Շիրակի մարզի կարտոֆիլագործությամբ զբաղվող ամենամեծ համայնքի՝ Ազատանի ֆերմերներից մեկը՝ Գևորգ Աբրահամյանը, կարտոֆիլի գնի նվազումը բացատրում է այն հանգամանքով, որ կարտոֆիլագործները չեն կարող արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն՝ Լարսում մեծ կուտակումներ ստեղծվելու պատճառով։
Նշենք, որ Գյումրու շուկաներում մեկ կիլոգրամ կարտոֆիլը մի քանի օր է՝ վաճառվում է 250-300 դրամով։ Դեռ 10 օր առաջ այն վաճառվում էր 450-500 դրամ, այնուհետ գինը նվազեց, հասավ 350 դրամի։ Այժմ 50-100 դրամով ևս նվազել է։
«Արարատյան դաշտավայրում սկսվել է առաջին բերքահավաքը, ջերմոցային տնտեսություններում ավարտել են, բերքահավաք սկսել են դաշտերից, արտահանում էլ չկա։
Չեն կարող արտահանել, ճանապարհը բաց չէ, գնում՝ ճանապարհին են մնում են հայկական բեռնատարները։ Եթե փորձեն արտահանել ու ճանապարհին մնան, բնական է, կտուժեն․ ապրանքը կփչանա։
Կարդացեք նաև
Եթե տեղի արտադրողը կարողանար օրական գոնե 50-100 տոննա արտահանել, պարզ է, որ գինը տեղի շուկայում չէր էժանանա։ Ասեմ նաև, որ այս սեզոնի կարտոֆիլը՝ կապված շոգ եղանակի հետ, շուտ է փչանում, այսինքն՝այս ապրանքն արագ իրացման կարիք ունի, գնի նվազումը կապված է նաև դրա հետ։
Եվ հետո սա այն շրջանն է, երբ չի կարող թանկանալ, որովհետև Արարատյան դաշտավայրին հաջորդելու է բերքահավաքը Լոռու մարզում, Ստեփանավանի տարածաշրջանում, այնուհետ Շիրակի մարզում։ Շուկայում կլինի բավականաչափ քանակությամբ ապրանք, միգուցե գինն ավելի նվազի»,-ասաց Գևորգ Աբրահամյանը։
Ֆերմերի հաշվարկներով, կարտոֆիլն արտադրելը թանկ հաճույք է դարձել․ մեկ հեկտարը արտադրողի վրա արդեն նստում է մոտ 3 միլիոն դրամ, մինչդեռ նախորդ տարիներին եղել է 1 միլիոն 600-ից մինչև 2 միլիոն դրամ։
Նրա ներկայացմամբ, թեև կառավարությունը սուբսիդավորեց պարարտանյութի ձեռքբերումն, այդուհանդերձ իրենք պարարտանյութը գնել են 12-13 հազար դրամով․ մինչդեռ նախորդ տարի ձեռք էին բերել 7 հազար դրամով։ Կրկնակի թանկացել է նաև դիզվառելիքը՝ անցած տարի 1 լիտրը ձեռք էին բերում 300 դրամով, հիմա 650-700 դրամով։
Ըստ նրա, փետրվարին Եվրոպայից ձեռք բերված տնկանյութը ևս թանկ է նստել արտադրողի վրա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ