«Կենտրոնական բանկը, որքան էլ ընդունել է ջայլամի քաղաքականություն եւ ասում է՝ մեր գործը չէ եւ աշխարհն է այդպես թելադրում, բայց այդպես չէ, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկվեն: Եթե այդպես շարունակվի, բավականին շատ ՏՏ ոլորտի ընկերություններ, որոնք փոքր են եւ նոր են ձեւավորվում, այս ամենին չեն դիմանա, կփակվեն»,-այսպիսի կարծիք հայտնեց AIST Global ընկերության հիմնադիր-տնօրեն Հրայր Շահբազյանը՝ անդրադառնալով արտարժույթի փոխարժեքի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, ինչի հետեւանքով ՏՏ ոլորտում լուրջ խնդիրներ են ստեղծվել:
Այսօր ՏՏ ոլորտի մասնագետները «Մանթաշյան գործարարների միությունում» ասուլիս էին հրավիրել:
ՏՏ ոլորտի DataArt ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանի խոսքով, վերջին մի քանի ամիսներին դոլարը շուրջ 20 տոկոսով արժեզրկվել է, ինչը լրջորեն անդրադառնում է ՏՏ ոլորտի վրա: Ընկերությունները զրկվում են զարգացման, ներդրումների ու աշխատավարձերի քաղաքականությունը ճիշտ վարելու հնարավորությունից, ինչն էլ իր հերթին լուրջ վնասներ կհասցնի երկրի տնտեսությանը: Արսեն Բաղդասարյանի ներկայացմամբ, ՏՏ ոլորտի կազմակերպությունների 90 տոկոսից ավելին աշխատում են արտերկրի ընկերությունների հետ ու թե՛ շրջանառությունը թե՛ դրսի ընկերությունների հետ կնքած պայմանագրերը՝ ծառայություններ մատուցելու վերաբերյալ, տարադրամով են, մասնավորապես՝ դոլարով:
«Պայմանագրերի ժամկետները լինում են 1 տարի եւ ավել, եւ դժվար է վերանայել այդ պայմանագրերը՝ բացատրելով, որ մեր ազգային արժույթն արժեզրկվում է»-, ասում է նա՝ նշելով, որ մեր երկրում վճարումները ՀՀ դրամով են եւ չեն կարող հարկ ու տուրքը, աշխատավարձերը վճարել դոլարով:
Կարդացեք նաև
«Դոլարը 480 դրամից դարձել է 420 դրամ, ինչը նշանակում է, որ 20 տոկոս կորուստներ են լինում, ինչի հետեւանքով ՏՏ ոլորտի համար լուրջ խնդիրներ են առաջացել: ՏՏ ոլորտում աշխատավարձերի քաղաքականությունը թեժ է եւ մասնագետներին պահելու համար պետք է պարտավորությունները պատշաճ կատարել: Աշխատավարձը պետք է կարողանալ պահել այն մակարդակին, ինչը շուկան թելադրում է, եւ նրանց կարող է չհետաքրքրի՝ դոլարը թանկացե՞լ է, էժանացե՞լ է»,-ասում է Արսեն Բաղդասարյանը:
Հրայր Շահբազյանի խոսքով, ի տարբերություն դոլարով վարձատրվող ընկերությունների, իրենց ընկերությունը վարձատրվում է եվրոյով, ինչը նշանակում է, որ դրամի արժեւորումից ավելի շատ վնասներ են կրում. «Եթե դոլարը 480-ից իջավ 420 դրամ, եվրոն 530 դրամից իջավ 430, որի պարագայում 20 տոկոսից էլ ավել է շեղումը: Բոլորը մտածում են, որ ՏՏ-ն երազանքների ոլորտ է, ծաղկում է, բայց ոչ ոք չի պատկերացնում, որ ՏՏ ոլորտը աշխատում է 20-30 տոկոս մարժայով եւ դրամի արժեւորման հետեւանքով մարժան արդեն գրեթե չկա»:
Ասում է՝ այս տարիների ընթացքում աշխատավարձերի վճարումներով մոտեցել են եվրոպական երկրներին, բայց, եթե այսպես շարունակվի, դուրս կմնան մրցակցությունից եւ փոխարժեքի այս պայմաններում այդ երկրների մասնագետների գները շատ ավելի շահավետ կդառնան դրսի ընկերությունների համար:
Արսեն Բաղդասարյանի խոսքով, այսօր ՀՀ-ում կան 1000-ից ավելի ՏՏ ոլորտի կազմակերպություններ, որից ընդամենը 100-ն է, որ մեծ կազմակերպություններ են եւ ինչ-որ չափով կարող են դիմագրավել մարտահրավերներին, իսկ փոքր կազմակերպությունները, որոնք չեն կարող դիմագրավել, կփակվեն:
Նրա խոսքով, ՏՏ ոլորտում էլ լուրջ ներդրումներ են արվում՝ տեխնիկայի տեսքով, մասնագիտական գիտելիքների բարձրացման նպատակով կազմակերպվող համաժողովների, դասընթացների տեսքով, որոնք մեծ ծախսեր են նախատեսում:
ՏՏ ոլորտի մասնագետները գտնում են, որ պետությունը պետք է միջամտի եւ ձեռքները ծալած չնստի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ