Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիեւը փորձում է գավառական հնարամտությամբ խաբել միջազգային հանրությանը. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 18,2022 11:20

Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացրել ու բարձրացնում: Երեւանը հնչեցնում է Արցախի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը եւ այն ավելի լսելի դարձնում միջազգային հանրության համար: Արցախի ճակատագիրը որոշողն արցախցին է, ով իր ինքնորոշման իրավունքի մասին ժողովրդավարական չափանիշներով բարձրաձայնել է դեռ 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության մասին համահանրապետական հանրաքվե անցկացնելով եւ քվեարկությանը մասնակցածների 99.89 տոկոս կողմ ձայներով ԽՍՀՄ-ից ու Ադրբեջանից իր անկախությունը հռչակելով:

Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը եւ արդյունքների ամփոփումն իրականացվել էին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգի» համապատասխան, որն ընդունվել էր 1991 թ. նոյեմբերի 27-ին ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստի ընթացքում։

Արցախի Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է Խորհրդային Միության այն ժամանակվա գործող օրենքների եւ Սահմանադրության հիման վրա, ինչին Ադրբեջանը պատասխանել էր ռազմական ագրեսիայով, որի տրամաբանական հանգրվանն էր դարձել արցախյան առաջին ազատամարտում Արցախի Հանրապետության հաղթանակը: Պատմական այս որոշման փաստի առկայության, դրա համար Արցախի ժողովրդի 34 տարվա պայքարի ֆոնին օրերս Բաքվում կայացած գլոբալ ֆորումում Իլհամ Ալիեւը Հայաստանին կոչ էր արել «դադարեցնել «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը բարձրացնելը»։

«Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերացվել է 1991 թ. վերջին՝ Ադրբեջանի խորհրդարանի որոշմամբ։ Մեր տարածքում նման վարչական միավոր չկա։ Հետեւաբար, կարգավիճակի ցանկացած հիշատակում միայն նոր խնդիրների կհանգեցնի»,- ասել էր Ալիեւը։

Նրա խոսքով՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Երեւանը Բաքվին ստիպում է կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որից հետո Բաքվի առաջնորդն անցել էր հերթական ցնորամտությանը, թե Սյունիքն այսօր ընդամենը 100 տարեկան Ադրբեջանի պատմական հողն է։ Թողնենք մի կողմ, որ Ադրբեջանի առաջնորդը հերթական անգամ համաշխարհային պատմությունն աղավաղելու անգրագետ փորձն է անում: Նա այս անգամ ավելի հեռուն է գնացել եւ աղճատում է ոչ միայն 100 տարվա, այլեւ նորագույն պատմությունը: Ալիեւի այդ հայտարարությունը ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան ողջ առաջադեմ մարդկությանը եւ միջազգային գործող կառույցներին:

Վերջիններս են մշտապես խոսել եւ խոսում Արցախի կարգավիճակի լուծման միջոցով տարածաշրջանում երկարատեւ ու կայուն խաղաղություն հաստատելու մասին, եւ այսօր Ալիեւը փորձում է գավառական հնարամտությամբ խաբել միջազգային հանրությանը եւ, ըստ էության, դուրս գալ նրա դեմ: Մյուս կողմից էլ՝ Ալիեւի հայտարարությունն արցախյան երեք պատերազմներում 30 հազարի հասնող հենց իր երկրի զոհերի հիշատակի անարգանք է: Եթե ԼՂ միավոր չկար, ապա ինչի համար են նրանք հարձակվել Արցախի վրա եւ այդքան զոհեր տվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930