Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «Նիկոլ Փաշինյանը զգում է վերահաս վտանգը եւ «սրբագում» խաղաղության մասին իր հայտարարությունները»

Հունիս 19,2022 12:50

Aravot.am-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող է փոխված լինել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գրեթե երկու տարի հավաստիացնում էր, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների նույնիսկ կասկածելի կարգավորման պարագայում մենք գնում ենք դեպի կայուն խաղաղության դարաշրջան, իսկ օրերս հայտարարեց, թե խաղաղությունն այնքան էլ երաշխավորված չէ:

«Հետպատերազմյան ժամանակահատվածում, ինչպես նաեւ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլը նպատակ ուներ հանգստացնել ժողովրդին, լիցքաթափել հանրային զայրույթը՝ ցույց տալու համար, որ ինքը անգամ այսքանից հետո խաղաղություն է բերելու:

Հետպատերազմյան ժամանակահատվածում, հատկապես, երբ երկրները պարտված են լինում, այդ ժողովուրդների համար չկա այլընտրանք, քան խաղաղության առաջարկը: Եվ այդ պարագայում մեր հանրությունը փաստարկների մեջ չխորացավ, թե իրականության մեջ փաստարկվա՞ծ էր ասում, թե՞ հենց այնպես հայտարարություններ էր հնչեցնում:

Անցել է շուրջ մեկուկես տարի: Իրավիճակը Հայաստանի շուրջ աճում է: Ադրբեջանը շանտաժի, սպառնալիքի լեզվին է դիմում, պահանջում է ավելի, քան նախատեսված էր 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը մի կողմից զգում է ոչ միայն ընդհանուր վերահաս, այլեւ անձնական վտանգը, լարվածության աճը եւս: Այսինքն, էսկալացիան: Մյուս  կողմից Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե այն լարվածությունը, զայրույթը, որը գոյություն ուներ պատերազմից հետո եւ հատկապես նախընտրական ժամանակահատվածում, դա այլեւս չկա: Եվ նա սկսել է «սրբագրել» իր խոստումները՝ հայտարարելով, թե դա միայն իրենից չի կախված եւ որեւէ մեկը երաշխիք չունի,  որ խաղաղության այդ դարաշրջանը կհաջողվի:

Հայաստանում եւ Արցախում խաղաղության օրակարգով կարելի է շարժվել եւ խաղաղություն ակնկալել միայն մարտունակ բանակի գոյության պայմաններում: Մարտունակ բանակն է տարածաշրջանում սպառնալիքների եւ պատերազմի կանխման ամենակարեւոր գործոնը: Մինչդեռ, այս իշխանության հույսը այն  քննարկումները, բանակցություններն են, որը իրենց կարծիքով կարող է իրենց բերել  խաղաղություն: Բայց եթե դու չունես պետություն, չունես անհրաժեշտ խնդիրներ լուծող մարտունակ բանակ, որեւէ մեկը քո ասածը հաշվի չի առնի, որեւէ մեկը քեզ օրակարգի առարկա չի դարձնի եւ որեւէ մեկը քո շահերով չի առաջնորդվի»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930