«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Փաստարկ» մամուլի ակումբում խոսեց Արցախի շուրջ ձեւավորված ընդհանուր իրավաքաղաքական մթնոլորտի մասին, առավել եւս, որ այդ հարցում, կարծես, չկա հանրամատչելի պարզաբանում եւ մի տեսակ ինֆորմացիոն վակուում է ձեւավորվել:
«Իրապես կա երկու մակարդակ. իշխանության, որ եկել է 2018 թվականին, իրենց համար հստակ ծրագրով, եւ այն, ինչ այդ նույն իշխանության կողմից ասվում է՝ մոլորության մեջ գցելու համար: Օրինակ, 2018 թվականին իշխանության եկած եւ ինքնահռչակված վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կրկնել է այն, ինչ-որ 3-րդ նախագահը հունվարին ասել է ՄԱԿ-ում: Այն է՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացել է եւ պահանջված է եղել ցեղասպանության վտանգի ներքո: Բայց հետագայում զրոյից սկսելը եւ ամբողջ 30 տարվա պայքարը ջուրը գցելը մանրակրկիտ մշակված էր: Քանիցս ասել եմ: Կարծես, փորձում են մեր ամբողջ պատմությունը դարձնել որոշ ղեկավարների որոշ սխալների պատմություն՝ անտեսելով, որ այնտեղ կա մի այնպիսի շարժում, որը միայն ու միայն կարելի է անվանել ազգային-ազատագրական պայքար:
Այդ պայքարին մասնակցած բոլորը մեղավոր են ճանաչված այս իշխանության կողմից: Եվ երբ հարց են տալիս, թե ինչո՞ւ ձերբակալեցին այս մեկին, այն մեկին, մեղքը մեկն է. ինչո՞ւ եք պայքարել Արցախը Ադրբեջանից անկախանալու, կամ Հայաստանին միացնելու համար:
Առաջին նախագահը ուներ այն գաղափարախոսությունը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Նա չի հրաժարվում իր այդ դիրքորոշումից ու բազմիցս կրկնել է, եթե ժամանակին չտաք, ավելի վատ կլինի: Եվ երբ Հադրութն ու Շուշին վերին աստիճանի պղտոր պայմաններում հայտնվեցին Ադրբեջանի հսկողության ներքո, գոհունակությամբ ասաց, թե ես ասել էի: Այս իշխանությունը մազաչափ անգամ չի շեղվել հիմնականից, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Մյուս բոլոր հայտարարությունները զուտ դիզայն են:
Կարդացեք նաև
Այս իշխանության որեւէ մեկ խոսք կամ գործ չի նպաստել Արցախի անկախությանը եւ այսօր մենք որեւէ հույս չպետք է տածենք, որ դրսում գտնվող պղտոր գլոբալիստական կենտրոններում մշակվող այս իշխանության ծրագրերը, որեւէ կերպ փոխվել են»,-ասաց տիկին Ալավերդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ