«Դատական համակարգը պետք է լինի անկախ, անվախ ու արդար»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ, խոսելով իրավական ոլորտում գոյություն ունեցող խնդիրների մասին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա համոզմամբ՝ քննչական մարմինները պետք է լինեն գործադիրից անկախ, որ գործեր չկարվեն պատվերով։ Խոսելով դատաիրավական ոլորտում իրենց պատկերացումների և անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ պատգամավորն ասաց․ «Դատախազները պետք է լինեն ապաքաղաքական՝ սկսած գլխավոր դատախազից։ Պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ սկզբունք՝ պրոֆեսիոնալիզմ»։
Այսպես կոչված «չի կարելի»-ների մասին Արամ Վարդևանյանն ասաց․ «Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել, խաղաղ ցուցարարին, անչափահասին, մեր ապագա զինվորին, հայ մայրիկին ծեծողներին չի կարելի դուրս չշպրտել ոստիկանության համակարգից ու չի կարելի արժանապատիվ, իր սպայի կարգավիճակին հավատարիմ ոստիկանին արժանապատիվ կյանք չտալ։ Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել, միայն կալանավորումը ֆետիշացնող դատավորին չի կարելի կարգել, իսկ եղածներին պետք է դուրս շպրտել համակարգից։ Չի կարելի դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի վերջին բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ։ Չի կարելի քննիչներին ստիպել իրենց խղճի դեմ գնալով ապօրինի գործեր կարել, իսկ դատախազից պահանջել դա հաստատել։ Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը։ Չի կարելի, որ արդարություն ապահովող իրական դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր, քան ոչինչ չանող, ՔՊ-ական նախարարինը՝ իրենց պարգևավճարներով։ Չի կարելի, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներն առանց բարձրագույն կրթության, առանց կենսագրության, պրոֆեսիոնալիզմի այդ պաշտոնը զբաղեցնեն, հայ մարդու շահն էլ չպաշտպանեն»։
Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ այս ամենը չի լինելու իրենց վճռական պայքարի արդյունքում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ինչու՞ չի կարելի. շատ ալ կարելի է, եթէ տեղի կ’ ունենայ արդէն, հա հա հա։
https://www.aravot.am/2022/06/18/1274995/
Դիմադրութեան շարժումը լաւ կ’ընէ ցույց տայ ինչպէ՞ս չի կարելի, կամ ի՞նչ ընելով։ Օրինակ՝ յստակ օրէնքի նախագծեր եւ բարեփոխումներ հրապարակէ, կամ յստակ ներքին կամ արտաքին գործընկերներ նշէ, որոնց հետ աշխատելով կարելի պիտի ըլլայ այս ամէնը չի կարելի դարձնել։