Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմության կատաստրոֆան՝ պետության փրկօղակ

Հունիս 19,2022 14:20

«Ի տարբերություն այլոց, պոռնոհամքարությունը ավելի է հարմարված շուկայական հարաբերություններին և պակաս է կախված խուճապի շնորհիվ հիերարխիայի ավանդապահության։ Ոչ մի տեղ ապրանքն ու գինը այնպիսի հեշտ ու առանց բարդության չեն գտնում իրար, ինչպես մարդկային գործունեության այս ոլորտում»

։Վանո Սիրադեղյան, «Դեսանտ Սալոնիկում»

Եվ ուրեմն ընդդիմությունը, ով հետպատերազմյան առաջին օրերից սկսած անցավ բուռն գործունեության և ամիսներ անց` 21 թվի ամսի 21֊ին, տապալվեց համապետական ընտրություններում` ընդամենը ձեռք գցելով պառլամենտական բան չորոշող թիքաներ, հիմա նորից տորպեդահարվեց` ոչինչ չստանալով ու ոչ մի բան չտալով։

Պայքարը լինում է սաստիկ, հերոսական, դրամատիկ, գեղեցիկ, հիշվող։ Լինում է, երբ պարտվողներին մատուցվող ակնածանքը չի զիջում հաղթողների վայելած հարգանքին։ Իհարկե, տանուլ տրվածները ոչինչ չեն որոշում, բայց պատիվը կարող են ու պարտավոր են պահպանել։ Հիշենք Ֆրանսիայի Ֆրանսուա Առաջինին` Պավիի ճակատամարտից հետո։

Բայց արի ու տես, որ մեր օրերում «մերոնք» նորից պիտի խփեին արժանապատվության և բանականության հակառեկորդները` ցուցադրելով մարտնչող թուլամտություն և ոգեղենության տկարություն։

Հայ քաղաքական դաշտի այն ստվար հատվածը, որը ստվարաթղթի նման սփռվել է քրքրված և բերանքսիվայր գետնին ընկած երկրի ու բզկտված հոգեվիճակ ունեցող մարդու վրա,  հերթական ծաղրածուիադան բեմադրեց Երևանի հենց մեջտեղում, բայց ոչ մարդկանց սրտում։

Մեկնարկելով ապրիլի 17֊ին, երբ Ազատության հրապարակում մեկնարկեց Վանեցյանը, և տևելով մոտ երկու ամիս, այն անփառունակ ավարտվեց հունիսի 14֊ին` ողջ ընթացքում ոչ մի առարկայական հաջողության չհասնելով։ Չկա հնչեցրած մի միտք, որը մնա ընդմիշտ տպավորված, ի հայտ եկած նոր֊գործիչ հայտնություն, ով կկարողանա առանձին շարունակել, գեթ մեկ գործողություն, որի մասին կխոսեն որպես հետաքրքիր տակտիկական քայլի։ Որևէ առարկայական գործ, որը որ կվերածվի հետքի և իր հետագիծը կունենա,  այս ընդդիմությունը ունակ չեղավ անել֊թողնելու։

Եվ խոստացված մասսա֊մոմենտի փոխարեն եղավ օդի բացթողում։

Մինչդեռ լաոին զարթնեցնելու ապարդյուն ջանքեր գործադրողները, ովքեր բերանները բացում էին մինչև Թուրքիա և անդին (հերթական ազգայնական դարավոր պոռոտախոսության ոճով), այդպես էլ չկարողացան իրենց մեջից առաջնորդ առաջ քաշել, օրակարգ ձևավորել, դինամիկ մարտավարություն մշակել և մնացին տրեխային գաղափարախոսության գավառամոլական դրսևորման մեջ` դույզն ինչ վտանգ չներկայացնելով փաշիստական վարչակազմի համար։

Նրանք ավարտվեցին որպես գործոնի հավակնորդ, և շախմատային էնդշպիլի վարպետը, երբ որ ասաց, թե «ընդդիմության առաջնորդը կասի…», այդպիսով դաշնակցական կոորդինատորին կարգեց լիդերի դերում, հերքեց պրոցեսի իբր ղեկավար չունենալը և կախեց անհաջողության պատասխանատվությունը «Դիմադրություն» կոչվող միավորի և նրա թիկունքում կանգնածների վրա։

Դրանից հետո՝ երկու օր անց, երբ ՀՅԴ-ի ներկայացուցիչը փակման (թաղման) կարգն էր կատարում` խուսափողական անհաջող փորձեր կատարեց, բայց ասվածն արդեն լսված էր։

Ինչպես ասում են, “Сердечный привет” Սերժ Սարգսյանից։

Իր ժամանակում, որը մարդկության պատմության ամենաաստեղյան էպոխաներից է, Նապոլեոնը բոլոր ժամանակների և մարդկանց համար ասել֊սահմանել է. «Պատերազմում (մենք հասկանանք պայքարի ամեն տեսակ) լինում է ընդամենը մեկ բարեպատեհ պահ ՝ մեծագույն արվեստը կայանում է նրանից օգտվել կարողանալու մեջ»։

Օրվա ընդդիմությունը այդ պահը բաց թողեց պատերազմից հետո.

  1. I) Երբ չկարողացավ 9-ի գիշերը լույս 10-ի առավոտյան իշխանությունը վերցնել։

Ապա.

  1. II) Չկարողացավ Նիկոլի օդը փակել և թույլ չտալ, որպեսզի նա վերադառնա բնականոն իր շարժին ու խոսափողին, ամբիոնին, և վերջինս հնարավորություն ստացավ դառնալու ներքին հակամարտության կողմ։

III) Մոմենտը պահանջում էր մեկ հարվածով հարցի լուծում, մինչդեռ իրենք անցան ասֆալտային ձգձգված պայքարի ոճին  Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ով էական ազդեցություն չուներ հավաքվածների վրա, որովհետև առաջ էր քաշվել այդ դերի համար ուրիշների կողմից որպես միջանկյալ ֆիգուր, ոչ թե զբաղեցնում էր այդ դիրքը դիրքավորվածների շրջանում իր ունեցած հեղինակության շնորհիվ։

  1. IV) Համաձայնվեցին գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների (այստեղ խոսքը միայն Քոչարյանի (հասկացի Դաշնակցություն) մասին է, ով մերժեց Տեր֊Պետրոսյանի և Սերժի առաջարկները` այն է կամ չմասնակցել, կամ մի ճակատով առաջադրվել «Ազգն ընդդեմ Նիկոլի» կարգախոսով, (ձևակերպումը առաջին նախագահի), որը խայծ էր։
  2. V) Ընտրություններում պարտվելուց հետո վերցրեցին մանդատները ու էական ոչինչ չարեցին։

Այս ամենից հետո այս ընդդիմության կողմից ձեռնարկվելիք ամեն ինչը ենթակա է ձախողման։

Սխալը գալիս է 2018 թվականից։

Երբ իշխանությունը դարձավ ընդդիմություն և ակնհայտ էր, որ Քոչարյանը իր դեմքով է ուզում վերադառնալ` պետք էր մարտավարություն մշակել, որը կունենար մի քանի սանդղակ։ Այստեղ պլան B-ի դեպքի համար, երբ ընդդիմության առաջին դեմքի մոտ չստացվեր իշխանություն վերցնելը, վարագույրի հետևից պիտի ասպարեզ դուրս գար պատրաստված «քնած ագենտը», որը ջոկերի դեր կխաղար։

Դրա համար նրանք ունեին բոլոր ռեսուրսները։ Բայց սա պետությունը նիկոլիզմից ազատելու բյուրեղյա նպատակի ժամանակ։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ մոտիվացիան ուրիշ է և խնդիրը յուր անձով վերադառնալու մեջ է։

Տվյալ համատեքստում պարտադիր է հաշվի առնել Ռոբերտի և Սերժի միջև եղած ոչ հրապարակային հակամարտությունը, շահերի ու ռիսկերի բախումն և չհամընկնումը, որոնց արմատները գալիս են 00֊ական թվականներից, նրանց համատեղ իշխանավարման շրջանից, երբ Սերժ Սարգսյանը, զբաղեցնելով ՊՆ նախարարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, իր ազդեցությամբ դե ֆակտո երկրի փոխնախագահի կարգավիճակ ուներ։ Իշխանական (ոչ թե քաղաքական) այս դաշինքի գոյության ժամանակ և հետո Սարգսյանը Քոչարյանի նկատմամբ շահած է դուրս գալիս։ Ակնհայտ էր, որ երկրորդ նախագահը իր պրեզիդենտության ավարտի շեմին փորձում էր Սերժ Սարգսյանին չտալ ամբողջական իշխանություն և ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ իր ազդեցությունը կգերակշռի նրա նկատմամբ։ Դա ձախողվեց պառլամենտական 2007թ. ընտրությունների արդյունքում, իսկ 2007֊08 ին Տեր֊Պետրոսյանի պես գերծանր քաշայինի պայքարի մեջ բացահայտ մտնելը մահացու վտանգ ստեղծեց իշխանության համար` քանդելով Քոչարյանի պլանները ներսում, երբ պետք էր ներթիմային խաղերը վերջացնել և կոնսոլիդանալ։ Դրանից հետո՝ Սարգսյանի նախագահության տարիներին, Քոչարյանը որպես տուրիստ-քաղաքական գործիչ մերթընդմերթ հանդես էր գալիս քննադատությամբ, այդպես էլ չկարողանալով կյանքի կոչել 2008թ. իր այն ասածը, որ ինքը «գնում է կարճատև հանգստի և չի պատրաստվում դառնալ երիտասարդ թոշակառու»։ Թե ինչո՞ւ Ռոբերտը Սերժից չազատվեց, ինչը կարող էր անել, օրինակ մինչև 2005֊06թ.թ. և չտարանջատվեց 2018թ. հետո, երբ հանգամանքների բերումով ավելի առարկայական ակտիվանալով, քննադատության իր թնդանոթները չուղղեց, ինչպես Փաշինյանի, այնպես Սարգսյանի ուղղություններով հավասարապես` այդպիսով նրանց իրար կապելով և իրեն երրորդ նախագահից առանձնացնելով, կարելի է վերլուծել որպես հաշվարկների սխալ, հնարավորությունների սահմանափակում կամ ենթադրել, որ կա գաղտնիքների մի դաշտ, որը Ռոբերտին ու Սերժին չի թույլ տալիս բացահայտ իրար հարվածել։ Մինչդեռ Սերժ Սարգսյանին ձեռք է տալիս ստեղծել իմիտացիոն այն տարածքը որում ինքն ու Քոչարյանը միասին են երևում` այդպիսով Ռոբերտին քաշելով ներքև։

Ընդդիմադիր տվյալ ֆորմատը չորս բանի համար կարող էր հավաքվել.

  1. I) Հասկանալով, որ չեն կարողանալու հավաքել զանգվածի այն չափը, որը կպարալիզացնի երկիրը ու ավտոմատ կերպով կբերի իշխանափոխության` նրանք (խոսքը ոչ բոլորին է վերաբերվում) խնդիր ունեին հավաքելու մի քանի հազար մարդ և այս քանակի ակցիաների մակերեսային ծխածածկույթի տակ մեկ այլ գործողություն կազմակերպելու ու իրականացնելու։
  2. II) Իրականում պայքարը գնացել է ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմության փոփոխության համար` մոտալուտ կամ երկարատև կառուցողական նպատակներից ելնելով։

III) Պայմանավորված պրոցես իշխանության֊ընդդիմության կողմից բեմադրված` կապված արտաքին ինչ-որ հանգամանքի հետ։

  1. IV) Ընդդիմությունը հասկանում ու կարողանում է այսքանը` ավել բանին ունակ չէ։

Այսպիսով, ընդդիմությունը ձախողվում է, որովհետև չի ապաշխարում, չի կոնվերտացվում, սեփական օրակարգն ու լիդերին առաջ չի քաշում, մարտավարություն չի մշակում, կադրային բանկը չի փոխում, չի թոթափում իր վրայից անցյալի փոշին։ Կարճ ասաց՝ իր դեմքը չի լվանում։

Սա ձեռք է տալիս փաշիստական վարչակազմին` միանշանակ։ Նիկոլի համար ավելի հարմար պառլամենտական և փողոցային հակառակորդ չկա։ Փաշինյանը կարդացել և հասկացել է այսօրվա իր թշնամիներին և նրանց գոյությունը նրա կառավարման կենսության թթվածնի բալոնի դերն է կատարում։

Տվյալ տրամաբանության մեջ ուշադրությունից բաց չթողնենք այն փաստը, որ Նիկոլը իր կողմից հռչակված նախկինների փողին խոշոր հաշվով չի կպել, ֆինանսների բռնագանձում և սեփականության վերաբաշխում չի կատարել։ Կարևորագույն մի հանգամանք  տեսարանին ճիշտ դիտանկյունից նայելու համար, քանի որ գանձակուտակումը և դրա պահպանումը առաջնային դեր ունի ընդդիմադիրների քաղաքական ղեկավարության կյանքի ու գործի համար։ Հիշենք հանճարեղ ֆլորենտացուն. Մաքիավելին պնդում էր, որ «Ատելությունից խուսափելու համար տիրակալի համար անհրաժեշտ է զերծ մնալ սեփականության նկատմամբ ոտնձգություններից…»։

Ինչպես նաև այդպես էլ ոչ ոք չդատապարտվեց և դեռ վրադիր էլ ՔՊ֊ի հավաքած ՍԴ֊ն Քոչարյանի վրայից հանեց մարտիմեկյան խարանի իրավական հատվածը։

Սրանք Նիկոլի կողմից հռչակած «անխոնջ» պայքարի ուրացման ծաղիկներն են։

Արդեն հերթական դարձող ֆիասկոյից հետո հավանաբար տեղի կունենա պառակտում, ինչը էլ ավելի կթուլացնի առանց այն էլ ոչ ուժեղ ընդդիմությանը։

Հանցավոր խայտառակություն էր մարդկանց ոտքի հանել, ոգևորել և հետո առանց դույզն ինչ արդյունքի և հույսի տուն ուղարկել։ Սակայն գլխավորը նա է, որ ընդդիմության ապաշնորհության պատճառով նիկոլիստական կառավարման լիարժեքությունը նորից ամրապնդվում է Հայաստանում։ Դա թուլացող պետության պարտության խորացման երաշխիքի շարունակությունն է։

Նիկոլն ու իր թիմը անշրջելիորեն ձախողված են և ներսում` այս ընդդիմության ֆոնին, իշխանություն պահելուց բացի ոչինչի ընդունակ չեն։ Եվ սա այն դեպքում, երբ աշխարհը գտնվում է համաշխարհային կոնֆլիկտի մեջ, ու ամեն օր կարող է պատերազմի նոր օջախ ի հայտ գալ մոլորակի տարբեր կետերում, չի բացառվում հետաձգված տնտեսական ճգնաժամի վրա հասնելը, պարենի պակասի խնդիրների շատանալը, տարադրամների արժեզրկվելը և նման բաներ։

Նիկոլիզմի ղեկապետությամբ Հայաստանը պատրաստ չէ ոչ մի բանի, բացի հերթական հարվածը ստանալուց ու դրա տակ ճզմվելուց։ Նրանց սեղմել են դրսից և հուփ են տալու մինչև վերջ` վերջնարդյունքում հոշոտվելու է պետությունը։

Ելքը այն կլինի, որ առաջին հերթին քաղաքական հաշվեկշռից հանվի դեռևս գործող, բայց մարող այս ընդդիմությունը։ Կատարվի տեսադաշտում եղող ինտելեկտուալ և կամային պոտենցիալ ունեցողների հավաքագրում, ստեղծվեն հարթակներ, որտեղ կձևակերպվեն նպատակը, խնդիրները, միջոցները, լիդերությունը կուրվագծվի այստեղ և կֆիլտրացվի գործողությունների ժամանակ։ Երրորդ ուժը պիտի իր իրավունքը տարածի քաղաքական դաշտի վրա և գրագետ ու աննահանջ ձևով դուրս քաշի երկիրը սուզվելուց։ Հակառակ դեպքում մեզ հետ հաշվի չեն նստելու, հեգնելու են ու զարկեն, օգտագործեն և շպրտեն։

Մենք բաց ենք թողել լրջանալու պահը և իջել ենք գոյություն քաշ տալու ստորաքարշության հատակին` բաց չթողնենք վերականգնվելու վերջին շանսը, ինչի համար առաջին հերթին վերանորոգվել է պետք։

 

Ռուբեն Վարդանյան

Պատմաբան, հրապարակախոս

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Հերթական դատարկախօսութիւնը. այնքան կայ հայկական միջավայրում որ իրապէս դժուար է զսպուիլ եւ հայհոյանքներու չզիջիլը, հա հա։

    Մինչեւ երրորդ ուժին գալը Հայաստանը փոշիանալու կամ շոքիանալու վտանգի տակ է, պարոն հրապարակախոս.

    գործնական ընելիք ունիք, ըսէք, շուրջերնիդ մարդ հաւաքէք. չունիք՝ աւելի լաւ է լռել։

    Իսկ գալով հանճարեղ գուշակութեան՝ «Հակառակ դեպքում մեզ հետ հաշվի չեն նստելու, հեգնելու են ու զարկեն, օգտագործեն և շպրտեն», կոյ՞ր էք, խու՞լ էք, կամ վերջին երկու տարին ուրիշ աշխա՞րհ կը բնակէիք. այս բոլոր թուարկածներէն միայն շպրտելն է մնացեր։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930