ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ այդ կառույցի նախագահի ներկայիս պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջեւ կայացած սկանդալային զրույցի բովանդակությանը՝ ասաց. «Դատական համակարգը, որպեսզի կոչվի դատական համակարգ, նախ պետք է անկախ լինի: Մեր սահմանադրությունը դատական է համարում իշխանության այն թեւը, որը գործում է ինքնուրույն, իշխանության մյուս թեւերից անջատ: Հիմա, եթե Ջհանգիրյանի խոստովանությունը վկայում է, որ դատական համակարգը գտնվում է քաղաքական ներխուժման թիրախում, ընդ որում, վկայակոչելով եւ ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն, որը ազդեցություն ունի բոլոր մակարդակների դատարանների վրա, դա նշանակում է՝ եթե այդ մարմիններն այնտեղ այդ ձեւով են որոշումներ կայացնում, ուրեմն դատական համակարգ գոյություն չունի: Ես խնդրում եմ, որպեսզի մենք հիշենք նաեւ մյուս գաղտնալսումը՝ Վանեցյան-Փաշինյան խոսակցության: Ազգանունը կապ չունի: Ես չեմ կարծում, որ եթե Վանեցյանը այդպես վարվել է, Աբազյանը այդպես չի վարվում, Արգիշտի Քյարամյանը կամ մյուսը այդպես չի արել:
Վարչապետին զեկուցում, ասում են՝ խոսել եմ, ասել՝ կալանք կիրառես: Այսինքն, եթե զեկուցում է վարչապետին, նշանակում է՝ ինքնագլուխ չի ինչ-որ բան արել: Խոսակցությունը հուշում է, որ հանձնարարական է տրվել, ասվել է ՝ դատարանների վրա ԱԱԾ-ով ճնշում կգործադրեք, որպեսզի նրանք կալանք կիրառեն: Այսինքն, այս խոսակցությունը, նախորդ խոսակցությունը, դրանց համադրումը, իրականությունը, ինչ մենք հրապարակային դաշտում ենք տեսնում, վկայում են, որ ընդհանրապես դատական համակարգ գոյություն չունի: Գոյություն ունի մի փակ ակումբ, որը Ամերիկայի դեսպանի, Եվրամիության դեսպանի, մյուսների հետ միասին եւ հայտնի ՀԿ-ներով հավաքվում են «Մարիոթ» հյուրանոցի մի փակ սենյակում: Նա էլ գալիս, մեջտեղը կանգնում ու գլուխ է գովում, թե մենք ժողովրդավար երկիր ենք, արդարադատություն ունենք:
Մեր պետությունը կործանված է: Եվ այս ամեն ինչը մեկիկ-մեկիկ դրա ապացույցն ու վկայությունն են: Ինչ է, դատախազությո՞ւնն է անկախ գործում: Ես վստահ ասում եմ՝ Արթուր Դավթյանին ձերբակալելու են: Երբ որ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվի, եթե նա այս երկու ամսվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունը չկատարեց՝ Նիկոլ Փաշինյանին չձերբակալեց, ինքը ոչ մեկից լավը չլինի: Ինքը նախադեպ է ստեղծել, որ գործող դատախազների ձեռքով նախորդ գլխավոր դատախազներին ձերբակալի: Գեւորգ Կոստանյանը հիմա ո՞ւր է: Հետախուզման մեջ: Աղվան Հովսեփյա՞նն ուր է: Կալանքի տակ: Ո՞վ է այդ որոշումները կայացրել: Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ասում են, Նիկոլ Փաշինյանի օգնականն է դառնալու հաջորդ գլխավոր դատախազը: Օգնականը, որը երբեւէ դատախազության համակարգում չի աշխատել, երբեւէ դատախազ չի եղել, դատախազական կոչումներ չունի: Նա մինչեւ հիմա մի բանով է նշանավորվել: Ապօրինաբար միջամտել է քննիչի գործողություններին, գրավոր ցուցումներ է տվել քննիչին: Ու մեկ էլ ստացվում է, որ քննիչի կողմից բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները փոխանցվել են նաեւ Աննա Վարդապետյանին: Այսինքն, Հայաստանը մի երկիր է, որտեղ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները իրավապահ մարմինները ձեռք են բերում եւ փոխանցում են վարչապետի օգնականին, որի պաշտոնը համարվում է վարչական, հայեցողական պաշտոն: Եվ ըստ լուրերի, այդ մարդը դառնալու է հանրապետության գլխավոր դատախազ: Ի՞նչ է հարկավոր ներկայիս գլխավոր դատախազին, որպեսզի հասկանա, որ ձերբակալությունների նույն ճակատագիրը գալու, հասնելու է իրեն, եթե հիմա ինքն իր պարտականությունները չկատարի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ի՞նչ է հարկավոր ներկայիս գլխավոր դատախազին, որպեսզի հասկանա, որ ձերբակալությունների նույն ճակատագիրը գալու, հասնելու է իրեն, եթե հիմա ինքն իր պարտականությունները չկատարի»
Տարօրինակ է, միթե Է.Ղազարյանը չի նկատել, որ Հայաստանում պարտականությունները չկատարելն է անպատիժ մնում:
Եթե 2020-ի նոյեմբերի 10-ին հայ գեներալիտետը կատարեր իր պարտականությունը, այսօր պարտականություններ կատարող պետական մեքենա կունենայինք: Իսկ ի՞նչ ունենք այսօր փոխարենը` էշերով քաշվող սայլ: