Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ավելին է հանձնել, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյանտ հայտարարությամբ պահանջել է Ադրբեջանը»․ Արտակ Զաքարյան

Հունիս 18,2022 23:16

«Իրականացվող հակասոցիալական փոփոխությունները ոչ թե խնդիր են լուծում, այլ ավելի շատ սոցիալական խնդիր առաջացնում»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նա, խոսելով երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրների մասին, ասաց․«Միայն ՀՀ-ն չկարողացավ 2021-ին վերականգնել 2020-ի խորը անկումը։ ՀՀ-ում աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ, նրանց կեսը ստանում է մինչև 79 հազար աշխատավարձ։ Ստացվում է՝ մարդիկ աշխատում են օրնիբուն, բայց աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։ Միջին աշխատավարձն առանց հարկերի շուրջ 150 հազար դրամ է։ Նույնիսկ միջին խավը չափավոր աղքատ է։ Նվազագույն սպառողական զամբյուղը 2020-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ 61 հազար դրամ էր, այս տարվա առաջին եռամսյակին կազմում է 76300 դրամ»։

Խոսելով պետական պարտքի ցուցանիշների մասին՝ Թադևոս Ավետիսյանն ասաց․ «Այս ընթացքում պետական պարտքի երկնիշ աճ ենք ունեցել։ Այս իշխանությունների օրոք 2,6 միլիարդ դոլարով է աճել պետական պարտքը կամ տարեկան տասը տոկոսով՝ հասնելով 9,5 միլիարդ դոլարի։ Մոտ ամիսներին կհատենք 10 միլիարդ դոլարի սահմանը։ Էսպես որ շարունակվի, տարին ամփոփելիս պետական պարտքը կհավասարվի ՀՆԱ-ին։ Այս պահի դրությամբ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին ավելացել է շուրջ 1000 ԱՄՆ դոլարի պարտքի բեռ»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ խոսեց կրթական խնդիրների և այս ոլորտում իրենց անելիքների մասին։ Նա ասաց․ «Սրանց հեռացումից հետո սկսվելու է ամենածանր գործը։ Պետք է ցույց տանք մեր դավանած արժեքներին հավատարմությունը, որակապես նոր պետություն ենք կառուցելու, որի հիմքում ժամանակակից, բարձրակարգ և ազգային արժեքների վրա հենվող կրթությունն է։ Պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք»։

Նա, մտահոգություն հայտնելով, արձանագրեց, որ մեկ տարում մոտ 900-ով նվազել է ուսուցիչների թիվը և փաստեց․«Թափուր հաստիքները չեն համալրվում, դիմող չկա։ Ուսուցիչների 12 տոկոսը 65 տարեկանից բարձր է և մինչև 30 տարեկան ուսուցիչների թիվը շատ ավելի քիչ է, քան 65-ից բարձրերինը։ Երիտասարդների համար ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելն օրվա հրամայական է։ Միջոցներից մեկն ուսուցչի բազային աշխատավարձը բարձրացնելն է, ոչ թե տարակուսելի այս կամավոր ատեստավորման գործընթացը»։

ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը, խոսելով արտաքին քաղաքականության մասին, վստահեցրեց՝ հաջորդ կառավարության համար առաջնային խնդիր է լինելու ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որը պիտի համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին։ Ըստ նրա՝ Դիմադրության շարժումն արդեն պիտի ձեռնամուխ լինի այդ փաստաթղթի դրույթների իրականացմանը։

Նա նշեց․ «Իշխող կապիտուլյանտները մեզ հաճախ հարցնում են՝ արդյոք չեղարկելո՞ւ ենք նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները։ Սա ամենազավեշտալի ու ցինիկ հարցադրումն է։ Պատասխանը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ավելին է հանձնել, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյանտ հայտարարությամբ պահանջել է  Ադրբեջանը։ Նոյեմբերի 9-ից հետո 200 քառակուսի կիլոմետր տարածք Արցախից և ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ-ից հանձնել է Ադրբեջանին։ Այնպես որ, այդ հայտարարությունից չեղարկելու բան չեն թողել։ Իսկ հարցադրումն անելով՝ նրանք լավ գիտեն, որ այնտեղ դրված է նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։ Միակ կետը, որ կատարված չէ, գերիների վերադարձի հարցն է, ինչն Ադրբեջանն առ այսօր շարունակում է, քանի որ նրա դիմաց նստած են քաղաքական տգիտության մեջ աշխարհի ամենավառ օրինակը դարձած Նիկոլն ու իր խամաճիկները»։ ՌԴ-ի հետ հարաբերությունների հետ կապված իրենց տեսլականի մասին էլ նշեց․ «ՌԴ-ի հետ համատեղ արագացված տեմպերով պետք է մշակվեն տարածաշրջանային անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ, որոնց համար էական են լինելու ռազմաքաղաքական նոր համատեղ ծրագրերի իրագործումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930