«Միակ նորմալ կազմակերպողը՝ խողովակների փոխարինման, ձեր կազմակերպությունն էր, խնդիր չէր լինում։ Հիմա ինչ-որ բա՞ն է փոխվել, ուզում եմ հասկանալ։ Ասենք Կիեւյան-Օրբելի խաչմերուկում ավազը բերած լցրած է, վրան ոչ մի ծածկ չկա, նշանները գետնին տապալված են, քամին ավազը տալիս է՝ այս ու այն կողմ է տանում։ Չգիտեմ էլ երբվանից է այդպես։ Ես երեկ երեկոյան եմ տեսել»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով «Վեոլիա ջրի» ներկայացուցչին։ Քաղաքապետն ասաց, որ հնարավոր է շինանյութը շինարարները ուրբաթ օրն են բերել, թողել․ «Շաբաթ- կիրակին էլ ոչ աշխատանքային օր է, ասել են՝ լավ, երկուշաբթի գործ կանենք»։
Քաղաքապետն իր խորհրդական Կամո Արեյանի ուշադրությունը հրավիրեց խնդրին եւ նկատեց՝ նույն իրավիճակը Շինարարների փողոցում է, այստեղ էլ ՀԷՑ-ն է աշխատանքներ կատարում։
Արեյանն ի պատասխան ասաց, որ դա Կիեւյան 7 հասցեն է, շինաշխատանքներ իրականացնողին առաջին նախազգուշացումը տվել է մեկ շաբաթ առաջ․ «Այստեղ խնդիրն այլ է, կխնդրեի հստակ ձեւակերպենք պատասխանատվությունը։ 12 վարչական շրջանների ղեկավարներ ունեն ստորագրված պայմանագրեր «Վեոլիա Ջուր»-ի, ՀԷՑ-ի «Գազպրոմ Արմենիա»-ի եւ կապի հետ։ Դրանք վերաբերում են վթարա-վերականգնողական անհետաձգելի աշխատանքներին եւ հետաձգելի նոր կոմունիկացիաների անցկացման աշխատանքների երկու կողմերի պարտավորություններին: Պայմանագրում հստակ գրված են բոլոր պայմանները՝ տեխնիկական առաջադրանքի պահանջները եւ շինհրապարակի կահավորումը: Պայմանագիրը կնքվել է մարտ ամսին մեկ տարվա ուժ ունի»։
Ապա Արեյանը քաղաքապետին խնդրեց հանձնարարականներ տալ, որպեսզի, իր ձեւակերպմամբ՝ վարչական շրջանի ղեկավարները 180 աստիճան պտտվեն եւ կատարեն իրենց պարտականություններն այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ․ «Պայմանագրի պայմանների ողջ վերահսկողությունը դրված է վարչական շրջանների ղեկավարի վրա, վարչական պատասխանատվությունը կրում է կատարողը՝ «Վեոլիա ջուրը», կառուցապատողը, ՀԷՑ-ը, «Գազպրոմը» եւ վարչական տուգանք նշանակելու իրավասությունը տրված է վարչական շրջանների ղեկավարներին: Աշխատանքները նոր են սկսել, պետք է բոլորը վերանայեն իրենց մոտեցումները եւ հստակ կատարեն իրենց պարտականությունները՝ խիստ վերահսկողությունը, պատժելի վերջին աստիճանի վերահսկողությունը մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը, շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են արդեն։ Խնդրում եմ, որ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն եւս ամբողջությամբ վերանայի իր մոտեցումն այս աշխատանքներին: Անխնա բոլոր շինարարներն ուղղակի լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը»։
Կարդացեք նաև
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ նշեց, որ սա միայն ՀԷՑ-ին եւ «Վեոլիա ջրին» չի վերաբերում․ «Հարգելի վարչական շրջանի ղեկավարներ, հիմա, որ սկսեմ ձեր կոմունալ վարչություններով զբաղվեմ, հետո կասեք՝ լիազորությունները տանում են, մենք չենք կարողանում աշխատել։ Ես վստահ եմ, ձեր կոմունալ վարչությունները պարզապես դուրս չեն գալիս, չեն շրջում, տեսնեն՝ ինչ խնդիր կա»։
Քաղաքապետն ասաց, որ ընկերությունները մեկ տարվա հետերաշխիքային սպասարկման պարտավորություն ունեն, եւ եթե վատ են կատարել աշխատանքը՝ պետք է հսկել ու խնդիրը վերացնել, որպեսզի հավելյալ գումար չծախսվի համայնքից․ «Բանկային երաշխիքներ էլ ունենք, կդիմենք բանկ ու այդ երաշխիքները կքաշենք։ Այդպես է աշխատելու, ուրիշ ձեւ չի աշխատելու։ Մինչեւ ֆինանսական մասով ազդեցություն չունենանք այդ մարդկանց վրա, ուրիշ ձեւ չի աշխատի։ Համոզելով, խնդրելով չի լինում»։
Հրաչյա Սարգսյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարեց իրենց մոտ կատարված շինաշխատանքներին հետեւել, քանի որ այնտեղ խնդիր կա։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ