«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մենք դրա մասին միշտ ասել ենք, եւ կարծում եմ՝ հայ ժողովուրդը, այդ թվում՝ պաշտոնական Երեւանը, դա շատ լավ գիտակցում է։ Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ եւ երբեք թույլ չենք տալու այդ կարմիր գծերը խախտեն»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա ասաց, որ Արցախի կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, որովհետեւ այս հակամարտությունն աշխարհի ամենաբարդ հակամարտությունն է։ Դավիթ Բաբայանը ԼՂ հակամարտությունը համեմատեց իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ, նշելով՝ ԼՂ հակամարտությանը հավասար է երեւի միայն իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը․ «Եվ ակնկալել շուտափույթ կարգավորում՝ չի ստացվելու, դա կարճ ժամանակում չի ստացվի։ Պետք է իրատես լինենք, որ վերջնական եւ համապարփակ կարգավորումը դեռեւս հեռավոր ապագայի խնդիր է։ Դրա համար պետք է պահենք եւ պահպանենք Արցախը, բոլոր տեսակի միջոցներով, բոլոր հնարավորությունները կան»։
Բաբայանի խոսքով՝ եթե չկա համապարփակ կարգավորում, ապա Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր, եւ ինչպես նախարարն ասաց՝ մինչեւ տեսնենք՝ ինչ է լինելու հետագայում։
«Մեզ համար պարզ է, որ բարդ է լինելու շուտափույթ կարգավորման հասնել, բայց նաեւ կարմիր գիծ է, որ Ադրբեջանի հետ մենք որեւէ ձեւով չենք կարող լինել, ասենք՝ նրանց կազմում, կամ նրանցից կախված։ Չի լինելու այդպիսի բան, մեզ համար անընդունելի է»,-ասաց Բաբայանը։
Կարդացեք նաև
Կա՞ արդյոք առաջարկվող որեւէ տարբերակ, այս հարցին ի պատասխան Բաբայանն ասաց՝ ոչ մի տարբերակ չկա․ «Ադրբեջանն իր տարբերակն է պնդում, ասում՝ Արցախ գոյություն չունի, մենք ասում ենք՝ դա ճիշտ չէ։ Եվ ոչ միայն մենք, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներն են միշտ այդ մասին ասում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ