Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես ամենախոցելիների կողքին է»

Հունիս 20,2022 17:40

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է:

Հարցազրույց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն տիկին Աննա Եղիազարյանի հետ:

-Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է. այս տարի Փախստականների համաշխարհային օրը նշվում է «Ով էլ լինի, որտեղ էլ լինի, երբ էլ լինի՝ անվտանգության իրավունք ունի» կարգախոսի ներքո: Կներկայացնե՞ք, թե ինչ է անում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ փախստականների աջակցության ոլորտում:

-Ճգնաժամային իրավիճակների հետևանքով առաջացած բնակչության  տեղաշարժի պատճառով հաճախ մարդկանց իրավունքները լիարժեք չեն պաշտպանվում, հատուկ կարիքներ ունեցող խմբերի խոցելիությունն ավելի է աճում, առաջանում են սոցիալական և հոգեբանական ծանր իրավիճակներ, առկա է բռնության և մարգինալացման վտանգ: Բնակչության տեղաշարժը Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական ուղղություններից է, և, հանդիսանալով Կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, իր մանդատի շրջանակներում ՀԿԽԸ-ն իրականացնում է լայնածավալ ծրագրեր ուղղված ապաստան հայցողների, փախստականների, փախստականի նման կարգավիճակ ունեցող և տեղահանված անձանց պաշտպանությանը և ինտեգրմանը:

-Որոնք են եղել շրջադարձային իրավիճակները՝ ուղղության զարգացման համար:

-Հայաստանում՝ պատմական իրադարձությունների բերումով, պարբերաբար փախստականների և ներքին տեղահանվածների մեծ հոսքեր են եղել. նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են եղել, ինչպես նաև այլազգիներ, որոնք լքել են իրենց երկրները  պատերազմների, քաղաքական հետապնդումների կամ ճգնաժամային այլ իրավիճակների պատճառով՝ ապաստան գտնելով Հայաստանում:

-Սկսած Ղարաբաղյան հակամարտության առաջին սրացումից՝ 90 – ականներին, այնուհետև Իրաք, Սիրիա, 2020 թվականի Ղարաբաղյան հակամարտության սրացում, Ուկրաինա՝ այս բոլոր ճգնաժամերի հետևանքով մենք ունեցել ենք ներհոսքեր: Զուգահեռաբար ժամանել են նաև այլ երկրներից, օրինակ՝ աֆրիկյան երկրներից, Իրանից, Եմենից, Բանգլադեշից և այլն:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սերտորեն համագործակցում է պետական մարմինների հետ՝ ՀՀ միգրացիոն ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և ոլորտին առնչվող այլ շահագրգիռ կառույցների հետ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես իր մասնագիտական փորձն է ներդնում տարբեր ինստիտուցիոնալ և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացներում:

Սահմանների հատումից սկսած մինչև նրանց լիարժեք ինտեգրում՝ ՀԿԽԸ-ն ներառված է պաշտպանության բոլոր գործառույթներում: Շատ կարևոր է, որ հատկապես առավել խոցելի մարդկանց, օրինակ միայնակ կանանց, երեխաների, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանված լինեն և նրանք ստանան համապատասխան անհրաժեշտ արձագանք՝ հիմնված իրենց հստակ կարիքների վրա:

Ոլորտում Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնական գործընկերն է հանդիսանում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Արձագանքման գործընթացում ՀԿԽԸ գործընկերներն են նաև մի շարք միջազգային և տեղական կազմակերպություններ, այդ թվում նաև Կարմիր խաչի միջազգային շարժման գործընկերները:

-Ի՞նչպես են անդրադարձել միգրացիայի ոլորտին առնչվող մարտահրավերները Հայկական Կարմիր խաչի ընկերության պլանների և գործունեության վրա:

-Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մի քանի տասնամյակ  գործունեություն է ծավալում՝ Հայաստանում  փախստականների և այլ տեղահանված անձանց  պաշտպանության և նրանց ինտեգրման կարիքների համապարփակ արձագանքման ուղղությամբ,  ինչը ակնառու արտահայտվում է  նաև ՀԿԽԸ 2022-2026թթ․ ռազմավարության մեջ։

Բնակչության տեղաշարժի ուղղությամբ ՀԿԽԸ ռազմավարական կարևորագույն  ուղղություններից են փախստականների  կենսապայմանների, ինտեգրման բարելավումը, շահերի համալիր պաշտպանությունը և ուղղորդման համակարգերի բարելավումը, հանդուրժողականության բարձրացումը, հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը։ Վերոնշյալ ռազմավարական ուղղություններով ՀԿԽԸ տասնյակ տարիների փորձը թույլ է տալիս վստահաբար ասել, որ ՀԿԽԸ-ն մշտապես փախստականների կողքին է, ինչպես այս տարվա փախստականների պաշտպանության կարգախոսն է ասում՝ անկախ նրանց ով լինելուց, որ երկրից կամ որ ժամանակահատվածում տեղահանված լինելու փաստից։

Փախստականների պաշտպանության ուղղությամբ ՀԿԽԸ լայնածավալ և բազմաբնույթ գործունեության մեջ կարելի է առանձնացնել երկարաժամկետ ինտեգրման ծրագրերը և արագ արձագանքման ՀԿԽԸ առանձնահատուկ կարողությունները և հնարավորությունները, ինչպես նաև՝ այլ համագործակից կառույցների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։

Արագ արձագանքման ծրագրերը մշակվել են Հայաստան՝ փախստականների մեծ ներհոսքերին զուգահեռ: ՀԿԽԸ-ն իր հումանիտար մանդատի շրջանակներում միշտ ձգտել է ապահովել տեղահանվածների առաջնային հումանիտար կարիքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաներին, կանանց, տարեցներին, հետագայում նպաստելով նրանց ինտեգրման ապահովմանը։ Անկախ փախստականների էթնիկ պատկանելիությունից, ռասայից, տարիքից կամ սեռից՝ յուրաքանչյուր անձի և ընտանիքի ցուցաբերվել է անհատական մոտեցում և արձագանք՝ վերհանված կարիքներին։

ՀԿԽԸ պրոֆեսիոնալ անձնակազմը ներառված է նաև  ընդունելության պայմանների բարելավման, սոցիալ-հոգեբանական աջակցության, ՀՀ տարածք մուտքի պայմանների բարելավման և չվերադարձելիության սկզբունքի պահպանմանն ուղղված գործունեության տեսակներում, ինքնաբավության բարելավման, համայնքների հզորացման, գենդերային հիմքով  բռնությունների կանխարգելման և երեխաների պաշտպանության դեպքերի վարման գործառույթներում:

2012 թվականից սկսած, որպես արձագանք Սիրիայի ճգնաժամի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի տնտեսական ինտեգրման հիմնախնդիրներին, մեծ թափ առավ տնտեսական ինտեգրման բաղադրիչը:

Ընտանիքների ինքնաբավությունն ապահովելու նպատակով ՀԿԽԸ-ն սկսեց իրականացնել  գրանտային գործիքների տրամադրում, տարբեր կրթական ծրագրեր, ուղղորդումներ, բիզնես թրեյնինգներ, հետագա քոուչինգ՝ նպաստելով ընտանիքների տնտեսական անկախությանը և ինտեգրմանը։  Ընդհանուր առմամբ՝ տնտեսական ինտեգրման ծրագրերում մինչ այսօր ներառվել են  2000-ից ավելի ընտանիքներ։

2020թ.-ից հետո հսկայածավալ օգնություն է տրամադրվել Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին:  Մեր գործընկերների աջակցության շնորհիվ՝ ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բազմաբնույթ օգնություն ենք տրամադրել և տեղահանվածներին, և նրանց հյուրընկալած անձանց՝ կանխիկ աջակցություն, սնունդ, հագուստ, հիգիենիկ և գրենական պարագաներ, անկողնային, խոհանոցային և առաջին անհրաժեշտության պարագաներ, հոգեբանական աջակցություն, ինտեգրմանն ուղղված ծրագրեր:

Այս տարի էլ արդեն Ուկրաինայից փախստականներ կան մեր ծրագրերում, որոնցից 200 անձ պաշտոնապես ապաստան է հայցել Հայաստանում:  Նրանք, ովքեր վերադարձել են և վերաինտեգրման կարիք ունենք, մեզ մոտ ստանում են խորհրդատվություն,  փորձում ենք ներառել նրանց օգնության հետագա ծրագրերում:

Ցավոք գլոբալ  ճգնաժամերն աշխարհում գնալով խորանում են՝ զինված հակամարտություններ, կլիմայի փոփոխություն, համաճարակներ, և բնակչության տեղաշարժերը II համաշխարհային պատերազմից հետո ամենամասշտաբայինն են: Եվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հավատարիմ մնալով իր մարդասիրական առաքելությանը, շարունակելու է այս ուղղությամբ խոցելի խմբերի խիստ կարիքների վրա հիմնված իր գործունեությունը՝ ներգրավելով նոր ռեսուրսներ և գործընկերներ:

2021թ ընթացքում  ՀԿԽԸ-ի գործունեության ամփոփումը Բնակչության տեղաշարժի ուղղությամբ.

 

  • Ապաստան հայցողների և փախստականների համար իրականացվել է 10 տեղեկատվական հանդիպում տեղահանված անձանց իրավունքների, փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերի, սոցիալական ծառայությունների հասանելիության, աշխատանքի տեղավորման, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և թրաֆիկինգի կանխարգելման և այլ թեմաներով։ Ընդհանուր առմամբ 140 ապաստան հայցող և փախստական մասնակցել է նշված հանդիպումներին։
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և անձնագրերի և վիզաների վարչության ներկայացուցիչների  համար կազմակերպվել է 6 դասընթաց՝ 87  աշխատակցի մասնակցությամբ։  63 այց է իրականացվել սահմանային անցման ցամաքային կետեր և օդանավակայաններ։ Շաբաթական մոնիթորինգ է իրականացվել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում, որտեղ կատարվել են վերանորոգումներ և տրամադրվել է անհրաժեշտ գույք։
  • ՀԿԽԸ-ն 12 լեզուների տիրապետող 16 թարգմանիչների միջոցով  ապահովել է 1372 ժամ և 515 էջ գրավոր թարգմանություն ապաստան հայցողների և փախստականների համար։
  • Հոգեբանական 306 անհատական  խորհրդատվություն է իրականացվել  փախստականների և ապաստան հայցողների համար։
  • Իրականացվել է փախստական երեխաների պաշտպանության և գենդերով պայմանավորված բռնությունների կանխարգելման աշխատանքային խմբերի 6 հանդիպում,   երեխաների պաշտպանության հատուկ 38 դեպքի վարում։ 80 երեխա ստացել է կրթության հասանելիությունն ապահովող նյութական աջակցություն։
  • Կազմակերպվել է փախստական կանանց փոխաջակցման խմբի 10 հանդիպում:
  • ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության 49 ստորաբաժանումների 250 ներկայացուցիչներ՝ սոցիալական աշխատողներ, ընդունարանի աշխատակիցներ և տարածքային կենտրոնների ղեկավարներ վերապատրաստվել են և իրազեկվել փախստականների իրավունքների վերաբերյալ 11 դասընթացների ընթացքում։
  • Տնտեսական ինտեգրման աջակցություն է ստացել 176 ընտանիք՝ անասնապահության, կարի, մեքենաների վերանորոգման, խոհարարության, վարսահարդարման և այլ բազմաթիվ բնագավառներում գործունեություն ծավալելու և եկամուտ ստանալու նպատակով։
  • 80 ապաստան հայցող և փախստական մասնակցել է հայոց լեզվի դասընթացներին, իսկ 440-ը՝ 22 մշակութային միջոցառումների։
  • 2899 ընտանիքի հետ իրականացվել է պաշտպանության մոնիթորինգ, իսկ 507 ընտանիք ներառվել է դեպքի վարման գործընթացում։
  • 96 այցելություն է իրականացվել Կիլիկիա ավտոկայան՝ ԼՂ-ից տեղահանված անձանց վերադարձի մոնիթորինգի նպատակով։
  • 460 խոցելի ընտանիքների երեխաների տրամադրվել են պլանշետներ՝ կրթության հասանելիության ապահովման նպատակով։
  • 1500 երեխա ստացել է դպրոցական պայուսակ՝ գրենական պարագաներով և սմարթ ժամացույցներ՝ դիմակայունության բարձրացման նպատակով։
  • Փախստական երեխաների իրավունքների վերաբերյալ 30 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել երեխաների համար։
  • 818 երեխայի հետ ՀԿԽԸ հոգեբաններն անցկացրել են անհատական զրույցներ՝ խնդիրների բացահայտման նպատակով։
  • 4755 երեխա մասնակցել է Երեխաների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրային բազմաբնույթ միջոցառումների։
  • Ծնողների հետ իրականացվող հանդիպումներին մասնակցել են 450 անձ։ Համայնքային, բակային ճամբարներ են կազմակերպվել 350 երեխայի համար։
  • Ավելի քան 68 հոգի աշխատանքի է տեղավորվել մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո։
  • Շուրջ 300 սիրիահայ խոցելի ընտանիք օգտվել է բնակարանային վարձի տրամադրման ծրագրից:

Ղարաբաղյան հակամարտության սրացման արձագանքի ամփոփում 

Սնունդ եւ ոչ պարենային ապրանքներ

Շուրջ 300 000 փաթեթ եւ միավոր/իր

սնունդ, հիգիենիկ պարագաներ, հագուստ, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ/պարագաներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր:

Կանխիկ աջակցություն

Միանալով ՀՀ Կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց և հյուրընկալող ընտանիքներին 2020-2022թթ. ընդհանուր առմամբ տրամադրել է 2 միլիարդ 828 միլիոն 880 հազար 696 ՀՀ դրամ, այդ թվում.

  • Հիմնական կարիքների մատչելիության ապահովում. կոմունալ վճարներ ապաստանների համար, որտեղ տեղավորվել են Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված մարդիկ (545 ապաստան, ավելի քան 16,000 մարդ, ընդհանուր՝ 174 միլիոն 490 հազար 108 դրամ)
  • Աջակցություն հյուրընկալող ընտանիքներին ( 6184 ընտանիք՝ 17 538 մարդու համար, յուրաքանչյուր չափահասի համար՝ 30 000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 538 միլիոն 990 հազար 588 ՀՀ դրամ)
  • Աջակցություն տեղահանված անձանց (14 000 մարդ, յուրաքանչյուր անձին 68 000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ)։
  • Աջակցություն Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներին (29 համայնքների 1685 ընտանիքի միանվագ կանխիկ աջակցություն՝ մինչև ձմեռնամուտ անասնակեր և վառելափայտ ձեռքբերելու համար, ընդհանուր՝ 471 միլիոն 800 հազար ՀՀ դրամ):
  • Աջակցություն տեղահանվածներին՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման համար (15 000 դրամ միանվագ աջակցություն 15 000 մարդու, այդ թվում նաև 1500 տեղաբնակ խոցելի անձի, ընդհանուր՝ 225 մլն ՀՀ դրամ):
  • Աջակցություն տեղահանված 0 -18 տ., 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և անշարժ գույք կորցրած անձանց հունվար – փետրվար ամիսների համար (6129 մարդ, 20 և 40 հազարական դրամ, ընդհանուր 466 միլիոն 600 հազար ՀՀ դրամ):

Հոգեբանական աջակցություն

ՀԿԽԸ Թեժ գծեր

ավելի քան 22,000 զանգ

Հոգեբանական եւ առաջին հոգեբանական աջակցության

Ավելի քան 20,200 անձի

վիրավոր զինծառայողներ և նրանց հարազատներին, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացում ներգրավված քաղաքացիներ, պետական հաստատություններում և մասնավոր տներում ապաստանած անձինք, անհայտ կորածների և գերիների հարազատներ:

Աջակցություն երեխաներին 

Հատուկ մոդելով կազմակերպված հոգեբանական եւ կրթական աջակցություն 1900 երեխայի

Հոգեբանական աջակցություն

Անհատական աշխատանք 350 երեխայի հետ

Երեխաների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ

Խմբային միջոցառումներ՝  70 միջոցառում

Ընտանեկան միջոցառումներ՝ 15 միջոցառում

Համայնքային/ բակային միջոցառումներ՝ 12 բակային ճամբար

Դիմակայունության փաթեթների տրամադրում 6 մարզերի դպրոցահասակ 1500 երեխաների

Պլանշետների տրամադրում 6 մարզերի խոցելի 60 երեխաների

Պաշտպանության մոնիթորինգ և դեպքի վարում

ՀԿԽԸ սոցիալական աշխատողների միջոցով 1400 ընտանիքի կարիքների գնահատում ԿՈԲՈ գործիքի օգնությամբ։

Առավել խոցելի և հատուկ կարիք ունեցող ընտանիքների դեպքի վարում։

Պետական կացարանների աջակցություն

Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց ապաստան տված 6 պետական կացարանի 20 մլն դրամ ընդհանուր արժեքով գույքի տրամադրում (կահույք, կենցաղային տեխնիկա)։

Համայնքահեն կազմակերպությունների աջակցություն

Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված բնակչությանն աջակցող կառույցներին օժանդակություն՝ ներառյալ ՀԿԽԸ մարզային և տարածքային գրասենյակները՝ 20 մլն դրամ ընդհանուր արժեքով։

ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոն

մոտ 370 բուժված վիրավոր զինծառայող 

Որոնում ծառայություն

Արձագանք ավելի քան 3860 զանգի

Քովիդ-19-ի տարածումը նվազեցնելու կանխարգելիչ միջոցներ

Շուրջ 600 000 դիմակ/ 150 000 ալկոգել

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930