Հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցած հրազենային միջադեպի մասնակիցները ճանապարհ չզիջելու համար են վիճել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Հայկ Գալստյանի տեղակալ Սերոբ Բարսեղյանը:
Ի դեպ, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ մասնակիցների մեջ է եղել նաեւ Հայկ Գալստյանը, ինչը մեզ հետ զրույցում հերքեց նրա տեղակալը. «Շրջանառություն է դա։ Երեկ Հայկ Գալստյանի հետ մինչեւ գիշերվա 01:-00-ի կողմերը անտառում ենք եղել, անտառից ենք եկել։ Այդպիսի շրջանառություն է, բայց Հայկ Գալստյանը կռվին չի մասնակցել: Ինչպես նաեւ գրում են, թե վարչապետի հետ է կապված, դա էլ է սուտ: Ճանապարհ չզիջելու համար են կռվել: Ով, ինչ ուզում, գրում է: Ճանապարհ չզիջելու համար է եղել կռիվը, իրար քաշքշել են»:
Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ կռվի մասնակիցները կապ չունեն նաեւ Արագածոտնի փոխմարզպետի ու Ապարանից ՔՊ-ական պատգամավորի հետ:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի հաղորդմամբ հունիսի 19-ին ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացիներ։
Կարդացեք նաև
Լրատվամիջոցների տեղեկություններով, այս դեպքի մասնակիցները Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի եւ Ապարանից ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատներն են, որոնք վիճել, հետո կրակել են «Նիկոլ, մահաբեր» ասող երիտասարդի ու նրա աջակիցների ուղղությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ