա այդ ձայնագրությունում ասում է, որ իր վզին դրել են, որ գործը պետք է անի։ Գործն էլ այն է, որ Քոչարյանն ու դաշնակցությունը չգան իշխանության»,-շեշտեց Արամ Վարդեւանյանը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի տարածած պարզաբանմանը, որ Գագիկ Ջհանգիրյանը հացի սեղանի շուրջ խոսացածը չի պարզաբանում, Արամ Վարդեւանյանը պնդեց, որ նա րոպե առաջ պետք է հեռանա պաշտոնից․ «Ի սկզբանե նա լեգիտիմ չի եղել այդ պաշտոնում։ Նման մարդը չի կարող պաշտոնավարել։ Իր հանդեպ քրեական հետապնդում պետք է հարուցվի։ Ո՞ր համակարգը հարուցի, այն, որին ինքը բառացի ասում է, որ 2-րդ, 3-րդ գործերին «գառանտ» է կանգնո՞ւմ։ Իմ մոտ գարշանքի զգացում առաջացավ այդ ձայնագրությունը լսելիս։ Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը կոնկրետ գործ ուներ անելու։ ՀՀ-ում ԵՄ դեսպանը հասկանո՞ւմ է, թե ում հետ է նստում եւ դատական համակարգի բարեփոխումներ քննարկում։ Սա է իրենց դատական բարեփոխումների երեսը։ Խայտառակությունը սահման ունի․ Գագիկ Ջհանգիրյանն այլեւս չի կարող պաշտոնավարել»։

Անդրադառնալով ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի պնդմանը, որ քրեաիրավական տարր չկա հրապարակված ձայնագրությունում, Արամ Վարդեւանյանը հարցադրում արեց․ «Իրեն հարցրեք՝ նա քրեաիրավակա՞ն ոլորտի մասնագետ է, թե քաղաքացիաիրավական։ Նա քաղաքացիաիրավական ոլորտի նախկին փաստաբան է, բայց քրեաիրավական ոլորտի մեկնաբանություններից թող զերծ մնա, ինքը դրա մասնագետը չի։ Ես քրեաիրավական ոլորտի մասնագետ եմ։ Պարոն Ջհանգիրյանը լիազորությունների չարաշահման, անցման հստակ ինքնախոստովանական է արել, ասել, որ կարող է գործերին «տոռմուզ» տալ։ ԲԴԽ-ի որեւէ կարգապահական վարույթով Գագիկ Ջհանգիրյանն այլեւս չի կարող որպես դատավոր հանդես գալ։ Նա պաշտոնից անհապաղ հեռացման սուբյեկտ է, քրեաիրավական հետապնդումն էլ պետք է իրականացվի իր ինքնախոստովանականի հիման վրա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930