«Այսօր մեկ անգամ ևս վերջ դրեցինք խոսակցություններին, որ շարժումը կարող է հետքայլ ունենալ, մարդիկ կարող են հոգնել։ Այս շարժումը ոնց սկսել ենք, այսպես կազմակերպված գնալու ենք առաջ»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց՝ Դիմադրության շարժումը ստեղծել է պաշտպանության և անվտանգության, սոցիալ-տնտեսական, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի, քաղաքական, կազմակերպչական, քարոզչական և այլ հանձնախմբեր։
Իշխան Սաղաթելյանն ասաց՝ առաջիկայում կներկայացնեն այն բոլոր մեխանիզմները, թե պարզ քաղաքացիներն ինչպես կարող են ընդգրկվել իրենց աշխատանքներում։ Երկուշաբթի օրվանից ՀՀ բոլոր մարզերում կձևավորվեն Դիմադրության շարժման կոորդինացիոն խորհուրդներ, դիմադրության օջախներ կստեղծվեն Արցախում ու սփյուռքում։
Անդրադառնալով հետագա գործողություններին և ծրագրերին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Եկող շաբաթվա ընթացքում շարունակվելու են մեր գործողությունները։ Հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի 24-ին՝ ժամը 19։30-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։ Մենք նաև որոշել ենք՝ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 19։30-ին շարժման պատասխանատուները, խորհրդարանական երկու խմբակցությունների պատգամավորները կլինեն այս այգում հանդիպելու մեր քաղաքացիներին»։
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանը նաև հավելեց՝ շաբաթվա ընթացքում կտեղեկացնեն գործողությունների մասին, տվյալները կհրապարակեն, թե որ հանձնախմբի հետ ինչպես կարող են հանդիպել ու կապվել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ