Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած ընդդիմադիրների պնդումներին, թե իշխանության աջակիցները սպանել են իրենց առաջնորդին վիրավորելու համար՝ ոստիկանությունը վստահեցնում է․ «Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է»

Հունիս 20,2022 01:07

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ըստ համացանցում տարածված տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա: Ի սկզբանե կար մեկ զոհ և վեց վիրավոր, որոնց տեղափոխել են Երևանի «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ:

Մաթևոս Ասատրյանը տարածած հայտարարությամբ ժխտեց այդ պնդումները՝ մասնավորապես նշելով․ «Լուրերը, թե ես կամ իմ ընտանիքի անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ»։

ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հերքեց այդ տեղեկությունները՝ պնդելով, թե Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է․ «Հունիսի 19-ին’ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով’ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին’ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»։

Սակայն ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորներն իրենց ֆեյսբուքյան գրառումներով պնդել են կատարվածի քաղաքական համատեքստը։

Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյան․ «Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին:

Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:

Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին:

Հ.Գ. ժողովրդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք»։

Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան․ «Ոչ մի պատահական բան։ Մեր հանրային կյանքում գեներացվող ատելությունն ու անհանդուրժողականությունը մի օր պետք է այս դրսևորումն ունենար։

Երբ իշխանությունն իր քարոզարշավը մուրճով է սկսում ու անհնազանդ դատավորներին ահաբեկում պատերին ծփելու խոստումով, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Երբ ԱԺ նիստի ժամանակ քպ-ական «հարվածող բրիգադն» իջնում է իր տեղից և հարձակվում ընդդիմադիր պատգամավորի վրա, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Երբ փողոցային խուլիգանի վարքագծով, հետևից ընդդիմադիր պատգամավորին հարվածող քպ-ական պատգամավորն հրապարակայնորեն պատասխանում է, որ «պետք ըլնի դեմից էլ կխփի», ու շարունակում «պատգամավոր» աշխատել, շարունակությունն այսպիսին է լինում․․

Երբ ՊՊԾ պետը կին պատգամավորի մազերից քաշելով նրան դուրս է հանում ԱԺ դահլիճից ու մնում անպատիժ, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Երբ կարմիր բերետավորները բռնություններ են գործադրում անգամ պատգամավորի նկատմամբ, ու շարունակում մնալ ծառայության մեջ, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Երբ ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ, քաղաքական նկատառումներով, բաժնի պետի տեղակալը կտտանք է գործադրվում, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Թուրքից խաղաղություն մուրացողի, քաղաքական անունակի երկրում իշխանություն պահելու միակ ռեսուրսն այսպիսին է լինում՝ բռնության և տգիտություն․․․

Փրկելու ենք քեզ, Հայաստան»։

Արամ Վարդեւանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյան․ «Տեխնոլոգիաներով մեր ժողովրդին պառակտեցին, իրենց հանրային խոսքով` սև ու սպիտակով ատելություն բերեցին: Բերեցին պատերազմ, աղետ ու հազարավոր զոհեր:

Խաղաղության տեղը առավոտյան թուրքը սպանում է լուսավոր, պայծառ մեր երիտասարդ ԶԻՆՎՈՐԻՆ, երեկոյան օրվա իշխանությունների աջակիցները սպանում են իրենց առաջնորդին վիրավորելու համար: Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում հայրենակցի վրա կրակում ու սպանում: Ոստիկաններին օգտագործում են ընդդիմության դեմ, քննչականին ընդդիմության դեմ, իսկ իրական հանցագործներին թողում ու չեն էլ կանխում: Ձեր ստեղծած ներքին ատելությանը ուզեք, չուզեք վերջ ենք տալու, օրինականությունը վերականգնելու ենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930