Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դառնա՞լ, արդյոք, «Ազատ զույգ»

Հունիս 20,2022 12:00

«Մաչանենց» թատրոնի բեմից մեկնաբանում են

Կյանքի ընթացքը հաճախ է բախվում զգացմունքներին: Եթե չկա ինքնակառավարում եւ ուղի փնտրելու մտածված միջոց, ապա, մեղմ ասած՝ ձախողումները անթիվ են լինում:

Առաջին անգամ հինգ տարի առաջ է հանդիսատեսը հնարավորություն ունեցել «Մաչանենց» թատրոնում դիտել «Ազատ զույգ» մեկ գործողությամբ ներկայացումը: Դարիո Ֆոյի եւ Ֆրանկա Ռամեյի պիեսի հիմքով բեմադրությամբ Գրիշա Մնոյանը փորձել է ժամանակակից աշխարհի բարքերի, հակասությունների, զույգերի խենթությունների պատկերն ամբողջացնել բեմում, ցույց տալ այն կարեւոր կետը, որին հասնելը թեեւ դժվար է, սակայն սիրո միջոցով հնարավորություններ է ստեղծում առ մեծագույն նվաճում։ Իսկ սերը, միանշանակ, «Ազատ զույգ» ներկայացման մեջ նախ դրդապատճառ է, ապա՝ հնարավորություն։

Ընտրելով արդիական թեմա` կին-տղամարդ հարաբերությունների, կոնֆլիկտների, բարոյական «սայթաքումների», կարելի է ասել` բեմում ցույց տալով այդ ամենը, հակակրանք են առաջացնում նմանօրինակ արարքների հանդեպ եւ մեծագույն սիրո եւ հարգանքի ուղերձ հղում հանդիսատեսին։ «Մաչանենց» թատրոնի բեմը փոքր լինելով, ներդաշնակորեն համապատասխանում է ընտանեկան պատմություններով հագեցած ներկայացումներ խաղալու համար։ «Ազատ զույգ» ներկայացման դեպքում մենք համեստ բեմական ձեւավորում ենք տեսնում, թեեւ ինչ-որ պահի նույն բեմական ձեւավորումը խանգարում է ներկայացման ընթացքին: Բեմի հետնամասի մեջտեղում պայմանականության սկզբունքով զույգի անկողինն է, որի աջ եւ ձախ մասերի վարագույրը, մեղմ ասած, ոչ էսթետիկ պատկեր է ստեղծում:

Մամբրետիի դերակատար Գրիշա Մնոյանը եւ Անտոնյայի դերակատար Լիլիթ Հարությունյանը փորձում էին ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հանդիսատեսը ինչ-որ չափով հայտնվի այն ընտանեկան միջավայրում, որտեղ տեղի են ունենում գործողությունները: Սակայն մասամբ էր հաջողվում, որին էլ մեծապես խանգարում էր երաժշտական ձեւավորումը, հաճախ բեմն ազատ թողնելը, միագիծ ընթացքը: Սակայն այս ամենի կողքին կերպարների զգացմունքայնության, դրանց յուրովի մեկնաբանման մասին չենք կարող չխոսել: Մամբրետին եւ Անտոնյան թեեւ զույգ են, բայց այն բուռն հարաբերությունները, որը բնականում լինում է, նրանց մոտ չի ձեւավորվում, որն էլ բարկացնում է կին արմատին: Անտոնյայի կերպարին բնորոշ մանկամտության գծերը հաճախ ձանձրացնում են, իսկ Մամբրետին, որն ավելի հասուն է մտածում, կարծես ընթացքում «վարակվում» էր այդ մանկամտությամբ: Այս դիտարկումները չեն մղում եզրակացնելու, թե ներկայացումն ինքնին հաջողված չէր, բայց այն ավելի կշահեր, եթե ամեն գործողություն արդարացված լիներ եւ հանդիսատեսին պահեր մի կետի վրա: Դերասանների բեմական խոսքում նկատվում էին մի շարք թերացումներ, որոնք պարտադիր պետք է շտկել, խոսքին տալ բնականություն, ազատ ռիթմ:

Լիլիթ Հարությունյանի կիսասիրողական խաղը, կարծում եմ՝ ավելի կշահեր, եթե լիներ առանց այդչափ հուզական ընդգծման, քանի որ կատակերգությունն իրենից չի ենթադրում «բեմից խուտուտ տալ»:

Բեմադրիչ Գրիշա Մնոյանը, անկասկած, ունի գեղարվեստական հոտառություն եւ կերպարներին յուրահատկություն հաղորդելու վարպետություն: Դրա մասին են վկայում պիեսում պրոֆեսորի կերպարը, որը բեմում խրտվիլակի տեսքով է ներկայանում, նաեւ պարում Անտոնյայի հետ: Սակայն այս պարագայում, եթե ներկայացման մեջ խրտվիլակ է օգտագործվում, պետք է դրա մուտքն ու ելքն արդարացված լինի, յուրահատուկ ձեւով, որը նաեւ խորհրդավորություն կհաղորդի եւ ուշադրության կարժանանա:

Ներկայացման ավարտը հետաքրքիր լուծում ունի: Բեմադրիչը փորձել է «Ազատ զույգ» հասկացությունը մերժելով առաջ բերել սիրո հավերժությունը, որը, թեեւ, այսօրվա համար ցույց է տալիս շատ կարեւոր մի բան՝ առանց սիրո ոչինչ չի կարող լինել:

Լինե՞լ ազատ զույգ. այս հարցին «Մաչանենց» թատրոնի բեմից են պատասխանում` ոչ։ Իսկ հարցին` Գրիշա Մնոյանն ու «Մաչանենց» թատրոնը կարո՞ղ են ստեղծագործական նոր ուղի անցնել, պատասխանում ենք` այո։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930