Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի ԲԴԽ նախագահ, գործընկերներիս կառաջարկեի կասեցնել գործի վարույթն ու սպասել ՍԴ որոշմանը»․ Ռուբեն Վարդազարյան

Հունիս 20,2022 12:42

«ԲԴԽ անդամին եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում սեւը սպիտակի վրա գրված է, որ մինչեւ դատական նիստը՝ տասը օր առաջ, նյութերը պետք է տրամադրվեն ԲԴԽ անդամներին։ Ամրագրենք, որ խոսքը տասը օրվա մասին է։ Նիստը նշանակվել է մինչեւ ամսի 14-ը, այսինքն՝ ժամկետը լրանալը։ Այսինքն, տեսնում եմ ակնհայտ շտապողականություն, որի պատճառը չենք կարողանում հասկանալ։ Ինչո՞վ է դա պայմանավորված այն դեպքում, երբ պարոն Վարդազարյանի լիազորությունները կասեցված են, եւ ավելի շուտ կամ ուշ որոշում ընդունելու խնդիր չկա։ Շտապելու խնդիր չկա նաեւ այն պատճառով, որ օրենքը նախատեսում է երեքամսյա ժամկետ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ ԲԴԽ-ի հարուցած կարգապահական վարույթի քննության ընթացքին՝ հայտարարեց նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ երեք գիտնական անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Ռուբեն Վարդազարյանի դեմ` լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցի հիման վրա,։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը այն հարցազրույցի մասին է, որի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը խոսել է ԲԴԽ գործող նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին՝ այդպիսով խախտելով դատավորի չեզոքության սկզբունքը ու կարծիք հայտնելով այս գործով ՍԴ որոշման վերաբերյալ։ «Ակնհայտ է, որ որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»,-մասնավորապես ասել է նա։ Հունիսի 16-ի ԲԴԽ նիստում Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին նրա պաշտպանի միջնորդությունը մերժվել էր։

Արամ Օրբելյանը հետեւյալ ենթադրությունն ունի․ «Վաղը սահմանադրական դատարանի նիստերի օրակարգում ներառված է ՄԻՊ դիմումի հիման վրա դատական օրենսգրքի մի շարք հոդվածների սահմանադրականության հարցի որոշումը։ Խոսքն այն փոփոխությունների մասին է, որոնցով կարգապահական պատասխանատվության ենթարկելու նվազագույն շեմը 7(6) ձայնից իջեցվեց։ ԲԴԽ-ի՝ միակ տրամաբանական որոշումը կլիներ սպասել հունիսի 21-ին։ Եթե ամսի 21-ին ԲԴԽ-ն գտնվի խորհրդակցական սենյակում, կառաջանա կազուս։ Հակառակ պարագայում ԲԴԽ-ում բեկանման հիմքեր են առաջանալու։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը, ինչպես մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան եւ սահմանադրությունն են փաստում, պետք է ունենա բացառապես մեկ նպատակ՝ բարելավել դատական համակարգի գործունեությունը։ Այլ նպատակներ, օրինակ՝ քաղաքական պատճառներ, այլ մարդու նշանակել, չեն կարող լինել, այլապես ապօրինության հետ գործ կունենանք»։

Իր հերթին անդրադառնալով ՍԴ-ում քննվող ՄԻՊ դիմումին՝ Ռուբեն Վարդազարյանը շեշտեց․ «Ցանկացած ելքի դեպքում այդ դրույթը կիրառվելու է։ ՄԻՊ-ը գտել է, որ նվազագույն շեմը 7-ից 5-ի իջեցնելը սահմանադրականության խախտում է։ Իմ խորին համոզմամբ, եթե ես լինեի ԲԴԽ լիիրավ անդամ կամ նախագահ, գործընկերներիս կառաջարկեի կասեցնել գործի վարույթը կամ հետաձգել ողջամիտ ժամկետով ու սպասել ՍԴ որոշմանը, որովհետեւ այդ որոշումից է կախված՝ օրենքի դրույթը համապատասխանո՞ւմ է սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այդ օրենքի դրույթը պետք է կիրառվի իմ եւ մյուսների հանդեպ»։

Հիշեցնենք, որ դեռեւս 2022թ․-ի փետրվարին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել իշխանական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, ըստ որի՝ երբ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, նիստի իրավազորման (քվորումի) շեմն իջեցվում է` դառնալով ընդհանուր թվի կեսից ավելին․ ԲԴԽ-ին որոշում կայացնելու համար բավարար է լինելու նիստի մասնակիցների ձայների մեծամասնությունը, այսինքն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունների դադարեցման, քրեական հետապնդման ենթարկելու և նման որոշումները ԲԴԽ-ն կարող է կայացնել, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը` 5 անդամ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930