Հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանին, հակասահմանադրական է: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը:
Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանը կալանավորված է մայիսի 14-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մարդկանց դրդելու հավաքների, ցույցերի՝ նյութական շահագրգռվածության միջոցով:
Այս համոզմունքին Ավետիք Չալաբյանի պաշտպանները հանգել են մանրամասն ուսումնասիրություններից եւ խորհրդակցություններից հետո եւ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հորդորելով՝ այս հարցով դիմել ՍԴ: Դատախազությունից ստացել են մեկ նախադասություն պարունակող պատասխան. «ՍԴ դիմելու հիմքեր առկա չեն»: Իրենց մանրամասն ուսումնասիրությունները պաշտպանները ուղարկել են նաեւ ՄԻՊ գրասենյակ, մոտ 20 օր առաջ: Նույն նամակում նաեւ մանրամասն վերլուծություն են արել այն մասին, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որն իր կոնվենցիոնալ չափանիշներով լիովին տեղավորվում է ԵԽԽՎ 2012 թվականի, թիվ 1900 բանաձեւի չափանիշների մեջ: Սակայն, ՄԻՊ գրասենյակից, պաշտպաններն ընդհանրապես արձագանք չեն ստացել:
Այս ամենից պաշտպանների հետեւությունը մեկն է՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը կիրառվում է իբրեւ պատիժ, ոչ թե քրեական գործի քննության ապահովման արդյունավետության գործիք:
Կարդացեք նաև
Պաշտպաններից Արթուր Հարությունյանն էլ նշեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքում այն հոդվածը, որով քրեական հետապնդման է ենթարկվում Ավետիք Չալաբյանը, որպես այդպիսին հանցագործություն նախատեսված չէ: «Ունենալու ենք մի իրավիճակ, երբ 2022-ի հուլիսի 1-ի դրությամբ պարոն Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է. նման պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվեց կալանավորման միջնորդություն, բայց դա խոչընդոտ չհանդիսացավ, որ քննիչի միջնորդությունը բավարարվի: Մեր կողմից ներկայացվեց վերաքննիչ բողոք, որը մակագրվեց դատավոր Արմեն Դանիելյանին: Չնայած բավականին ծավալուն քննարկում իրականացվեց, այնուամենայնիվ պարոն Դանիելյանի որոշման մեջ եւս բավարար արձագանք չկար մի շարք հանգամանքների, օրինակ` հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր կողմից առաջ քաշած թեզին, որ քրեական գործում այդ հոդվածով հիմնավոր կասկածը բացակայում է»:
Վարազդատ Հարությունյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցում դատարանները անուշադրության են մատնել կարեւոր հանգամանք, որը անձին բնութագրող հատկանիշն է եւ նկատի է առնվում հենց խափանման միջոցի պարագայում, ըստ այդմ, անարձագանք թողնելով անգամ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի միջնորդությունը, ԱՀ ԱԺ նախագահի, մեկ տասնյակից ավելի պատգամավորների եւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդի միջնորդությունները: Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Պողոսյանն իր կայացրած դատական ակտում զլացել է անգամ դրանց անդրադառնալ, չնայած, քննության ժամանակ, պաշտպանները դրանց հատուկ են անդրադարձել:
Որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, Վարազդատ Հարությունյանն է հիմնավորում. «Նախ՝ մինչ այս պահը չկա գեթ մեկ ապացույց, որով հաստատվի, որ Ավետիք Չալաբյանը շահագրգռել է որեւէ մեկին, էլ չեմ ասում՝ մի քանիսին, որին Ավետիք Չալաբյանը շահագրգռել է՝ հավաքներին մասնակցելու նպատակով: Երկրորդ՝ հետապնդումը կրում է խտրական բնույթ: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021-ի ԱԺ ընտրություններին եւ դրանից առաջ, բազմաթիվ հրապարակումներ եղան, որ իշխող քաղաքական ուժը վարչական ռեսուրսների գործադրմամբ այս հրապարակը լցրեց, այն մշակույթի տունը լցրեց, կամ վարչական ռեսուրսների գործադրմամբ ստիպել է աշխատակիցներին հանկարծ չմասնակցել ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին ու ակցիաներին: Գեթ մեկ քրգործ չհարուցվեց: Երրորդ՝ Ավետիք Չալաբյանին ազատությունից զրկելու եւ, ընդհանրապես այս քրեական հետապնդումը, ընթացակարգային կոպիտ խախտումներով է ընթանում. հայտնի ձայնագրությունը հրապարակվելուց հետո անմիջապես պատրաստվեց հանրային հեռուստաընկերության ռեպորտաժ, դեռ Ավետիք Չալաբյանի նկատմամբ մեղադրանք էր չէր առաջադրվել, նա դեռ չգիտեր, որ քրգործ է հարուցվել, այդ ռեպորտաժում խոսվեց այն մասին, որ Ավետիք Չալաբյանը ինչ-որ գումար է առաջարկել: Ամբողջ իշխանական քարոզչական պրոպագանդան լծվեց փողոցում սկիզբ առած գործընթացները պախարակելուն՝ օգտագործելով մոնտաժված ձայնագրությունը»:
Ավետիք Չալաբյանի պաշտպանները հետամուտ են լինելու իրենց պաշտպանյալի խախտված իրավունքների վերականգնմանը՝ ընդհուպ մինչեւ ՄԻԵԴ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ