Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ծառայել են, այդպես էլ ծառայելու են

Հունիս 18,2022 10:00
caxrankar

Օրերս հայտնի է դարձել, որ վարչապետի իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանը նշանակվելու է գլխավոր դատախազ: Ես չեմ շփոթվել՝ հենց նշանակվելու է, որովհետեւ խորհրդարանական քվեարկությունները ձեւական բնույթ են կրում, իսկ ՔՊ-ն իր ղեկավարի հրահանգով արդեն իսկ որոշել է հենց այդ իրավաբանին գլխավոր դատախազ կարգել:

Հիշեցնեմ՝ ժամանակին ընդդիմադիր շրջանակներն ահազանգում էին, որ վարչապետի օգնականը միջամտում է քննչական մարմինների աշխատանքին: Այդ դրվագն այդպես էլ լրջորեն չքննվեց:

Ես մեկնաբանություններ եմ կարդացել, թե գործող դատախազ Արթուր Դավթյանը կարող էր երբեւէ ինքնուրույնություն դրսեւորել, եւ իբր հենց այդ պատճառով ՔՊ-ականները նրա թեկնածությունը նորից առաջ չքաշեցին: Բայց այդ միամիտ մեկնաբանություններն իսկապես ժպիտ են առաջացնում՝ Դավթյանը մեծ ջանասիրությամբ էր կայացնում իշխանությանը ձեռնտու որոշումներ, ի դեպ, ոչ միայն Փաշինյանի, այլեւ Սերժ Սարգսյանի ժամանակ: Հիմա Վարդապետյանը նույնն է անելու:

Սա Միացյալ Նահանգները չէ, որտեղ դատախազը կարող է հետաքննություն սկսել երկրի նախագահի դեմ: Հայաստանը հետխորհրդային երկիր է՝ «թագավորն» (կոչվի նա նախագահ կամ վարչապետ) ասում է՝ այդ մեկին նշանակեք դատախազ, այդ անձնավորությանը նշանակվում է, «թագավորն» ասում է՝ «սրան փակեք», նրան «փակում են», եւ բոլոր դատախազները, քննիչները, ոստիկանները լծվում են այդ հրամանը կատարելու: Որոշ դատավորներ երբեմն դիմադրում են, բայց դա ժամանակավոր երեւույթ է. շուտով «վեթինգ» կլինի, եւ կմնան միայն հեղափոխությանը հավատարմության երդում տվածները եւ «բարեփոխված» Մնացական Մարտիրոսյանը:

Քանի որ 30 տարի վիճակը նույնն է, այս հարցում նույնպես կարող ենք արձանագրել, որ խնդիրը ոչ թե անձնական է, այլ համակարգային: Քաղաքական իշխանությունը շահագրգռված չէ անկախ դատարաններ կամ ինքնուրույն դատախազներ եւ քննիչներ ունենալ: Թղթի վրա հնարավոր է շատ բան գրել, իրավապահներն էլ կարող են լինել չափազանց պրոֆեսիոնալ ու արդյունավետ պայքար մղել «ժողովրդի թշնամիների» դեմ:

Անդրեյ Վիշինսկին, ի դեպ, բարձրակարգ մասնագետ էր եւ հոյակապ կազմակերպում էր, այսպես կոչված, «բաց դատական պրոցեսները»: Այդ ամենից էությունը չի փոխվում: Իսկ փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ հասարակությունը կսկսի դիմադրել:
Խոսքը հրապարակում հայրենասիրական երգերի տակ պարելու մասին չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Վերջին փարաշութուած տողը աւելորդ է, ձեր յօդուածին այլապես ճիշտ ախտաճանաչման հետ կապ ալ չունի. բոլորը գիտեն թէ “հրապարակում հայրենասիրական երգերի տակ պարել”ը դիմադրութիւն չէ ինքնին, նույնիսկ պարողները.

    Կամ ալ այլեւս “դիմադրել” բառը ամէն անքամ որ գործածէք, պէտք է մասնաւոր նշէք, որ փողոցին հետ կապ չունի՞ք դուք. դէ ձեզ բոլոր կարդացողները վաղուց գիտեն այդ։

  2. Հայ says:

    Խնդրում եմ լուծում առաջարկեք։Ես,երբ ինչ որ մի բան քննադատում եմ առաջարկում կամ հուշում եմ լուծում։
    Ինչ անենք՞,հո ամեն պաշտոնյայի համար հանրաքվե չենք անելու։
    Կամ ինչպե՞ս գտնենք անկախ դատավոր։
    Լավ,ասենք իշխանությունը կամք դրսևորեց և չխառնվեց դատավորների կայացված որոշումներում,բայց նրանք կընկնեն ուրիշ ուժերի ազդեցության տակ,իսկ եթե իշխանությունները սկսեն իրենց բռնել ուրիշ ուժի ազդեցության տակ ընկնելու համար,դարձյալ այդ ուրիշ ուժերը կթմբկահարեն,որ դատավորների հանդեպ բռնաճնշում է իրականանում։
    Ես չեմ ասում,որ այս ծուղակից ելք չկա,կա,բայց դա ժամանակ է պահանջում։
    Պետք է նոր սերունդ գա,որը ընդունվել և ավարտել է իրավաբանական ֆակուլտետը առանց կոռուպցիայի,ապա նույն կերպ ընդունվել է աշխատանքի,իր որոշումներով ազնիվ մարդու համբավ է ձեռք բերել։Այ նման մարդկանց հետ կարելի կլինի անկախ դատարան ստեղծել։

  3. Լավատես says:

    Առանց լյուստրացիայի հնարավոր չէ պետական համակարգի առողջացում, իսկ լյուստրացիա էլ հնարավոր չէ, քանի դեռ մեր երկրի սովետական կգբ ի արխիվները ռուսաստաններում են: Միգուցե մեր Նախագահին խնդրենք, որ դիմի իր ռուսաստանյան կոլեգային, որ վերադարձնի մեր այդ արխիվները: Լյուստրացիան պատժելու համար չէ, թեկուզ փակ արվի, միայն թե այսօրվա պետական ծառայողների կազմից հանի նախկին աշխատակիցներին, որովհետեւ այդ համակարգում նախկիններ չեն լինում եւ պետք է հասկանանք, որ այդ համակարգում կային եւ շատ պետականամետ, ազգասեր մարդիկ, որոնցով մենք կարող ենք հպարտանալ, բայց սովետը որպես պետություն քանդեցին այդ համակարգի վատերը, որոնցից էլ մեր այսօրվա պետական համակարգը պետք է ազատվի’ դրանց թոշակի ուղարկեն առանց դատելու, որովհետեւ եթե սովետի նման հզոր երկիր վարի տվեցին, նմանապես մեր երկիրն էլ վարի կտան: Սա կարելի է անել, եթե ստեղծենք ազգային ավագանի կամ անունը դնենք Հայ դատ, որտեղ կգործեն պետությունից անկախ եւ ժողովրդի հարյուր տոկոսով վստահություն վայելող հայերն ու այլազգի հայասերները: Հայ դատը կլինի միակ դատարանը, որը կընդունի Հայ արդարության հայեցակարգը, որին կծառայի յուրաքանչյուր հայ, ով վատ ծառայեց’ սրան ճիշտ ուղու վրա ենք դնում ազգովին դաստիարակելով ու կրթելով, իսկ ով լավ ծառայեց, ազգովին փող ենք հավաքում եւ պարգեւավճար տալիս մեր հերոսներին:

  4. Ruben says:

    Միջոցներ՝ պարզելու, թե «որտեղ է թաղված շան գլուխը»`
    1. Գնեք հողատարածքներ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիք մարզի Ճամբարակ համայնքի Արծվաշեն գյուղում:
    2. Բացեք «Նաիրիտի գործը»:
    3. Հրապարակեք վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ից սկիզբ առած միլիոնատեր ընտանիքների ակտիվները ֆոնդային բորսաներում:
    Ափսոս միայն, որ հանրապետությունում չկա պետության անվտանգության մարմին։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930