Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ ծառայության անցած զինծառայողները կստանան բնակարան

Հունիս 20,2022 14:30

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օրենքով ամրագրվել է, որ ռազմաուսումնական հաստատություններ ավարտածները կստանան բնակարան, այսինքն՝ անշարժ գույքը նրանց անհատույց կտրամադրվի մինչեւ զինվորական թոշակի անցնելը։ Պաշտպանության նախարարության հեղինակած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն առաջիկայում «կմտնի» խորհրդարանի համապատասխան գլխադասային hանձնաժողով՝ քննարկման։

Մինչեւ այդ այն հանրային քննարկման էր դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Օրենքի նախագծի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվում է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն։ Ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներն անհատույց օգտագործման համար կստանան երեքսենյականոց բնակարան Երեւանում։ Այն տրվելու է անհատույց սեփականության իրավունքով, ընդ որում՝ սպան կարող է որոշել՝ բնակվե՞լ այդտեղ, թե ոչ, տա՞լ հարազատներին բնակության համար, թե՝ ոչ, հանձնե՞լ վարձակալության, թե ոչ։ Բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը եւ պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Հարկ է շեշտել, որ այս կարգավորումը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

Ուսումնասիրելով նախագիծը՝ արձանագրում ենք, որ այն պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության եւ ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ինչ վերաբերում է ընթացիկ իրավիճակին եւ խնդիրներին, ապա նշվում է, որ վերջին տարիներին նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ եւ որոշակիորեն ծանր պայմանների, ոչ համարժեք վարձատրության եւ սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում կարեւորվել եւ ամրագրվել է զինվորական ծառայության շահադրդման նյութական եւ բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, արհեստավարժ զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացումը, որի շրջանակում ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության եւ կադրային սպայական ծառայության գրավչության ապահովման նպատակով հրատապ է դարձել առնվազն կադրային զինվորականի ուղի ընտրող քաղաքացիների համար բնակարանային ապահովության այնպիսի մոդելի սահմանումը, որը հնարավորություն կտա 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողների համար լուծել բնակարանային ապահովության հարցը:

Ամեն տարվա համար անհրաժեշտ քանակով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերվելու 3 սենյականոց բնակարաններ՝ գումարային առավելագույն ելակետ ընդունելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված արտոնյալ եւ երկարաժմկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի առավելագույն արժեքը՝ 28.500.000 դրամ չափը։ Այդ բնակարանները ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո կհատկացվեն սպաներին. համապատասխան պայմանների առկայության դեպքում բնակարանը նաեւ սեփականության իրավունքով կտրամադրվի։

Ընդ որում, մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված եւ ավարտած (ավարտող) զինծառայողների համար նախատեսվում է սահմանել այս ծրագրից օգտվելու առաջնահերթության իրավունք (առանց վիճակահանության, կամ ներքին վիճակահանությամբ): Հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվելու է 20 տարի:

Հրապարակման պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930