Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունում կան մարդիկ, որոնք ավելի հին են, քան, ասենք, Pentium 1-ը»․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձևավորած իշխանության մասին

Հունիս 18,2022 22:05

«Մեզ պետք է օրվա իշխանության առաջարկած կործանարար ապագային այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, օգտագործի հնի դրականը, կհամադրի փորձն ու երիտասարդությունը, իսկապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ ծրագրեր, կհամախմբի ողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանի հետ ունի բանավոր պայմանավորվածություն Արցախի կարգավիճակի հարց չբարձրացնելու վերաբերյալ, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի, բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում են ՔՊ-ական խմբակցության կողմից։ Ալիևի և Նիկոլի բանավոր պայմանավորվածությունը, որ երբեք ՀՀ կողմից չպետք է խոսվի Արցախի՝ Ադրբեջանի կազմում  լինելու վտանգի մասին, դա վաղուց փաստ ու պայմանավորվածություն է։ Բոլոր նրանք, որոնք դեռ կասկածում են, որ սրանք գնում են երկիրը հանձնելու ճանապարհով, այս ամեն ինչը հստակ մեկ անգամ ևս փաստ է, որ հասկանան ու գիտակցեն»։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար։ Այս առիթով ասաց․ «Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է ասում։ Բաց տեքստով հայտարարեց՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ դա պիտի լուծում համարվի մեր կողմից։ Ժողովուրդ, մենք սենց լուծում ընդունելո՞ւ ենք, մենք կարող ե՞նք հանդուրժել այս ճանապարհը։ Իհարկե, ոչ։ Բոլոր նրանք, որոնք կարծում են՝ Բաքվի ու Սումգայիթի ջարդեր կազմակերպած Ադրբեջանը, Ռամիլ Սաֆարով ծնած Ադրբեջանը կարող է ապահովել արցախահայության անվտանգությունը, ինքը կամ անմեղսունակ է, կամ պետական դավաճան»։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ ակնհայտ է, որ բանավոր պայմանավորվածություններով փորձում են երկիրը նաև գրավոր համաձայնությամբ տանել դեպի անդունդը։ Հետո էլ, դիմելով Իլհամ Ալիևին, ասաց․ «Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլը երկար կյանք չունի ՀՀ-ում և Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է։ Իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, քանի որ հայ ժողովուրդը Նիկոլ չէ, նույն այն ժողովուրդը, որը ծնկի է բերել ալիևներին, ուստի մեզ մոտ որևէ բան չի փոխվել»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Անցյալ տարի այս օրերին ՀՀ-ի քաղաքացիներին խոստացել է Արցախի ինքնորոշում, խաղաղության դարաշրջան, վերարտադրվել է, հիմա ասում է՝ որևէ երաշխիք չկա։ Դա է դավաճանի էությունը»։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ մոսկովյան այցի ժամանակ արված հայտարարություններին, թե հնարավորություն կար պատերազմը կանգնեցնել հոկտեմբերի 19-ին, բայց չարվեց, փոխարենը դա արվեց նոյեմբերի 9-ին ու այն կարծիքին, թե, կարևորը, պատերազմը կանգնեցվեց, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նա երկու դրվագով խոստովանեց իրենց իշխանության դավաճանությունը։ Այս ամենով հանդերձ շարունակում են կրկին հասարակությանը մոլորեցնել՝ նախկին, ներկա ասել ու ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Այս իշխանությունում կան մարդիկ, որոնք ավելի հին են, քան, ասենք, Pentium 1-ը, այս իշխանությունում եղել են մարդիկ, որոնք ծառայել են ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այլև Բրեժնևին ու Գորբաչովին, հետևաբար նայեք ձեր կողքերը և տեսեք՝ ով է հին և ձեր միջի առանցքային պաշտոնյաները որտեղից են գալիս»։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր պարտության, զազրախոսության, տգիտության, դավաճանության, ստախոսության ու անպատասխանատվության խորհրդանիշն է։

Իշխան Սաղաթելյանի ելույթի ավարտից հետո Դիմադրության շարժման մասնակիցները երթ են անցկացնում Երևանում։ Այնուհետև կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ և կհայտարարեն հետագա անելիքների մասին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930