Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարչապետն առաջարկել է հրաժարական տամ»․ Վարդազարյանը հրապարակեց Ջհանգիրյանի հետ զրույցի աղմկոտ ձայնագրություն

Հունիս 20,2022 14:49

«Նախատեսել էի ներկա լինել, բայց հիպերտոնիայի պատճառով չէի եկել։ Առողջ եմ, չեմ ուզում ինձ որպես հիվանդի դիտեք, պարզապես այդ օրը ՀՀ-ում շատերի մոտ էր ճնշման տատանում՝ էլեկտրամագնիսական փոթորիկների պատճառով։ Նախատեսում էինք միջնորդել, որ դռնփակ դատական նիստ լինի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԲԴԽ-ում իր հանդեպ կարգապահական վարույթի քննության նախորդ նիստին ինքը ներկա չէր։

Հիշեցնենք՝ ԲԴԽ երեք գիտնական անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Ռուբեն Վարդազարյանի դեմ` լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցի հիման վրա,։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը այն հարցազրույցի մասին է, որի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը խոսել է ԲԴԽ գործող նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին՝ այդպիսով խախտելով դատավորի չեզոքության սկզբունքը ու կարծիք հայտնելով այս գործով ՍԴ որոշման վերաբերյալ։ «Ակնհայտ է, որ որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»,-մասնավորապես ասել է նա։ Հունիսի 16-ի ԲԴԽ նիստում Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին նրա պաշտպանի միջնորդությունը մերժվել էր։

Ռուբեն Վարդազարյանը տեղեկացրեց․ «Դռնփակ դատական նիստում պատրաստվում էի հրապարակել մի ձայնագրություն, որից ես զրկվել եմ։ Այդ պատճառով հիմա կհրապարակեմ։ Կհամոզվեք՝ որոնք են իրական դրդապատճառները, որ ես քաղաքական որոշմամբ դարձել եմ թիրախ, որ չպետք է աշխատեմ ԲԴԽ նախագահի պաշտոնում։ Սա հանրայնացնելն իմ ողջ կյանքի ամենաբարդ որոշումներից էր։ Այն կատարվել է 2021թ․ փետրվարի 20-ին։ Չէի հրապարակում, որովհետեւ սպասում էի, որ ԲԴԽ-ն ողջամիտ կլինի, որ նման ծայրահեղ քայլի չեմ դիմի։ Սակայն այն ցինիզմը, որը եղավ ԲԴԽ նիստում, ինձ թույլ է տալիս նման որոշում կայացնելու։ Ավելին՝ նախաքննական մարմիններին զգուշացնում եմ, որ այն կատարվել է իմ խնդրանքով։ Շատ լավ իմացել եմ, որ հանդիպման եմ գնում, խնդրել եմ, որ ձայնագրվի իմ եւ Ջհանգիրյանի զրույցը։ Բնօրինակը, ձայնագրող սարքը ՀՀ-ում չեն, մեր տանը, իմ ամառանոցում չեն։ Փնտրելն արդյունք չի տա։ Եթե ինձ կամ ընտանիքիս հետ դեպք պատահեց՝ վթար, վրաերթ․․․վստահ եմ՝ մեղավորներին կգտնեք։ Ոչ եթերային բառերի համար կներեք»։

Ռուբեն Վարդազարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը պարզաբանեց՝ Վարդազարյանը զրկված է եղել ապացույցներ հրապարակելու իրավունքից, այդ պատճառով ձայնագրությունը հրապարակում է «դռնբաց ասուլիսի» ռեժիմով։ Ռուբեն Վարդազարյանը նշեց՝ ձայնագրությունը մոտ երկու ժամ է, որից միայն մոտ 10 րոպեն է հրապարակում, քանի որ այդքանն է վերաբերում նշյալ իրավիճակին։ Ձայնագրությունը, ըստ Վարդազարյանի, շատ այլ հետաքրքիր դրվագներ ունի։ Վարդազարյանը հրապարակեց ձայնագրությունը, որի սղագրությունը ներկայացնում ենք հատվածաբար՝ հաշվի առնելով ոչ եթերային բառամթերքը։

Զրուցակիցներն են՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյան, ԲԴԽ նախագահի գործող պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյան եւ ԲԴԽ անդամ, վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյան։

Գագիկ Ջհանգիրյան-Ասել եմ չէ՞։ Մենք «սիլավոյ» ոչ մի բան չենք անելու։ Եթե էդ մարդն ընդունել է ձեր ասածը եւ այլն, մենք էթում ենք էդ ճանապարհով։ Ինքը չպիտի մնա ըտե, ես էլ ասել եմ՝ չէ, ինքը մնալու ա ըտե։

Ռուբեն Վարդազարյան-Էդ ո՞վ ա տենց որոշումներ կայացնում։

Ջհանգիրյան-Ես խնդիր չունեմ, որոշումը քոնն ա։

Վարդազարյան-Հասկանալի ա, որ որոշումն իմն ա, դրա պատասխանատվությունն էլ ա իմը։ Էդ սաղ ես հասկանում եմ, բայց էս մեխանիզմով, հա՞։ Ցավացնելո՞վ։ Եթե ցավացնելով ա, ես էլ կցավացնեմ։

Ջհանգիրյան-Ռուբիկ, իրանք չեն ցավացրել քեզ, նորմալ առաջարկել են։

Վարդազարյան-Չէ, ո՞նց։ Երկու քրեական գործը ցավացնել չի՞։

Ջհանգիրյան-Ոչ մի քրեական գործ չկա։ Մի հատ ա։

Վարդազարյան-Երկու հատ ա։

Ջհանգիրյան-Մի քրեական գործ ա։ Էն մեկին անգամ ընթացք չի տրվել։ Մի հատ ա։ Քո իմացածը սուտ ա, չկա։ Գիտես ով եմ։ Իմ համար հազարն էլ է մեկ, մեկն էլ՝ հազար։ Ասում եմ՝ չկա տենց բան։ Էդ մեկն ա, որը ս*** ա, չեմ թողե երկրորդը անցնի։ Չեմ թողե երրորդը հարուցվի, վա՜յ։

Վարդազարյան-Ես գիտեմ երրորդը, փուչիկ ա։

Ջհանգիրյան-Լսի, դու գիտե՞ս՝ առյուծը որ անտառում փախնող գազանների պ****-ները պոկում ա, հետո ա հաշվում։ Հմի ես քեզ ասում եմ, որ պետք չի տենց բաներ ըլնի, դու էլ ասում ես, որ երեք հատ կա։ Դե ասա ով ա հարուցել ու ասա՝ Ջհանգիրյանն ասում ա հարուցողի մ*** ****….

Ստեփան Միքայելյան-Էլ մի սկսի։

Վարդազարյան-Կա, գլխավոր դատախազն ա վերահսկում։

Ջհանգիրյան-Ասում եմ չկա, ի՞նչ ես ասում։ Վերահսկելը ո՞րն ա, վերահսկելը տեսական բան ես ասում։ Դու ինձ հավատո՞ւմ ես, հաշվի՝ չկա։ Էն առաջինն էլ չկա։ Բա որ կա, խի՞ չի գալի։

Վարդազարյան-Վստահ չի։

Ջհանգիրյան-Յա՜։

Վարդազարյան-Դե ուրեմն Ջհանգիրյանն էնքան հզոր ա, որ գլխավոր դատախազ ա կառավարում։

Ջհանգիրյան-Է՜ ը՜․․․ապե՜ր, ես պռեզիդենտ էլ եմ կառավարել։ Դու էդ ի՞նչ կարծիքի ես։

Վարդազարյան-Լավ կարծիքի եմ։

Ջհանգիրյան-Դե վսյո, ես էլ ասում եմ՝ չկա։ Ում հետ գնացել՝ խոսացել ա, իրանք էտ սաղ սխեման գիտեն։ Էտ պուճուր բանը փչելու են, սենց ներկայացրել են, որ ինքն էդ որոշումը կայացնի։ Ես ասել եմ՝ տենց բաներ չկա, դու ընձի հավատո՞ւմ ես։ Վսյո՜։ Չկա։ Ոչ թե ասում եմ չկա, որ դու ոգեւորվես, այլ ասում եմ չկա, որովհետեւ ես չեմ թողե։

Վարդազարյան-Ուզում ես սկզբունքներս, ընկերներիս դավաճանած լինե՞մ։

Ջհանգիրյան-Արա՝ ով ա ուզում դու դավաճանես։ Դու ուրիշ բանի ես տանում, տես։

Վարդազարյան-Այ մարդ, ես ի՞նչ եմ անում։ Ասեմ, որ էսի իմ ընկերն ա, էսի իմ ընկերը․․․

Ջհանգիրյան-Քեզ դրա համար են բան ասե՞լ։

Վարդազարյան-Հա բա ի՞նչ։ Ասում ա՝ Վանեցյան Արթուրը դատական համակարգը ռուլիտ ա անում։

Ջհանգիրյան-Լսի, Վանեցյան Արթուրին ես տարել եմ բանակ․․․

Այստեղ Ռուբեն Վարդազարյանը խոսափողներից հեռացրեց հեռախոսը՝ ասելով, որ վատ է լսվում, ապա նորից վերադարձրեց խոսափողների մոտ։ Շարունակությունը

Գագիկ Ջհանգիրյան-Ես ասում եմ՝ էս մարդկանց որոշումը կայացված ա։ Մի թարսվի։ Ես քեզ ընգերական․․․Ես խոստացել էի քեզ բան չասեմ, բայց չեմ ուզում իմ ազգանվան վրա բիծ․․․տղամարդավարի ապրել եմ, տղամարդավարի էլ պտի մեռնեմ։ Դրա համար էլ ասում եմ, Ռուբիկ ջան, դու 52 տարեկան ես, իմ տղեն էլ 42, աղջիկս, չգիտեմ, 43…Հաշվի, որ դու ինձ տղա ես։

Վարդազարյան-Ես Վրեժի (Գագիկ Ջհանգիրյանի որդին․–խմբ․) հետ ավելի մոտ եմ եղել, քան ձեր։

Ջհանգիրյան-Դե ավելի լավ։ Ասում եմ՝ պրոբլեմ պետք չի սարքես դու։ Քեզ խորհուրդ եմ տալիս։

Վարդազարյան-Բա պատճառը պետք ա իմանամ, չէ՞։

Ջհանգիրյան-Լսի, արա, եկել ա քո դասախոսը, պատճառը էդ ա, վսյո, ուրիշ պատճառ ման մի արի։

Վարդազարյան-Շատ հարգում եմ դասախոսիս, բայց պատճառը պտի իմանամ։

Ջհանգիրյան-Նայի, չկա։ Ոչ 2-րդ, ոչ 3-րդ։ Եթե կանեն, իրանց խոհանոցների համար կանեն, հասկացա՞ր։ Բայց դու ավելի բան ընձնից էլ չուզես։ Մի բան էլ։ Ի՞նչ խ*** հիմնարկ ա կամ էլ պաշտոն ա։ Դու ինձ լսի, էդ բոլորը կանգնեցված ա, վսյո, ես գառանտ եմ, էլ ո՞նց ասեմ։ Թուղթ ստորագրե՞մ։ Իմ վրա երեսուն, քառսուն տարի ա գրում են։ Մոռացի, դիր էն կողմ, երեխեք ունես, տուն ունես։ Հետո քեզ ի՞նչ ենք անում, հո չենք տանում կախենք։ Էն ժամկետը, որը դու ասել ես, դրանից հետո ես չեմ կարա կայնացնեմ։

Վարդազարյան-Կարաս։

Ջհանգիրյան-Չէ, մտածելու ժամանակը տվել են։ Ի սկզբանե ասում էին մեկ-երկու օր։ Ժամկետից հետո էլ չեմ կարա։

Վարդազարյան-Ի՞նչը։

Ջհանգիրյան-Չգիտեմ։ Իրանց հրահանգն արդեն ուրիշ տեղից ա գալիս։ Էդ մարդը չի տալու, իրան էլ են հրահանգ տալու, ես չեմ կարա։ Ես քո առաջ եմ գառանտ։ Ինչ կարացել արել եմ, որ քո ասած ժամկետը, դեմքը պահես։

Վարդազարյան-Ի՞նչ եմ արել, որ դեմքս պահեմ։

Ջհանգիրյան-Իմ ասած ժամկետից հետո էլ ինձ չեն լսելու, չեմ կարենա։ Տեսա՞ր ինչ արին։ Եկան իբր խփելու, ասին՝ ոստիկանին դիմադրել ես։

Վարդազարյան-Խնդալու էր։

Ջհանգիրյան-Իմ համար էլ, բայց էտ նույն խնդացողները ինձի հերթով կալանքները խփելով տարան։ Երեխա չեմ, քեզնից մեծ եմ տարիքով, դրա համար ասում եմ՝ սաղ փակել եմ։ Էդ մարդը շատ կտրուկ դեմ ա եղել ժամկետին, ես եմ խնդրե, համաձայնացրե։ Պաժառ չի, վսյո։ Որոշումը քոնն ա։ Չեմ ուզում վատ բաներ ըլնի, եսիմ ինչեր լինի։ Չեմ վախցնում, ամեն ինչ տեսել եմ։

Վարդազարյան-Բայց նման ա սպառնալիքի։ Վատ բանը ո՞րն ա։ Եթե ըտենց ես հարցադրումը անում․․․

Ջհանգիրյան-Դե եթե ուզում ես գնաս նստես, գնա։ Դու ես սկսել։ Հայտարարություններ, ասուլիսներ, դու ես սկսել։

Վարդազարյան-Ես էդ հայտարարություններն էսօր էլ կարամ։

Ջհանգիրյան-Իմ համար խնդիր չկա, շատ լավ գիտես՝ ինչ պետք ա անում եմ։ Էտի իմ վզին դրած ա, իմ պարտքն եմ համարում։

Վարդազարյան-Մի հատ անկեղծ հարց տամ։ Ջհանգիրյան Գագիկի ինչի՞ն ա պետք էս ամեն ինչը։

Ջհանգիրյան-Չեմ ուզում ես վիճակի լինի, չեմ ուզում Քոչարյան Ռոբերտի նման գ*** հետ գա։ Այ էտի իմացի, հազիվ էդ կլանից պրծել ենք։ Որ իմանամ Վանեցյանն ա գալու, Արթուրը Ղազինյան, կեթամ կկանգնեմ կողները։ Բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակն ու էդ գ***…Սերժն էլ չի գալու՝ լավ իմացի։ Չիմանանք իրանք։ Իրանք ընդե «պյատոե կալիսո»։ Դոդը բերելու ա Քոչարյան Ռոբերտին․․․

 

Ապա Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց հարցերին, թե ինչի մասին էր այս ամենը․ «Ինձ առաջարկվել էր հրաժարական տալ, դուրս գալ։ Անունը չեմ տա, թե ով է առաջարկը փոխանցել, բայց առաջարկը փոխանցվել է վարչապետի անունից, որ վարչապետն ասել է, որ պետք է հրաժարական տամ։ Ասել եմ, որ մինչեւ մարտի մեկն ինձ ժամանակ է պետք, որովհետեւ գործուղում ունեմ, իսկ գալուց կհանդիպեմ վարչապետին։ Եթե հրաժարականի պահանջ կա, պետք է հանդիպեմ նրան եւ անձամբ լսեմ։ Մարտի մեկը ժամկետն էր հանդիպման, որը պետք է տեղի ունենար։ Այդ հանդիպման մասին էր խոսքը։ Խոսքը բացառապես հրաժարականի մասին է։ Խոսքն այն մասին է, որ մինչեւ այդ ժամկետը Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տալու դեպքում նա երաշխավորել էր, որ հետապնդում չի լինի։ Ջհանգիրյանից առաջարկ էի ստացել, որ եթե հրաժարական տամ, կդառնամ դատավոր եւ կաշխատեմ որպես ԲԴԽ անդամ՝ Ջհանգիրյանի նախագահության պարագայում, եւ որեւէ կարգապահական վարույթ չի լինի։ Այսինքն, ստացվում էր, որ եթե հրաժարական չեմ գալիս, ապա կարգապահական վարույթ է լինում։ Ակնհայտ է քաղաքական դրդապատճառը, թե ոնց է դա կատարվում։ Այս տարի եւ կես եղած գործընթացն էր սա՝ ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատարի կողմից»։

Այսօր առավոտյան, ինչպես Վարդազարյանը նշեց, մամուլում հոդված տեսավ այն մասին, որ ըստ լրատվամիջոցի տեղեկության՝ իշխանությունը ԲԴԽ նախագահի պաշտոնում տեսնում է Արթուր Դավթյանին․ նրա պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվում է, իսկ թե Գագիկ Ջհանգիրյանի հետ ինչ է լինելու, աղբյուրն առայժմ չի բացահայտում։ Այս ամենից, Ռուբեն Վարդազարյանի խոսքով, պարզ է դառնում, թե ինչու է հիմա բանը հասել իր կարգապահական վարույթին․ «Փազլը հավաքվում է։ Գլխավոր դատախազի ժամկետից հետո նրան ընտրելու են ԲԴԽ անդամ։ Ցանկանում են, որ նա աշխատի ԲԴԽ նախագահ։ Ըստ հոդվածի՝ Գագիկ Ջհանգիրյանին ասելու են հաջողություն»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930