Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պիտի լինեի, որ քեզ միանգամից գնդակահարեի, 5000 երեխու գլուխ կերաք, հայրենիքից եք խոսում, ա՛յ սրիկաներ». մայոր Իշխան Վահանյանի գործով նիստը՝ թեժ մթնոլորտում

Հունիս 20,2022 15:20

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, հարազատների ներկայությամբ ընթանում էր զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:

Ըստ մեղադրանքի, Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին ու 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Այսօրվա դատական նիստում ուսումնասիրվեցին գործում առկա փաստաթղթերը: Ըստ ներկայացված փաստաթղթերի, ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020-ի հոկտեմբերի 10-ին ազդրոսկրի շրջանում թեթև բեկորային վնասվածք է ստացել, վերքը մշակվել է, ամսի 13-ին վերքը եղել է հանգիստ վիճակում: Հոկտեմբերի 17-ին, սակայն, Վահանյանը թուղթ է ներկայացրել, որ վիրահատության է ենթարկվել, նրան 10 օր արձակուրդ է տրամադրվել։

Նշենք, որ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը նշանակվել էր ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, ՊԲ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանից հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:

Մեղադրող Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ նա բեկորային վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը:

Քանի որ կապի միջոց չի եղել, զինծառայողները չեն իմացել, թե ինչպես է հակառակորդը ներթափանցել Հադրութ։ Գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ:

Դատական նիստում ընթերցեցին Վահանյանի ներկայացրած բժշկական փաստաթղթերի գրառումները, ըստ որոնց՝ նա 10.10.2020-ին ունեցել է աջ ազդրի բեկորային վնասվածք ու հիվանդանոցում հայտնել է, թե  վիրավորվել է մարտի դաշտում: Ամսի 4-ին Վերականգնողական արձակուրդ են տվել՝ 10 օր ժամանակով: Դատավորն ասաց, որ այստեղ անհամապատասխանություն կա: Ծնողները դահլիճից բղավեցին՝ «ՊՆ-ն դավաճաններին մայրական խնամքի է ուղարկել»:

Հոկտեմբերի 13-ին Խնձորեսկի բուժկետում բժիշկը գրառում է արել, որ հիվանդը բողոքում է ազդրի շրջանում ցավերից, վերքը հանգիստ է, նորմայի սահմաններում: Վիրակապել են, այնտեղից ուղարկել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Դատարանում Վահանյանն ասաց, որ 7 օր պառկած է եղել հոսպիտալում: Ծնողները միջամտեցին. «Վկաներ կա՞ն, որ պառկած ես եղել»:

Ծնողներն ասացին, որ անհամապատասխանություն կա ներկայացված փաստաթղթերում, մի տեղ ասվում է՝ վիրահատվել է, մեկ այլ տեղ ասվում է՝ վերքը հանգիստ վիճակում է: Մեկ այլ բժշկի գրառմամբ՝ Վահանյանն ունեցել է աջ ոտքի թմրածության զգացողություն, բայց ստացիոնար բուժման կարիք չկա:

Զոհված զինվորներից մեկի ծնողի՝ Գեղամ Ղազարյանի նյարդերը տեղի տվեցին, նա վեր կացավ ու հայտարարեց. «Ես տուժողի իրավահաջորդ եմ, ապացուցե՞մ, որ նա սրիկա է, փախել է: Իր վիրավորվածությունը կյանքին վտանգ չի հանդիսացել, ինքը կարար մնար, իմ տղուն վիրակապեր, արյունաքամ է եղել: Ինքը 12 ժամ ապրել է, վիրակապող չի եղել: Զինվորը վիրակապած կռվում է հայրենիքի համար, բայց այս մարդը ափալ-թափալ մայրական խնամքի է գնացել»:

Դատավորն ասաց, որ զինվորներին հարցաքննելու են, լսելու են: Ծնողները ցավով արձանագրեցին՝ զինվորները ողջ չեն, որ խոսեն: Դատավորը նկատի ուներ նրանց, ովքեր հրաշքով փրկվել են ու ողջ են:

Ծնողները դատարանի դահլիճում տեսնելով Վահանյանին՝ իրենց տեղը չէին գտնում: Գեղամ Ղազարյանը բղավում էր. «Ես պիտի լինեի, որ քեզ միանգամից գնդակահարեի, 5000 երեխու գլուխ կերաք, հայրենիքից եք խոսում, ա՛յ սրիկաներ»:

Հիշեցնենք, որ Վահանյանի գործը սկզբում ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այնտեղ դատական նիստն անցել էր խիստ լարված մթնոլորտում եւ որոշվել էր դատավարությունը տեղափոխել Երեւան:

Փաստաթղթերի ուսումնասիրություն ավարտվեց, հաջորդ դատական նիստից հրավիրվելու եւ հարցաքննվելու են վկաները: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 28-ին, ժամը 15-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930