Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ջհանգիրյանի հետ զրույցի ձայնագրության մեջ հնչում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի անունը

Հունիս 20,2022 16:39

«Երեւի կհարցնեք, թե ես ինչո՞վ եմ խանգարում, ինչո՞ւ է պետք, որ ես չաշխատեմ ԲԴԽ-ում, ինչո՞ւ է փուշը կոկորդում։ Շատ երկար եմ մտածել։ Միակ խնդիրը հետեւյալն է։ Ես կտրականապես դեմ եմ, որ դատարանները կատարեն քաղաքական պատվերներ։ Միշտ բուֆերի դեր եմ կատարել։ Լինի ընդդիմություն, թե իշխանություն։ Միակ դրական ելքը դատական համակարգի համար ապաքաղաքական լինելն է։ Ամեն ինչ արել եմ, որ դատարանը ապաքաղաքական լինի։ Այդ պատճառով ես «ձեռ չեմ տալիս» իշխանությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Հիշեցնենք՝ նա այսօր աղմկահարույց ձայնագրություն հրապարակեց ԲԴԽ նախագահի գործող պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման զրույցից՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է հրաժարական տալ, պահանջը փոխանցվել է Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ժամանակ, եւ իրեն սպառնացել են՝ «ընտանիք ունես, երեխաներ»։

Ռուբեն Վարդազարյան

Հարցին՝ ինչո՞ւ է ձայնագրության մեջ հնչում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի անունը, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Երեւի ոչ մեկը ՀՀ-ում այսքան հանրային ընկերություն չի արել, որքան ես ու Վանեցյանը։ Քանիցս ասել ենք՝ այո, մենք ընկերներ ենք։ Ես փորձում եմ ապաքաղաքականացնել դատարանը, դրա համար ասում են՝ պետք է գնաս, դրա համար ասում են՝ Վանեցյանի ընկերն է, Ղազինյանի ընկերն է, հարցազրույց տվեց, միջամտեց․․․»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով․ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Սա եղել է նախորդ տարվա ապրիլին։ «Այն ժամանակ Անդրանիկ Սիմոնյանը դատավոր է եղել։ Իմ հեռախոսային խոսակցությունն է ձայնագրել եւ դա, գուցե կոպիտ է հնչում, բայց տրամադրելով իշխանությանը՝ արդյունքում դարձել է ԱԱԾ պետի տեղակալ»,-նշեց Ռուբեն Վարդազարյանը։

Արամ Օրբելյան

Ուշագրավ է, որ Ռուբեն Վարդազարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը նկատեց՝ երբ ԱԺ-ում մեկ տարի առաջ Վարդազարյանը ներկայացնում էր վճռաբեկ դատարանի թեկնածուներին, ՔՊ-ից մի քանի պատգամավորներ նրան հարցեր տալիս մեջբերել են քրեական գործը, որը դեռ հարուցված չի եղել, մասնավորապես, ասել են՝ եթե պարզվի, որ դուք միջամտել եք արդարադատությանը, հրաժարական կտա՞ք․ «Անընդհատ հարցնում էին՝ որ սա լինի, նա լինի, հրաժարական կտա՞ք։ Այսինքն, սցենարն ունեցել է «ռեժիսոր»։

Ռուբեն Վարդազարյանը նաեւ նշեց՝ հրապարակված ձայնագրությունից ակնհայտ է, որ Գագիկ Ջհանգիրյանը կառավարում է դատախազության, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշակի գործողություններ։

Բարձրագույն դատական խորհուրդն այս ձայնագրության հետ կապված այսօր հետեւյալ հայտարարությունն է տարածել․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»։ Գլխավոր դատախազությունը եւս մեկնաբանել է այն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ձայնագրությունը մտիկ ընելով՝ Ռուբեն Վարդազարյանը չէ պնդողը՝ որ «Նիկոլ Փաշինյանը պահանջել է հրաժարական տալ», այլ նոյնինքն Ջհանգիրյանը։

    Բոլորս գիտենք Հայաստան ով է «ատ մարդը», հա հա։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930