Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը չի իմացել, թե ինչ է նշանակում իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն

Հունիս 20,2022 13:00

Նա ասել է, որ օրական 1000 դրամից պակաս եկամուտ է ունեցել

Ամբաստանյալ Գրիգոր Ներսեսյանը, պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին, հայտնել էր, որ ինքը որեւէ տեղ չի աշխատել, չգիտի, թե ինչ է նշանակում իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նա չի իմացել, թե ինչքան պարտք ունի պետության հանդեպ եւ որ քննիչն է իրեն դրա մասին ասել: «Քննիչն ասել է, որ տանի հարկերը վճարի, ինքն էլ վճարել է 37.000 ՀՀ դրամը եւ կտրոնը ներկայացրել է քննիչին: Լիցենզիա ստանալու համար պետք է գնալ Կենտրոնական բանկ, ապահովել տարածքը եւ հաշվեհամարին 1.000.000 ՀՀ դրամի չափով գումար ունենալ: Ինքը քննիչի մոտ ցուցմունք է տվել, քննիչը շարադրել է, ինքը հասկացել է, թե ինչ ցուցմունք է տալիս: Ինքը չի ցանկացել առերեսվել, քանի որ ինչ կար՝ ինքը ասել է»,-դատարանում հայտնել էր Գրիգորը:

Ամեն բան սկսվել է նրանից, որ մի երիտասարդ մոտեցել է նրան: Գրիգորն, ըստ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում առկա գործի նյութերի, խանութի մոտ կանգնած է եղել: Երիտասարդը 300 ԱՄՆ դոլար գումար է տվել, ինքը գումարը մանրել է, իսկ այդ երիտասարդի հետեւից դիմակավորված անձինք են նրան մոտեցել եւ նստեցրել են մեքենա, տարել: Գրիգորին ՊԵԿ աշխատակիցները որեւէ փաստաթուղթ կամ որոշում ցույց չեն տվել: Նա ասել է, որ օրական 1000 դրամից պակաս եկամուտ է ունեցել:

Վկա հարկայինի աշխատակիցներից մեկը ցուցմունք էր տվել, որ ունեցել են ինֆորմացիա, որ՝ «ֆիզիկական անձը չունենալով լիցենզիա, իրականացրել է առուվաճառք, իրենք իրականացրել են օպերատիվ միջոցառում եւ արդյունքում պարզվել է, որ տվյալ կազմակերպությունը՝ նախկինում տվյալ հասցեում ունեցել է լիցենզիա, իր տեղեկությունով՝ նախկինում աշխատել է Հովսեփը եւ մի քանի տարի առաջ ժամկետը լրացել է, իսկ առուվաճառքը իրականացրել է ամբաստանյալը եւ վերջինս լիցենզիա չի ունեցել: Ամբաստանյալին հրավիրել են բաժին, արձանագրել են փաստը, ֆիքսել են, որ չունի պետական գրանցում, լիցենզիա»: Վկան չի հիշել Գրիգորի կողմից արտարժույթով զբաղվելու փաստը իրեն ե՞րբ է հայտնի դարձել:

Գրիգորի պաշտպանությունն իրականացրած ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Թովմասյանի (լուսանկարում) հարցին՝ համապատասխան որոշման կամ իրենց հանձնարարականի մեջ արդյոք կա՞ր նշում, որ Ներսեսյանն է կոնկրետ այդ գործով զբաղվում, հարկայինի աշխատողը պատասխանել է՝ «գաղտնի տեղեկություն է»:

Մարզի ընդհանուր իավասության դատարանը ճանաչել եւ հռչակել է ամբաստանյալ Գրիգոր Ներսեսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, նրան արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նշեմ, որ սա նրա պաշտպանի՝ Մարինե Թովմասյանի աշխատանքի արդյունքում այս տարվա թվով երրորդ արդարացման դատավճիռն է, Գրիգոր, Ռոբերտ Թավաքալյան, Գառնիկ Մեսրոպյան: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել արդարացման դատավճիռը:

«Դարի հանցագործը»՝ 3-րդ կարգի հաշվանդամ, թոշակառու Գ. Ներսեսյանը բնակվում է ընտանիքի հետ, չի աշխատում, նախկինում էլ չի աշխատել: Ունի ֆինանսական խնդիրներ, տունը գրավադրված է, ունի վարկեր, որոնց ամսական վճարումները հաճախակի չի կարողանում կատարել: Ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում: Ունի մեկ որդի, երկու դուստր: ՌԴ-ում բնակվող եղբայրը Հայաստան ժամանող իրենց ազգականի հետ նրան էր ուղարկել մոտ 500 000 ՀՀ դրամի չափով գումար, որի մի մասը ցանկացել է ներդնել տարադրամի առքուվաճառքի մեջ. «Երբ նկատել է մարդկանց, ում մոտ տեսել է արտարժույթ՝ հասկացել է, որ նրանք փոխանակման կետ են ման եկել եւ ինքը նրանց առաջարկել է, որ իր մոտ փոխեն տարադրամը: Հիմնականում փոխել է դոլար եւ ռուբլի ՀՀ դրամով, փոխարժեքը պարզել է ինտերնետի միջոցով, որտեղ կուրսերը կար, հիմնականում օգտվել է բանկի կուրսից»:
Անդրանիկ նիստը նշանակվել էր 2021 թվականի հուլիսի 9-ին:

Ամբաստանյալ Գ. Ներսեսյանը նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 188.1 հոդվածի 1-ին մասով իրեն լիովին մեղավոր է ճանաչել, սակայն դատաքննության ժամանակ հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել էր ցուցմունք տալ:
Գրիգորը կասկածյալի կարգավիճակով ցուցմունք էր տվել, ասել, որ հունվարի 30-ից մինչեւ իրեն բերման ենթարկելու օրը՝ ապրիլի 13-ը, ինքը ստացել է 50 000 ՀՀ դրամ գումարի եկամուտ: Հայտնել էր, որ այդ գումարից որեւէ հարկային վճարում չի կատարել:

Նախաքննության ժամանակ «ընդունել» է, որ իր արարքի հետեւանքով պետությանը վնաս է պատճառվել, պատրաստ է փոխհատուցել իր ստացած 50 000 ՀՀ դրամ եկամտից ձեւավորվող ողջ հարկերը՝ 37 000 ՀՀ դրամը, ՊԵԿ-ում իրեն հայտնել են, որ նաեւ վնաս է կազմում լիցենզիայի վճարը՝ 1 000 000 ՀՀ դրամը, որը ինքը չի կարող վճարել, քանի որ այդքան ֆինանս չունի:

2021թ. մայիսի 7-ին Գ. Ներսեսյանը, որպես մեղադրյալ, պնդել էր որպես կասկածյալ տված իր ցուցմունքը, զղջացել էր կատարածի համար, հայտնելով, որ սեղմ ժամկետում կկատարի վնասի փոխհատուցում եւ կներկայացնի վճարումը կատարված լինելու մասին կտրոնը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930