Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլհամ Ալիեւը, միգուցե միջանցք ասելով, այլ բան է հասկանում, մենք՝ այլ»

Հունիս 20,2022 14:00

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Ադրբեջանը չի համակերպվելու այս իրավիճակի հետ, դրա համար նա մի կողմից իր հայտարարություններով այնպիսի բանակցություն է ստեղծում, որպեսզի նոր պատերազմ չլինի, բայց մյուս կողմից էլ հանրության հետ խոսելիս ավելի պարզ ասում է, որ, այո, մենք այդպիսի հայտարարությամբ ենք հանդես գալիս, բայց դա դեռ չի նշանակում, որ բերելու է հարյուր տոկոսանոց խաղաղության։

«Իլհամ Ալիեւի հայտարարությունները եւ՚ շանտաժ են, եւ՚ զգուշացում, եւ՚ սպառնալիք»,-«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, թե բանավոր պայմանավորվածություններ ունի հայկական կողմի հետ, որ ընդհանրապես չպետք է բարձրացվի Արցախի կարգավիճակի հարց. դա գնահատել որպես շանտա՞ժ, սպառնալի՞ք, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ Իլհամ Ալիեւն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն ընդհանրապես նետվի պատմության աղբարկղ եւ ընդհանրապես մոռացվի։ Նա մանրամասնեց. «Դրա համար անընդհատ այդ թեմայի հետ կապված, երբ հարց է բարձրացվում, նրա մոտ ջղաձգումներ են սկսվում։ Նաեւ պատահական չէ, որ էլի մի քանի անգամ հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն արդեն լուծված է։ Նույնիսկ նշել է, որ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված է»։

Հետաքրքրվեցինք՝ այս հայտարարությունները կապվա՞ծ են ՀՀ ընդդիմադիր, վերլուծական շրջանակների այն մտահոգության հետ, որ հուլիսին ՀՀ իշխանությունները պատրաստվում են հանձնել Բերձորը, Արմեն Վարդանյանն այս առիթով ասաց. «Բերձորի հանձնումը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներից մեկն է։ Եվ այո, ըստ այդ փաստաթղթի՝ պետք է հանձնվի։ Դա նորություն չէ։ Ժամանակային առումով ուղղակի նշվում էր՝ երեք տարի հետո, բայց Ադրբեջանը շատ արագ կառուցեց այլընտրանքային ճանապարհ եւ միգուցե ժամանակային առումով փորձի ավելի շուտ Լաչինի միջանցքը կամ Բերձորի հատվածը ստանալ։ Բայց ընդհանուր առմամբ այդ կետը, այդ մասին դրույթ կա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Կարծում եմ՝ սա այլ հարց է։ Այստեղ նոր բան չկա այն առումով, որ արդեն երկու տարի այդ մասին կա գրավոր փաստաթուղթ»։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին՝ քաղաքագետն ասաց. «Ալիեւը միշտ արել է այնպես, մանավանդ պատերազմից հետո, որ կարգավորման հարց ընդհանրապես չբարձրացվի որեւէ ձեւով։ Դրա համար սպառնալիքներ է մղում ՀՀ իշխանությունների, ՀՀ հասցեին։ Նաեւ պատահական չէ, որ դրան զուգահեռ նաեւ տարածքային նկրտումներ է ցույց տալիս ՀՀ-ի հետ. ասում՝ իբր հայկական Սյունիքն Արդբեջանին է պատկանում, որ ՀՀ-ն ընդհանրապես որեւէ կերպ, որեւէ ձեւաչափով չբարձրաձայնի կարգավիճակի հարց, այլ ավելի հումանիտար հարցեր բարձրացնի»։

Արմեն Վարդանյանին հիշեցրինք՝ Իլհամ Ալիեւը Բաքվի 9-րդ համաշխարհային ֆորումում իր ելույթում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հարավային Կովկասում խաղաղության հիմնարար տարրերից մեկն է եւ հարցրինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի այս հայտարարությունը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իլհամ Ալիեւը, միգուցե միջանցք ասելով, այլ բան է հասկանում, մենք՝ այլ։ Համենայն դեպս, միջանցք բառն այստեղ այդքան էլ պարզ չէ։ Միջանցք տերմինը սովորաբար ավելի շատ էքստրատերիտորիալ կարգավիճակ է ենթադրում։ Այսինքն՝ եթե բուն բառի հետեւից ընկնենք,  դա ենթադրում է ՀՀ տարածքով անցնող որոշակի հատված, որը ՀՀ-ի ինքնիշխանության ներքո չի գտնվելու։ Բայց միգուցե ինքն ավելի շատ հոգեբանական առումով է այդ տերմինն օգտագործում, միգուցե ուղղակի  կապող օղակի իմաստով է օգտագործում՝ որպես Նախիջեւանի հետ կապող մի ճանապարհ, որը հայկական կողմը չի մերժում։ ՀՀ-ն պատրաստ է տրամադրել այդ ճանապարհը Ադրբեջանին, որ Ադրբեջանը կապ ունենա Նախիջեւանի Հանրապետության հետ, բայց դա պետք է լինի ՀՀ լիակատար ինքնիշխանության ու վերահսկողության ներքո։ Այն ձեւով,  որ Ալիեւն էր ցանկանում եւ նույնիսկ մեկ անգամ դրա մասին ավելի բարձրաձայն հայտարարեց, որ այնտեղ ՀՀ իշխանությունը  վերահսկողություն չպետք է ունենա, դա միանշանակ չի լինելու։ Հայաստանի համար դա կարմիր գիծ է,  եւ վստահ եմ, որ այդ քայլին ՀՀ իշխանությունը չի գնա»։ Մեր հակադարձմանը՝ ի՞նչն է այդ վստահությունը տալիս, երբ ասում եք, որ Ալիեւը հավանաբար այդ իմաստով միջանցք նկատի չունի, եթե նա արդեն Երեւանի մասին է խոսում, Սեւանի, ապա ինչո՞ւ չպետք է ունենա այդ հավակնությունը, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Նախկինում էլ է նա խոսել Երեւանի ու Սյունիքի մասին։ Այդ մասով ավելի շատ ներքին լսարանին է ուղղված։ Ինքն իրեն քաջ աքլորի տեղ է դրելգ դրա համար նման հայտարարություններ է անում։ Ինքն էլ շատ լավ գիտակցում է, որ դա երբեւէ չի լինի։ Ադրբեջանը չի կարող ուժով կամ բռնությամբ տիրանալ այդ միջանցքին»։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ այդ ելույթն ավելի շատ ներքին լսարանի համար էր եւ պարզաբանեց. «Թեկուզ շատ ընդդիմադիրներ կամ փորձագետներ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում մեր վտանգները, ես զգում եմ, որ ինքը շատ լավ հասկանում է՝ քանի դեռ հակամարտությունը լուծված չէ, ամեն պահի նոր պատերազմ կարող է լինել։ Պարզապես հաշվի առնելով, որ մենք պատրաստ չենք նոր պատերազմի, ինքն այլ հռետորաբանություն է օգտագործում։ Ավելի շատ խաղաղության, կառուցողական դիրքերից է հանդես գալիս եւ բնականաբար, չի կարող այս փուլում ռազմատենչ հայտարարություններով հանդես գալ, քանի որ մենք նոր պատերազմի հնարավորություն չունենք։ Բայց ես վստահ եմ, որ ինքը հոգու խորքում գիտի, որ Ադրբեջանը այնպես չէ, որ համակերպվելու է այս իրավիճակի հետ եւ փորձելու է ժամանակի ընթացքում նաեւ նոր պատերազմ սկսել ՀՀ-ի դեմ Արցախի մյուս մասը զավթելու համար։ ՀՀ վարչապետն էլ շատ լավ գիտի, որ Ադրբեջանը գնում է այդ քայլին։ Դրա համար նա մի կողմից իր հայտարարություններով այնպիսի բանակցություն է ստեղծում, որպեսզի նոր պատերազմ չլինի, բայց մյուս կողմից էլ հանրության հետ խոսելիս ավելի  պարզ ասում է, որ, այո, մենք այդպիսի հայտարարությամբ ենք հանդես գալիս, բայց դա դեռ չի նշանակում, որ բերելու է հարյուր տոկոսանոց խաղաղության։ Ամեն պահի կարող է պատերազմ լինել։ Այդ հայտարարությունը ԱԺ-ում արեց, քանի որ ներքին լսարանի համար էր։ Իսկ միջազգային հանրության մոտ ինքը, բնականաբար, պետք է այս փուլում ավելի խաղաղության դիրքերից հանդես գա, քանի որ այս պահին նոր պատերազմ սկսելու ուժ չունենք. դրան պատրաստ չենք։ Եվ դրան համապատասխան հռետորաբանություն պետք է օգտագործի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930