Իմ երազանքն է հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Հայաստանի ազգային հավաքականի և Արարատ Արմենիայի երիտասարդ պաշտպան Ստյոպա Մկրտչյանը մեր զրույցում պատմել է ակումբային կարիերայում և ազգային ընտրանու կազմում անցկացրած խաղերի և իր երազանքների մասին։
-Ստյոպա՛, կխնդրեմ պատմես ֆուտբոլիստ դառնալու քո նպատակի և անցած ուղու մասին։ Ո՞վ է քեզ ոգեշնչել ֆուտբոլային կարիերա սկսելու ճանապարհին։
-Միշտ սիրել եմ ֆուտբոլը, սակայն մի փոքր ուշ եմ սկսել զբաղվել այս սպորտաձևով։ 9-10 տարեկանում եմ կատարել առաջին քայլերս ֆուտբոլային աշխարհում։ Սկզբում մի փոքր դժվար էր իմ համար, քանի որ շատ էի զիջում իմ հասակակիցներին։ Ինձ այս հարցում օգնեց մեծ բարձունքների հասնելու կամքի ուժը և մի քանի ամիս մարզվելուց հետո արդեն լավ արդյունքներ գրանցեցի։ Ընտանիքս և ընկերներս շատ են օգնել և օգնում ինձ։ Նրանք մեծ դեր ունեն իմ ֆուտբոլային նվաճումների գործում։
-Կարիերադ սկսել ես Արարատ Արմենիայում, սակայն վերջին մրցաշրջանում հանդես ես եկել ԲԿՄԱ-ում։ Ինչպե՞ս կբնութագրես բանակային ակումբում քո անցկացրած խաղաշրջանը։
Կարդացեք նաև
-ԲԿՄԱ-ի շնորհիվ ես առաջին անգամ հանդես եկա Հայաստանի Պրեմիեր լիգայում։ ԲԿՄԱ-ն շատ է օգնել ինձ ամեն հարցում, որ ես զարգանամ թե՛ որպես մարդ, թե՛ որպես մարզիկ։ Այն, ինչ ԲԿՄԱ-ն արել է ինձ համար և դեռ շարունակում է անել՝ անգնահատելի է։ Ճիշտ է, նախորդ մրցաշրջանում ակումբի գրանցած արդյունքները այնքան էլ հաջող չէին, սակայն ես վստահ եմ, որ մյուս խաղաշրջանում ԲԿՄԱ-ն լուրջ նվաճումներ է գրանցելու։
-Մյուս մրցաշրջանում վերադառնալու ես Արարատ Արմենիա։ Ինչպե՞ս կգնահատես ակումբի հնարավորությունները ներքին առաջնությունում և Կոնֆերենցիաների լիգայում։
-Արարատ Արմենիան լավ թիմ է։ Ակումբը ունի բոլոր հնարավորությունները լավ հանդես գալու թե՛ Հայաստանում, թե Կոնֆերենցիաների լիգայում։ Ինչ վերաբերվում է ինձ՝ ես վերադառնում եմ, որպեսզի օգնեմ թիմին ավելի լավ արդյունքներ գրանցել և հաջողությունների հասնել։
-Այս տարվա մարտին նորամուտդ նշեցիր ազգային հավաքականի կազմում, իսկ արդեն վերջերս՝ պաշտոնական խաղերում։ Ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ առաջին անգամ խաղադաշտ մտար ազգային թիմի կազմում և ինչպես կգնահատես հավաքականի վերջին մրցելույթները և հետագա շանսերը։
-Նորամուտիս խաղը շատ լավ ստացվեց, կարևորը հաղթեցինք այդ հանդիպմանը։ Աննկարագրելի էին էմոցիաները, որ ես զգում էի։ Թիմակիցներս և մարզչական անձնակազմը օգնեցին ինձ, որ լավագույնս հանդես գամ։ Ինչ վերաբերվում է վերջին խաղերին. Վատ չենք հանդես եկել, թիմը նվիրվել է հարյուր տոկոսով, արել ենք առավելագույնը։ Մինչև վերջ պայքարելու ենք, փորձելու ենք հաղթել և ուրախացնել մեր ազգին։
-Շոտլանդիայի դեմ խաղում միայն կարմիր քարտը ազդեց դիմակայության ելքի վրա, թե հոգեբանական խնդիր ևս կար։
-Շոտլանդիայի դեմ վերջին խաղում առաջին խաղակեսը շատ լավ անցկացրինք։ Կարմիր քարտը բնականաբար մեծ դեր ունեցավ, քանի որ դժվար է տասը հոգով մրցել Շոտլանդիայի պես ուժեղ հավաքականի դեմ։ Բայց եղածը եղած է, պետք է շարժվենք առաջ։ Ամեն ինչ դեռ առջևում է։
-Ապագայում եվրոպական ո՞ր թիմում կցանկանայիր հանդես գալ և հատկապես ո՞վ է այն ֆուտբոլիստը, ում հետ կցանկանայիր խաղալ մի կազմում։
-Միշտ երազել եմ հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում, հատկապես Լիվերպուլի կազմում։ Եվ վստահ եմ, որ մի օր այս երազանքը իրականություն կդառնա։ Վիրջիլ Վան Դեյքը իմ կարծիքով լավագույն պաշտպանն է աշխարհում։ Վստահաբար, նրա հետ կցանկանայի խաղալ մի թիմի կազմում։
Լեւոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Երկրորդ կուրս