Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր բժիշկ կամ փրկարար խորհուրդ կտա խմած վիճակում չմտնել սառը ջուրը. շոգին ընդառաջ խորհուրդներ ոստիկանությունից

Հունիս 20,2022 14:12

Ամառվա շոգը թելադրում է ապրելու իր կանոնները: Ամառային կենցաղի հետ կապված անվտանգության կանոնները բազմապիսի են` հակահրդեհային, առողջապահական, նաև, իհարկե, իրավական: Շոգերի սաստկացման հետ աճում է անտառածածկ տարածքների հրդեհների հավանականությունը, չորային եղանակի պայմաններում վտանգված են նաև շենք-շինությունները, շոգը որոշակի բարդություններ է առաջացնում առողջության պահպանման հարցում: Ցածրադիր վայրերի անտանելի շոգից կարծես հալչում է ամեն ինչ, ու նաև մարդկանց զգոնությունը, իսկ սա արդեն մեր թեման է:

Ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը, և պատճառները պարզ են: Ամռանը ընտանիքով հանգստի մեկնելը պատճառներից մեկն է: Տևական ժամանակ տունը դատարկ թողնելը բնակարանային գողերի համար նպաստավոր պայման է: Իսկ փորձառու բնակարանագողերի համար մեկ օրը չէ, հաշված ժամերն էլ բավական են` գործը գլուխ բերելու համար: Կարելի է խնդրել հարևաններին` ուշադիր լինել և երբեմն հսկել ձեր բնակարանի դուռը, կասկածելի շարժ նկատելիս զանգել ոստիկանություն: Տանը մի թողեք փող ու թանկարժեք իրեր, մի կարծեք, թե տան ձեր թաքստոցը հուսալի է. բնակարանագողերը լավ գիտեն, թե որտեղ կարող են լինել այդ տնայնական թաքստոցները: Չհրկիզվող պահարանները նույնպես հուսալի չեն: Եղել են դեպքեր, երբ փողն ու թանկարժեք իրերը տարել են «սեյֆով» հանդերձ: Ավելի լավ է դրանք հանձնել բանկ կամ ի պահ տալ վստահելի մարդու: Չմոռանաք նաև, որ առաջին-երկրորդ հարկերի բնակարանների դեպքում անվտանգության պարտադիր պայման են պատուհանների ճաղավանդակները:

Շոգին մեր քաղաքացիների մի մասը դռներն ու պատուհանները կրնկի վրա բաց է թողնում, ինչը նույնպես բնակարանագողերի համար լավագույն տարբերակ է: Ի վերջո, բոլորովին էլ դժվար բան չէ` բաց դռնով մտնել տուն ու միջանցքից թռցնել պայուսակ, դրամապանակ, բջջային հեռախոս: Հարկավոր է ընդամենը դաստիարակության թերություն և մի փոքր էլ հանդգնություն: Փոքր կորստի դեպքում տերերը հարկ չեն համարում դիմել ոստիկանություն: Այնինչ նման հանդուգն գողերը շատ չեն, և նրանց մեկուսացնելն էապես կնվազեցնի նմանատիպ հանցագործությունների հավանականությունը:

Ամառային մեկ այլ վտանգ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Մեկ-երկու օրով հանգստի գոտի մեկնողերի զգոնությունն էլ պետք է տեղում լինի: Այո, կարող է մղում լինել` րոպե առաջ հասնել Սևան ու մտնել ջուրը: Ոստիկանությունը հորդորում է` հինգ րոպե ուշ հասնել, բայց` հասնել: Հիշեք, որ ծանր հետևանքներով վթարների զգալի մասը արագության գերազանցման հետևանք են, ու՝ ոչ միայն:

Ոստիկանությունը կտրականապես և հետևողականորեն հորդորում է` թեկուզ քիչ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել: Խնդրում ու պահանջում ենք` միշտ հիշել, որ մեքենա վարելը հսկայական պատասխանատվություն է նաև մտերիմների ու հարազատների հանդեպ: Մի հորդոր էլ այդ մտերիմներին ու հարազատներին. թույլ մի՛ տվեք, որ մեքենան վարեն ալկոհոլ օգտագործած վիճակում:

Եվ դարձյալ` ալկոհոլի մասին: Յուրաքանչյուր բժիշկ կամ փրկարար խորհուրդ կտա` խմած վիճակում չմտնել սառը ջուրը: Սրտի կանգ, կաթված, ջրահեղձում… Իսկ ոստիկանության մտահոգությունները քիչ այլ են: Թեև որոշակիորեն նվազել են հանգստի գոտիներում արձանագրվող միջադեպերը, բայց դրանք կան և հիմնականում խմած մարդկանց անհիմն ու անհեթեթ վեճերի արդյունք են: Մարմնական վնասվածքներ, հիվանդանոց ու ոստիկանություն տեղափոխված անձինք. այնինչ մեկնել էին առօրյա հոգսերից կտրվելու, զվարճանալու, զովանալու նպատակով:

Դեպքերի նվազումն, իհարկե, պայմանավորված է նաև հանգստի ակտիվ գոտիներում ոստիկանների ամենօրյա ու շուրջօրյա ծառայությամբ: Այդպես կլինի նաև այս տարի, բայց հորդորում ենք լինել հանդուրժող, հարգել մեկմեկու իրավունք և չմոռանալ հանգստի գոտի մեկնելու նպատակը, որի մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում վեճն ու կռիվը:

Մաղթում ենք հաճելի հանգիստ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930