«Անկախ նրանից՝ ով կգա իշխանության, ՀՀ-ն միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում չի կարողանալու Արցախյան պատերազմի պատճառով առաջացած 15-20 միլիարդ դոլարի վնասները ինչ-որ ձևով փոխհատուցել, պայմաններ ստեղծել, որ ժամանակակից արդիական պաշտպանական համակարգ լինի»,-Համահայկական համաժողովի հրավիրման մեխանիզմների հետ կապված Միասնության հարթակի կողմից հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը։
Ըստ նրա՝ միակ ելքն է համազգային տասը միլիոն հայերի ընդհանուր ջանքերով կարողանալ դա անել։
Արշակ Սադոյանի և հանդիպման մասնակիցների՝ ՀՀ-ից և սփյուռքից հասարակական-քաղաքական գործիչների, մասնագետների կարծիքով այդ համախմբումը պետք է լինի Սփյուռքի 7-րդ համաժողի անցկացումը։ Այս առիթով Արշակ Սադոյանն ասաց․ «Որևէ տրամաբանված հակառակ տեսակետ ոչ ոք չի հայտնել, ուստի մեր նպատակն է հասկանալ՝ կազմակերպման ինչ մեխանիզմներով հասնել նրան, որ համազգային հավաքը կամ Սփյուռքի 7-րդ համաժողովը՝ այս համազգային հավաքը լինի ներկայացուցչական և առաջին հերթին այնպիսի օրակարգով, որ ի վերջո պայմաններ ստեղծվեն, որ Հայաստանն էլ, հայ ժողովուրդն էլ կարողանան դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից»։
Ճգնաժամային այս իրավիճակից ելքի ճանապարհն, ըստ Արշակ Սադոյանի, միասնականությունն է։ Նա վստահեցրեց․ «Դա չի կարող լինել իրար միս ուտելով և անընդհատ իրար փնովելով ու թշնամանքով»։
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց՝ մինչև այժմ կազմակերպվել են սփյուռքի վեց համաժողովներ ու նշեց, որ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էր ժամանակին խնդրել, պարտադրել, որ լինի 7-րդ համաժողովը։ Արշակ Սադոյանը կարծում է, որ այժմ էլ պետք է ճնշում գործադրել ու ստիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որպեսզի այդ համաժողովը կազմակերպվի։
Քննարկման մասնակիցներն անդրադարձան այն հարցին, թե ինչ կազմով, ինչ մասնակցություն պիտի ունենան հայկական տարբեր հատվածների ներկայացուցիչներ, ՀՀ իշխանության, Արցախի ներկայացուցիչները։
Հանդիպման մասնակիցները նաև կարևորեցին՝ քիչ լինենք, բայց լավը լինենք։ Նրանցից մեկն ասաց․ «Մենք պետք է քննարկենք նաև այն տարբերակը, որ հնարավոր է՝ ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը չարձագանքի։ Առաջարկում եմ, որ այս հարթակի մասնակիցներին և հայ ժողովրդին քաջալերենք ՀՀ-ում նոր ուժ ստեղծել։ Ոչ թե այն ուժերը, որ հայտարարում են, որ նոր ուժ ենք ստեղծում, բայց վաղուց հայտնի պառակտիչ ու դավաճան դեմքեր են, այլ իսկական նոր ուժեր ու դեմքեր են պետք՝ մաքուր, չկեղտոտված, պրոֆեսիոնալ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ