Արցախյան պատերազմից հետո Հայաստանը շարունակում է մնալ միջազգայնորեն նսեմացված վիճակում։ Նույնիսկ ռազմագերիների վերադարձի և այլ հումանիտար հարցեր լուծված չեն, սակայն մեր իշխանությունները շտապում են սահմանազատման հանձնաժողով ստեղծել ու օր առաջ սկսել դրա աշխատանքները։ Ավելին՝ Հայաստանի տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ։ Իսկ Փաշինյանի այն առաջարկը, որ անհրաժեշտ է երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գիծ, որպեսզի սահմանային ճշգրտումների համար միջազգային դիտորդներ տեղակայվեն, այդպես էլ մնաց օդից կախված։
Եվ հիմա՝ այս իրավիճակում, զարմանալի է, թե ինչպես պետք է կայանա սահմանազատումը։ Մի՞թե որևէ մեկը պատրանքներ ունի, թե ադրբեջանական զինված ուժերը դրա արդյունքում դուրս են գալու ՀՀ տարածքից։ Անգամ բացառված չէ, որ կարող են ավելի խորանալ ՀՀ տարածքում։ Ու, ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչի՞ վրա են իրենց հույսը դրել իշխանությունները։ Ինչքան շատ է Հայաստանը զիջումների գնում, այնքան շատ է Ադրբեջանը պահանջներ ներկայացնում։ Եթե հնարավոր չլինի Ադրբեջանին կանգնեցնել, ապա նրա պահանջները չեն ավարտվի։ Մի խոսքով, անորոշությունները շատ են, իսկ ապագան՝ մռայլ։
Թվում էր, թե Փաշինյանը 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս պետք է հանրությանը և հատկապես միջազգային հանրությանը ուղերձներ հղեր Ադրբեջանի անընդունելի պահվածքի մասին, սակայն նրա ելույթը ամբողջությամբ նվիրված էր… նախկիններին։ Ավելի ճիշտ՝ պարտության մեղքը ու ձախողումները հերթական անգամ նախկինների վրա «սրբագրելուն»։ Ճիշտ է՝ Փաշինյանը բազմաթիվ առիթներ ունեցել է նախկիններին մեղադրելու մասին իր թեզերը կրկնելու համար, սակայն այս անդրադարձը բավական ծավալուն էր։ Նա խորանում է անցյալի ծալքերի մեջ՝ մոռանալով, որ ինքը իշխանության գալուց հետո, մերժելով Արցախյան հիմնախնդրի շուրջ իր ստացած ժառանգությունը, բանակցությունները սկսել է «սեփական կետից», ինչն էլ աղետի է հանգեցրել։
Ընդ որում, նա դա անում էր՝ զուգահեռ անընդհատ կրկնելով, թե իր խնդիրը ոչ թե անցյալի մասին խոսելն է, այլ ապագայի։ Ընդ որում, ուշագրավ է, որ Փաշինյանի ամբողջ ելույթի մեջ մի հատված էր միայն վերաբերում Արցախի ապագային, թե՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար: Եվ հետաքրքրական է, որ այսպիսի հայտարարությանը հաջորդ օրը հետևում է Ալիևի արձագանքը։ Ադրբեջանի նախագահը կրկին հոխորտում է Հայաստանի հասցեին, տարածքային պահանջներ ներկայացնում Սյունիքի նկատմամբ և, իր սովորության համաձայն, ընդգծում, թե առանց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», խաղաղություն չի լինի։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում