«Մեդիամաքս» – Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։
Այս մասին է վկայում Կրեմլի կայքում տեղադրված հանդիպման սղագրությունը։
Հայաստանի նախագահի կայքում հանդիպման այդ հատվածը չի հիշատակվում:
«Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին (2020թ.)՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի (Լավրովի) հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին (2020թ.) եղավ, բայց ամենակարեւորը՝ պատերազմը կանգնեցվեց»,- Խաչատուրյանի այս խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։