Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հիմա խաղաղություն է, բայց քեզ կորցրել եմ». ԿԳՄՍՆ-ն արձագանքել է նամակին՝ ոչ միայն գնելով հադրութցի Վիկայի հեքիաթների գրքերը, այլև նրան համակարգիչ նվիրելով

Հունիս 20,2022 16:28

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանն այսօր հյուրընկալել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երևան տեղափոխված 11-ամյա Վիկա Ավետիսյանին և նրա մորը՝ Ալյոնա Ավետիսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «UNICOMP» ՓԲԸի զարգացման ծրագրերի ղեկավար Սուսաննա Բալդրյանը:

Երևանի Նոր-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում սովորող Վիկա Ավետիսյանն օրեր առաջ նամակ էր գրել ԿԳՄՍ նախարարությանը՝ բարերարի օգնությամբ տպագրված «… և արցունքը փոխեց իր համը» հեքիաթների իր գրքի սպառմանն աջակցելու խնդրանքով: Գրքերի վաճառքից ստացված գումարով հադրութցի Վիկան ուզում էր համակարգիչ գնել՝ նոր մտքերն ու ստեղծագործությունները ոչ թե թղթին, այլ համակարգչին հանձնելու համար:

ԿԳՄՍ նախարարությունը արձագանքել է նամակին՝ ոչ միայն գնելով Վիկա Ավետիսյանի հեքիաթների գրքերը, այլև նրան համակարգիչ նվիրելով: «UNICOMP» ընկերության կողմից տրամադրված նոութբուքն այսօր գտավ իր տիրոջը:

«Ուրախ ենք ողջունելու քեզ: Շատ լավ է, որ համարձակորեն գաղափարներդ իրականացնում ես և հասնում նպատակներիդ: Շարունակիր առաջ գնալ՝ կյանքի կոչելով նոր մտքերդ, իսկ մենք հնարավորինս կաջակցենք քեզ»,- հանդիպման ժամանակ նշել է Վահրամ Դումանյանը`դիմելով Վիկային:

Ժաննա Անդրեասյանը նույնպես ողջունել է հյուրերին և ասել. «Սիրով ողջունում եմ ձեզ, ուրախ ենք, որ կարող ենք աջակցել քո երազանքի իրագործմանը: Երբեք չվախենաս համարձակ մտքերից, նպատակասլաց եղիր և դրանք իրականություն կդառնան: Հեքիաթներիդ գրքերը նախատեսում ենք տրամադրել դպրոցներին, որպեսզի դրանք ոգեշնչման արդյունք դառնան մյուս երեխաների համար: Շնորհակալ ենք նաև «UNICOMP» ընկերության այս գեղեցիկ նախաձեռնությանը միանալու համար»:

Հանդիպման ընթացքում Վիկան պատմել է, որ գրքում ներառված ստեղծագործությունները գրել է 8 տարեկանում, հայրենի Հադրութում: Տեղահանման ժամանակ համակարգիչը չեն կարողացել իրենց հետ վերցնել, որտեղ պահված են եղել բոլոր հեքիաթները: Բարեբախտաբար փոքրիկ Վիկայի գրվածքները հրապարակվել էին համացանցում:

«Համացանցից հավաքել ենք բոլոր գրվածքները և բարերարի օգնությամբ հրատարակել: Հիմա նոր ստեղծագործություններ ունեմ և նախատեսում եմ երկրորդ գիրքը գրել»,- ասել է նա:

Այնուհետև Վահրամ Դումանյանը փոքրիկ Վիկային հանձնել է համակարգիչն ու համակարգչային պայուսակը:

«UNICOMP»-ի ներկայացուցիչ Սուսաննա Բալդրյանն էլ հավելել է, որ մեծ սիրով են մասնակցել նախաձեռնությանը:

Ի դեպ, «… և արցունքը փոխեց իր համը» վերտառությամբ գիրքը սկսվում է Հադրութին ուղղված նամակով. «Բարև Հադրութս… Երբ առաջին անգամ քեզ նամակ էի գրել, դեռ պատերազմ էր ու երազանքս խաղաղությունն էր… Հիմա խաղաղություն է, բայց քեզ կորցրել եմ… Տխուր խաղաղությունն ինձ արցունքներ բերեց միայն: Քեզ տեսնելու համար գիտե՞ս՝ ինչ եմ հիմա անում՝ փակում եմ աչքերս ու մտովի գալիս քեզ մոտ ….  Ես քո մասին գրում եմ ամեն օր ու գրելու եմ այնքան մինչև մի օր կրկին քո գիրկը գամ ու շունչդ զգամ: Ես չեմ դադարելու քո մասին երազել մինչև իմ ուժն ու աղոթքները չհասնեն Աստված պապիկին… Ես հավատում եմ, որ այս ամենը մի օր կավարտվի, ու մենք կրկին կգտնենք իրար՝ ես ու դու, իմ Հադրութ, իմ չքնաղ, իմ միակ, իմ կարոտ …. Քո՝ Վիկա»:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930