Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց թողնվեց սահմանադրական սահմանափակումները հարգելու եւ դրանք պահպանելու մշակույթի ներդրման պատմական շանսը». Արթուր Ղամբարյան

Հունիս 20,2022 13:30

Ձեզ ենք ներկայացնում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի՝ օրերս լույս տեսած «Հայոց պետականության պահպանման սահմանադրաիրավական ուղիները» գրքույկից «Վստայության հանրաքվե կազմակերպելու առաջարկը չընդունելու հետեւանքները» հատվածը:

Ամենակարեւոր հարցը՝ քաղաքական իշխանությունն արդյոք ընդունե՞ց ՀՀ սահմանադրական դատարանի՝ վստահության հանրաքվե կազմակերպելու առաջարկը եւ կազմակերպե՞ց վստահության հանրաքվեն։ Վերը նշվածից արդեն հասկանալի է, որ քաղաքական իշխանությունը, ելնելով բացառապես հարցի քաղաքական արդյունավետության եւ պատվախնդրության (ուժի) դիրքերից, չէր ընդունելու վստահության հանրաքվե կազմակերպելու սահմանադրական առաջարկը։ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելու հաջորդ օրը ՀՀ Նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ վստահության հանրաքվե կազմակերպելու առաջարկությունն առնվազն զարմանք է հարուցում եւ, բնականաբար, չի կարող իրավական որեւէ ազդեցություն կամ հետեւանք ունենալ: Վստահության հանրաքվե կազմակերպելու՝ պոզիտիվ իրավակիրառ տեսանկյունից ոչ պարտադիր առաջարկի կամավոր կատարումը կհամարվեր քաղաքական իշխանության ինքնասահմանա-դրականացման բացառիկ օրինակ, ինչը, ամենայն հավանականությամբ, ապագայում կձեւավորեր հանրային կյանքը սահմանադրական կանոններով (սահմանափակումներով) ապրեցնելու, դատական իշխանությունը հարգելու եւ դրա նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ոտնձգություններ չթույլատրելու հրամայականը։

Այսպիսով, բաց թողնվեց հայ քաղաքական եւ պետական դերակատարների կողմից սահմանադրական սահմանափակումները հարգելու եւ դրանք պահպանելու մշակույթի ներդրման պատմական շանսը։ ՀՀ երկրորդ Նախագահը տարիներ անց վստահության հանրաքվե կազմակերպելու առաջարկին հաջորդած քաղաքական իրադարձությունների նկարագրությունը եզրափակում է հետեւյալ մտքով՝ «Բոլորն անմիջապես մոռացան հանրաքվեի մասին: Դրանով էլ ավարտվեց այդ պատմությունը»:

ՀՀ երկրորդ Նախագահը, երբ նշում է, որ վստահության հանրաքվեի մասին մոռացվեց, եւ պատմությունը դրանով ավարտվեց, ամենայն հավանականությամբ նկատի ունի, որ հետագայում վստահության հանրաքվե կազմակերպելու վերաբերյալ հանրային կյանքում տեսանելի պահանջներ այլեւս չհնչեցին։ Հանրաքվե կազմակերպելու առաջարկի մասին մոռանալու եւ այդ պատմությունն ավարտվելու վերաբերյալ գնահատականը պատրանքային է։ Նախ՝ նման գնահատականը հիմնված է բացառապես արտաքին աշխարհի տեսանելի հատկանիշների վերլուծության վրա։ Այսինքն՝ եթե չկա վստահության հանրաքվե կազմակերպելու մասին հասարակական-քաղաքական պահանջ, ուստի եզրահանգում է արվում, որ դրանով պատմությունն ավարտվեց։ Բացի այդ, այնպիսի տպավորություն է, որ երեւույթների նույնիսկ ռետրոսպեկտիվ (հետահայաց) գնահատականները ձեւակերպվում են առավելապես իշխանության ուժի կամ պատվախնդրության (թասիբի) դիրքերից, բայց ոչ՝ կառավարման իմաստասիրական եւ հեռատեսության պահանջների հիման վրա։

Ընդունելի է, այն միտքը, որ լինում են պահեր (կապված երկրի ճակատագրի հետ), երբ սեփական վճռից հետ կանգնելն ավելի պատվաբեր է, քան համառելը։

Արդյո՞ք կարելի է փաստել, որ վստահության հանրաքվեի պատմությունն իրականում ավարտվեց, արդյո՞ք դա նշանակում է, որ պատմական այդ ժամանակաշրջանում վստահության հանրաքվե կազմակերպելու եւ իշխանության լեգիտիմությունը վերստուգելու հասարակական սպասումները տարրալուծվեցին, իսկ հասարակական դիմակայությունը վերացվեց։ Այս հարցերին ապացուցման ֆորմալ-տրամաբանության կանոններով կամ էմպիրիկ փաստարկումներով դժվար, միգուցե նաեւ անհնար է պատասխանել, սակայն դրանց շուրջ դատողություններ հնարավոր է անել բնության (ֆիզիկայի) օրենքների հարթությունում։ Ըստ էներգիայի պահպանման եւ փոխակերպման օրենքի՝ էներգիան չի ստեղծվում եւ չի կորչում, ուղղակի փոխակերպվում է մի տեսակից մյուսը, անցնում մի մարմնից մյուս մարմնին:

Այլ կերպ ասած, ֆիզիկայի օրենքի համաձայն՝ ոչ մի էներգիա անհետք չի մնում կամ չի կորչում։ Նույնը նաեւ հասարակական օրգանիզմների պարագայում է. հասարակությունում կուտակված բացասական էներգիան ինքնին չի վերանում, այն կարող է փոխակերպվել այլ էներգիայի։ Այս դիրքերից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ հասարակությունում կուտակված բացասական էներգիան տարրալուծելուն (հասարակական դիմակայությունը վերացնելուն) ուղղված վստահության հանրաքվե կազմակերպելու առաջարկը չիրականացնելով՝ այն կուտակվեց եւ դրսեւորվեց այլ կերպ։ Այս համատեքստում կարելի է հավանական դատողություն անել այն մասին, որ վստահության հանրաքվեն չկազմակերպելով՝ ոչ թե այդ պատմությունն ավարտվեց, այլ դրվեց ողբերգական պատմությունների նոր սկիզբը։ ՀՀ Նախագահի հաջորդ ընտրությունից հետո՝ 2008թ. մարտի մեկին, բացվեց մեր պատմության ամոթալի էջերից մեկը՝ Երեւան քաղաքում կազմակերպվեցին զանգվածային անկարգություններ, եւ սպանվեց տասը մարդ։

Հասարակական դիմակայության էներգիան չտարրալուծվեց նույնիսկ 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո։ Հայաստանում 2018թ. տեղի ունեցավ իշխանափոխություն (այն կազմակերպողներն անվանում են հեղափոխություն), որի՝ պետականությանն սպառնացող վտանգները դեռեւս ամբողջ ծավալով բացահայտված չեն։

«Առավոտ» օրաթերթ
18.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930