Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան․ «Շառլ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, որովհետեւ սա գոյապայքար է»

Հունիս 20,2022 13:17

«Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։ Դա բերելու է անկանխատեսելի, հիմնարար, աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությունների, որից հետո լրիվ այլ գլոբալ հավասարակշռություն է ստեղծվելու։ Չեմ չափազանցնում, կան նույնիսկ փոքր կետեր, որոնցից կարող է կախված լինել տարածաշրջանի եւ գլոբալ ապագան»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նա տեղեկացրեց, որ Արցախի ԱԳՆ-ն հրապարակել է «Արցախի հիմնախնդիր եւ Արցախի հանրապետության արտաքին քաղաքականություն» աշխատությունը։ Բաբայանը ներկայացնելով գիրքն, ասաց՝ այն մինի հանրագիտարանի նման մի աշխատություն է, որը օգտակար կլինի քաղաքական եւ գիտակրթական շրջանակների համար, նույնիսկ լրատվամիջոցների համար։ Գրքում ներառված են, ինչպես Բաբայանն ասաց, տարբեր փաստեր, գաղափարներ եւ գործընթացներ։

Խոսելով Արցախի հիմնախնդրի կարգավորումից, Բաբայանն ասաց․ «Հիմա պատկերացեք՝ չկա Արցախ։ Օրինակ ՝ մի հոսանքներից մեկը, որ հարյուր տոկոս Անդրկովկասում կունենա գերիշխող դիրք, դա պանթուրքիզմն է, իսկ դրանից կարելի է ակնկալել այլ զարգացումներ՝ ներթափանցում Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Կովկաս, Մերձավոր արեւելք, Չինաստան։ Սա այլ իրավիճակ է ստեղծում։ Ամենակարեւորը՝ հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունն ունի իր կանոնները, մենք մտել ենք մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ գաղափարները, նորմերը դարձել են երկրորդական, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է իմանանք մեր անցյալն ու ներկան, որովհետեւ մեր ամենամեծ խնդիրը մենք ենք, մենք պետք է իմանանք այս ամենը՝ ինչ կա, որովհետեւ շատերը նույնիսկ չգիտեն՝ ինչ է Արցախը, ինչ է Ղարաբաղը։ Հիմա ո՞վ է մեղավոր, թո՞ւրքն է մեղավոր, թե՞ ադրբեջանցին է մեղավոր, որ մենք չգիտենք այդ ամենը»։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ նախ ինքներս պետք է հավաքվենք, պետք է հասկանանք՝ ինչ ունենք, ի մի բերենք այդ ամենը․ «Եթե դու չգիտես քո խոցելի տեղերն ու առավելությունները, սխալներ ես թույլ տալու։ Այս գիրքը մի փոքրիկ բան է, որը կարող է ինչ-որ բաներ շտկել, որովհետեւ պետք է իմանալ տարբեր զարգացումներ։ Օրինակ՝ ՄԱԿ-ի բանաձեւերի մասին ինչ է գրված։ Հիմա շատերը շահարկում են, բայց այդ չորս բանաձեւերը փաստորեն ճանաչում են Արցախի սուբյեկտայնությունը, բայց դրա մասին պետք է խոսել։ Ադրբեջանը խոսում է, որ այնտեղ գրված է տարածքային ամբողջականության մասին։ Բայց նաեւ գրված է՝ փաստորեն ճանաչում է Արցախի սուբյեկտայնությունը, որովհետեւ նշվում է՝ տեղական հայկական ուժեր, որոնք ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի եւ ո՛չ էլ այլ պետությանը պատկանող են։ Սա, իհարկե, սուբյեկտայնություն է Այս ամենի մասին է գիրքը»։

Արցախի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ եթե դու սկզբունքայնություն ես դրսեւորում, ազդում է, նույնիսկ՝ այս ծանր իրավիճակում։ Նա օրինակ բերեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը․ «Այդ սարսափելի հայտարարությունը՝ Ղարաբաղի հայեր եւ այլն։ Արցախից շատ կոշտ արձագանքը՝ հավաքական, բոլոր տեղերից, բերել է նրան, որ Տոյվո Քլաարը եւ մյուսները սկսել են արդարանալ, թե մենք դա նկատի չունեինք։ Հիմա եթե դու կուլ ես տալիս, թե՝ մեզանից բան չէ կախված․․․ ո՞վ է ասել՝ կախված չէ, շատ բան է կախված, ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչպես ենք մեզ դրսեւորելու, ինչ քաղաքականություն ենք վարելու։ Պետք չէ թերագնահատել եւ հուսահատվել։ Այս ուղերձները Միշելն ու մնացածները միշտ պետք է լսեն։ Շառլ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, որովհետեւ սա գոյապայքար է, մենք չենք անպատվում Միշելին, ասում ենք՝ սա քո մոտեցումն է, սա էլ մենք ենք, մենք էլ այսպես ենք մտածում։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, որ չկա այլընտրանք, չափազանց սխալվում է, այլընտրանքը միշտ կա, որովհետեւ աշխարհաքաղաքականությունը տալիս է այլընտրանքներ, եւ կարեւորագույն տարածաշրջաններում վակում չի առաջանում երբեք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930