Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը մեզ խաբում էր, թե տանում է խաղաղության, իսկ այսօր բացահայտ ասում է՝ ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի»․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 18,2022 20:56

«Մեկուկես տարի՝ հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում, նախընտրական ժամանակաշրջանում, ընտրություններից հետո այս իշխանությունը շարունակում էր մեզ, մեր հասարակությանը խաբել, որ ինքը մեր ժողովրդին տանում է խաղաղության, իսկ այսօր մեզ՝ բոլորիս, բացահայտ ասում է՝ գիտեք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա:

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն ուղղված է նրան, թե գիտեք՝ մեր թշնամիները շատ են, մեզ ոչնչացնողները՝ ևս, և մենք որևէ երաշխիք չունենք, որ խաղաղություն կպահպանվի։

Տիգրան Աբրահամյանը, խոսելով զինված ուժերի բարեփոխումների իրենց պատկերացումների մասին, վստահեցրեց՝ մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմ կանխել կամ ժամանակին դադարեցնել պատերազմը միայն այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ։ Այնուհետև շարունակեց․ «Այս իշխանության հեռացումից հետո մեր առաջնային խնդիրներից մեկը դառնալու է մեր բանակի մարտունակության, երբեմնի հեղինակության բարձրացումը, քանի որ մենք մեզ փրկելու, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը, հայի՝ այս տարածաշրջանում գոյության պահպանումը տեսնում ենք մարտունակ բանակի գոյությամբ»։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարություններին, թե հնարավորություն կար պատերազմը կանգնեցնել հոկտեմբերի 19-ին, բայց չարվեց, այլ արվեց նոյեմբերի 9-ին ու այն կարծիքին, թե, կարևորը, պատերազմը կանգնեցվեց, նա ասաց․ «Այս մարդկանց համար մարդու կյանքը որևէ արժեք չունի։ Պատկերացրեք՝ եթե մենք պատերազմը կանգնեցնեինք հոկտեմբերի 19-ին, նվազագույնը մենք կունենայինք 2500 չափով քիչ զոհեր»։

Տիգրան Աբրահամյանը նաև նշեց՝ առանցքային խնդիր է նաև ՀՀ զինված ուժերն իր բնականոն հունին վերադարձնելը, քանի որ 2018-ից սկսած ՀՀ զինված ուժերն աստիճանաբար դուրս են եկել ռելսերից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930