Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ցանկացած գնով փորձենք առավել իջեցնել գնաճը՝ կարող է վտանգավոր լինել տնտեսության համար․ «Առերեսում»

Հունիս 18,2022 22:30

2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ «Մենք հարկերի հավաքման, հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22.7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի ավագ փոխնախագահ, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանն (ֆինանսների նախարար 2016-2018թթ․) այս առնչությամբ ասաց․ «Որքան երկիրը զարգանում եւ առաջ է գնում՝ միշտ էլ ցուցանիշները լինելու են պատմական աննախադեպ․․․ Օրինակ՝ 2006 թվականին հարկերը պատմական աննախադեպ էին՝ ի համեմատ նախորդ տարիների»։ Վարդան Արամյանն ընդգծելով, որ դրական երեւույթներ կան հարկերի հավաքագրման առումով՝ այսուհանդերձ, հավելեց․ «Պետական կառավարման խելամիտ դոկտրինը պահանջում է, որպեսզի դու հասարակությանն ազդակներ տալու մասով փորձես ձերբազատվել ամբոխահաճո բաներից։ Միգուցե հասարակության այն շերտի համար, որոնք այդ թվերն այնքան էլ լավ չեն մեկնաբանում․․․ բայց տնտեսություն ստեղծողները տնտեսվարողներն են, որոնք բավական գրագետ են։ Այդպիսի ազդակներն իրականում այնպես չէ, որ դրական են ընկալվում․ չէ՞ որ տնտեսավարողները շատ լավ տեսնում են, թե տնտեսական ցուցանիշներն ինչպես են զարգանում»։

Մասնավորապես եկամտային հարկի ցուցանիշները վարչապետը որակել էր «մեր ամենակարևոր ու ամենաարդյունավետ բարեփոխումներից»: Հիշեցրել էր, որ 2018 թվականին ունեինք եռաշերտ եկամտային հարկ՝ աշխատավարձերի չափով պայմանավորված: Սակայն կառավարությունը որոշեց համահարթ եկամտային հարկ սահմանել․ «Եվ այն ժամանակ մեզ քննադատում էին, ասում էին՝ պետական բյուջեի եկամուտները, պետական փողերը նվազեցնում եք և այլն: Հիմա ուզում եմ ցուցանիշների, արդյունքների մասին խոսել: 2017 թվականին Հայաստանում հավաքվել է 343 մլրդ 683 մլն դրամ եկամտային հարկ, երբ հարկային բոլոր դրույքները եղել են անհամեմատ բարձր, ընդհուպ 10-ը քանի տոկոսով նվազում ենք ունեցել ամենավերին շեմից: Մենք եկամտային հարկ հավաքել ենք 459 մլրդ դրամ, այսինքն՝ 116 մլրդ դրամով կամ 33 տոկոսով ավելի: Սա շատ հետաքրքիր էֆեկտ է՝ որ մենք, հարկային դրույքաչափը նվազեցնելով, ավելի շատ հարկ ենք հավաքել»։

Հաղորդման մյուս հյուրը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան Սիմոն գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը (2008-2010թթ․ ԿԲ փոխնախագահ, 2010-2013 ֆինանսների նախարար, 2014-2018 թթ․ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար եւ ՀՀ փոխվարչապետ) մշտական քննադատողներից էր․ «Եվ եթե նայում ենք, թե ում հարկն են նվազեցրել, ումից հարկ հավաքել՝ պատկերն այլ է։ Նվազեցրել են 2 միլիոնից ավելի ստացողների հարկը։ Ու հիմնականում հարկերը հավաքել են նախկինում չհայտարարված աշխատատեղերից, որոնք դուրս են եկել ստվերից։ Եվ դրանք շատ ավելի ցածր ստացողներն էին»։ Վաչե Գաբրիելյանը փաստեց՝ հարկերն իրապես ավելացել են․ «Բայց ումից որ կրճատել են հարկի դրույքը՝ նրանց մոտ չեն ավելացել»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ի հեճուկս ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ներքաղաքական որոշակի խնդիրների՝ տնտեսական կոլապս չենք ունեցել․ «Մենք կառավարություն ենք, որ, ըստ էության, տնտեսությունից չենք կորզում գումարներ, այլ, հակառակը, հնարավորինս շատ գումար ենք վերադարձնում: Ես ուզում եմ մեր տնտեսական որոշակի դիմակայունության հարցում ընդգծել ստվերի կրճատումը, որն իր հերթին արդյունք է համակարգային կոռուպցիայի հաղթահարման»։

Վաչե Գաբրիելյանը համաձայնեց, որ ստվերի կրճատում կա (ի դեպ, նաեւ մանրամասն բացատրեց, թե ինչպես է ստացվել, որ 2022 թվականի ապրիլին, դեկտեմբերի նկատմամբ՝ ունենք 5265 ավելի աշխատատեղ)․ «Իսկ համակարգային կոռուպցիայի վերաբերյալ որեւէ դատողություն անել չեմ կարող, քանի որ ոչ առաջ, ոչ հիմա համակարգային կոռուպցիայի վերաբերյալ հետազոտություն, քննություն չկա։ Համաշխարհային բանկի տվյալներով անգամ «համակարգային կոռուպցիա» ասվածը սահմանված չէ ու չգիտեմ՝ դա ինչպես է չափվում»։

Անդրադարձ եղավ նաեւ արձանագրված գնաճին։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նկատել էր, որ գնաճն իր հետ բերում է հավելյալ հարկային եկամուտներ, և ստեղծված հավելյալ եկամուտների վերաբաշխման միջոցով, միգուցե, պետք է արձագանքել ստեղծված խնդիրներին: Հարցին՝ արդյոք կառավարությունն այս առնչությամբ անում է անհրաժեշտ քայլերը՝ Վարդան Արամյանը համաձայնելով ԿԲ նախագահի պնդմանը՝ ասաց, որ վերաբաշխելու համար պետք է բյուջետային ծրագրեր, 2022 թվականի բյուջեի հիմքում ընկած որոշումներ փոխեն, որ դեռ չի արվում․ «Հատուկ թիրախավորված խոցելի խմբերին էական, նպատակային օժանդակություն ես առայժմ չեմ տեսնում»։ Ըստ նրա՝ «Նման շոկերի ժամանակահատվածում նաեւ տնտեսությանն է պետք օժանդակել։ Եվ այդ մասով էլ պետք է անպայման բյուջետային ծախսերի վերանայումներ արվեն»։

Ի դեպ, Վարդան Արամյանը նաեւ նշեց․ «Մեկ այլ վտանգ կա․ եթե մենք ցանկացած գնով փորձենք շատ ավելի իջեցնել գնաճը՝ սա կարող է վտանգավոր լինել տնտեսության համար»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930