Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարեկան զեկույցը որպես միջազգային եզակի նախադեպ առաջին անգամ փաստում է Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների շարունակական ոչնչացումը

Հունիս 19,2022 23:58

2022 թվականի ապրիլ ամսին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի  կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի տարեկան զեկույցն Ադրբեջանում 2021 թվականին կրոնական ազատության պայմաններն ընդհանուր առմամբ գնահատել է բացասական միտումներով՝ դիտարկվող խնդրի շրջանակ ներառելով նաև Արցախում (Լեռնային Ղարաբաղ՝ ըստ փաստաթղթի)  կրոնական և մշակութային ժառանգության արժեքների պահպանության հարցերը (ավերածությունները, ոչնչացումներն ու պատմական փաստերի խեղաթյուրումը),  որոնք ավելի մտահոգիչ են դարձել  2020 թվականի նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ  անցած տարածքներում:

Թեև ադրբեջանական մամուլը վերջին օրերին ջանք չի խնայում խեղաթյուրել զեկույցի ողջ բովանդակությունը՝ տարածելով ապատեղեկատվություն, այնուամենայնիվ, զեկույցի հրապարակված ինչպես հակիճ, այնպես էլ ամբողջական տեքստում մանրամասն նշված են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ավերածությունների և դրա շուրջ պետական քաղաքականության դրսևորումները` անդրադառնալով թե՛ պատմությանը, թե՛ մեր օրերին։

Մասնավորապես, ԱՄՆ-ի կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի տարեկան զեկույցի առանցքում Caucasus Heritage Watch-ի արբանյակային պատկերների փաստագրումներն են, որոնք վկայում են հայկական երկու գերեզմանոցների, մզկիթի, մի քանի եկեղեցիների ավերումների մասին, որոնք թեև որպես միջազգային հանցագործութուն արդեն փաստագրված են (ԵԽԽՎ բանաձևեր, Հաագայի արդարադատության միջազգային դատարան), այնուամենայնիվ անպատժելի են հենց Ադրբեջանի կողմից։ Թեև Ադրբեջանի կառավարությունը 2020 թվականին հայտարարեց, որ երկու զինվորի մեղադրանք է առաջադրվելու հայկական գերեզմանաքարերը ոչնչացնելու համար, սակայն իշխանությունները հրաժարվում են այդ դեպքերի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակել։ Զեկույցը փաստագրել է CHW-ի արբանյակային լուսանկարների հավաստմամբ  հունիս և սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցած հայկական մշակութային և կրոնական վայրերի ոչնչացումները և ներկայացրել, որ շինարարության պատճառով դրանք այսօր ևս գտնվում են վտանգի տակ։

Զեկույցն անդրադարձել է վերջին շրջանում միջազգային կարևոր ատյաններից հնչող եզակի նախադեպերին՝ կարևորելով թեˊ Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերյան որոշումը, որով հորդորվել էր Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ …  եկեղեցիները և այլ պաշտամունքային վայրերը … գերեզմանատները»,  և թե՛ ԵԽԽՎ  մի քանի բանաձևերին «Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութան ոչնչացման հետ կապված»։ Զեկույցը մեջբերելով ԵԽԽՎ բանաձևի կարևոր հատվածները, վերահաստատել է դրանց նշանակությունը․ հատկապես․ «6-շաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգությանը միտումնավոր պատճառված վնասը, ինչպես նաև Շուշիի [Սուրբ Ամենափրկիչ տաճարի] միտումնավոր գնդակոծությունը և այլ եկեղեցիների ու գերեզմանատների ոչնչացումը կամ վնասումը հակամարտության ընթացքում և դրանից հետո»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2021 թվականի միջազգային կրոնական ազատության մասին զեկույցը որպես միջազգային եզակի նախադեպ առաջին անգամ փաստում է Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների շարունակական ոչնչացումը: Մասնավորապես, այն քննադատում է Արցախի քրիստոնեական ժառանգության, հայկական ինքնությունը ժխտելու Ադրբեջանի «աղվանականացման» քարոզչությունը։ Այս ամենի հետ կապված կազմակերպությունն առաջարկել է ԱՄՆ-ի կառավարությանը ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և կրոնական կամ մշակութային այլ վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար։

Զեկույցը, դատապարտելով հայկական եկեղեցիներն աղվանականացնելու ադրբեջանական քաղաքականությունը, որպես օրինակ մեջբերել է մայիսի 4-ին Ադրբեջանի  Արտաքին գործերի նախարարության այն հայտարարությունը, որով  ադրբեջանական կողմից ֆինանսավորվող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վերակառուցումը պետք է «համապատասխաներ բնօրինակ ճարտարապետական ​​ոճին», բայց արդյունքում պարզ դարձավ, որ տաճարը նույնպես վերագրվում է «աղվանական» ժառանգությանը։ Զեկույցը նշում է, որ հայկական կողմը համոզված է, որ նման հայտարարություններով փորձ է արվում թաքցնել եկեղեցու հայկական արմատներն ու կառուցվածքը, ներառյալ բնօրինակ գմբեթը: ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը մեղադրել է Ադրբեջանին ակտիվորեն «պատմական փաստերի կեղծման քաղաքականություն» իրականացնելու մեջ՝ երբ գրավյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության վայրերը հռչակում են  «կովկասյան-աղվանական»։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը զեկույցում մտահոգություն է հայտնել նաև 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո հայ ուխտավորների՝ Դադիվանք այցելության հետ կապված խնդիրներին և փաստել, որ դժվարացել է հայ ուխտավորների այցը ամբողջ տարվա ընթացքում, իսկ փետրվար և ապրիլ ամիսներին ուխտավորների երկու խմբերին արգելվել է մուտք գործել վանք։

Հատկապես ուշագավ է այն, որ զեկույցն անդրադարձել է ոչ միայն պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական մշակութային արժեքների ոչնչացման դեպքերին, այլև ներկայացրել Նախիջևանի ոչնչացումները։

Հունիսին The Art Newspaper-ը հրապարակեց մի զեկույց՝ օգտագործելով արբանյակային պատկերներ, որոնք մանրամասնում էին Նախիջևանի Ագուլիսի միջնադարյան հայկական եկեղեցիների ավերածությունների մասին: Եկեղեցիները առկա են եղել  1977 թվականին արված  նկարներում, սակայն բացակայում էին 2016 և 2019 թվականների պատկերներում: Դրանցից են Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Թովման,  Սուրբ Քրիստափորը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Սուրբ Աստվածածնի Մեծ Անապատը և Սուրբ Հակոբ Հայրապետը։

The Art Newspaper-ը նաև պատմել է Նախիջևանի ողջ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման մասին, որը ժամանակին ներառում էր 89 եկեղեցի, 5840 խաչքար և ավելի քան 22000 տապանաքար՝ անկախ հետազոտող Արգամ Այվազյանի կողմից հավաքված 1964-87 թթ. փաստաթղթերի համաձայն:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930