Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինի դատախազությունը հաստատել է՝ Գոռ Հ․-ն Գերմանիայի եւ ՀՀ քաղաքացի է․ «Ազգ»

Հունիս 18,2022 09:30

Նախորդ շաբաթ «Ազգ»-ի ընթերցողներին ծանուցել էինք հունիսի 8-ին Բեռլինում կատարված ողբերգական վրաերթի մասին, որը մեկ ուսուցչուհու մահվան եւ բազմաթիվ վիրավորների պատճառ էր դարձել:

Տեղի սղության պատճառով չկրկնենք այն, ինչ գրել ենք նախորդիվ, իսկ մեր՝ այս պատմությանը խիստ մանրամասն հետեւելու պատճառը թերեւս այն է, որ կասկածյալը երկու՝ Գերմանիայի եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, շրջանառվող անվամբ Գոռ Հ-ն է, որ մոտ 10 տարի մոր եւ ավագ քրոջ հետ բնակվում է Բեռլինում՝ նույն տանը՝ Շառլոթենբուրգ թաղամասի սովորական բազմաբնակարան շենքերից մեկում:

Մայրը արձակուրդի է մեկնել, քաղաքում չէ, իսկ քույրը, ըստ գերմանական ԶԼՄ-ների, եղբոր մասին արտահայտվելիս ասել է, թե նա բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Հայ համայնքում, ինչպես ներկայացնում են տեղաբնակները, նրան չեն ճանաչում: Հարեւանները Գոռին բնութագրելիս ընդգծում են, որ միշտ սիրալիր բարեւել է:

Ըստ «Վելթի», Գոռ Հ.-ի վերաբերյալ ոստիկանությունը տարբեր տարիներին 21 արձանագրություն է կազմել: Դրանք անձին կամ անձանց մարմնական վնասվածք պատճառելու, վիրավորելու, գողության դեպքեր են: Օրինախախտումները սակայն չեն ներառում քաղաքական, ծայրահեղական գործողություններ: Շեշտվում է, որ կասկածյալն աչքի չի ընկել սահմանադրական կարգը խախտելու գործողություններով:

Դատախազությունը նրան մեղադրում է 1 մարդու սպանության եւ 17-ի հանդեպ սպանության փորձ կատարելու համար:

Կարեւոր է նշել, որ գերմանական մեդիան առավել կենտրոնացած է զոհի, վիրավորների, նրանց ընտանիքների հարազատների տեսանկյունից քննել ողբերգությունը: Անընդհատ փոփոխվում է վիրավորների թիվը՝ առայժմ 32 վիրավորի մասին է գրվում: Բարեբախտաբար չի շեշտադրվում կասկածյալի ազգային պատկանելիությունը, այդպիսի ուղղորդվածություն մեդիայում նկատելի չէ:

Գերմանական սոցցանցային քննարկումներին հետեւելով չեմ նկատել, որ շահարկվի, թիրախավորվի ազգային, քաղաքական որեւէ հանգամանք: Բնականաբար ցավ ու ափսոսանք են հայտնում, եւ ամենակարեւորը՝ օգտատերերը իրավամբ հարց են տալիս՝ ինչո՞ւ են հոգեմտավոր խնդիրներ ունեցող մարդիկ բժիշկների հսկողությունից դուրս, ինչո՞ւ հիվանդանոցում չեն, ինչպե՞ս պաշտպանվել նրանց անկանխատեսելի վարքից: Բժիշկների, հոգեբանների մի խումբ սակայն փաստարկում է, որ հոգեկան խնդիրներ ունեցողների թիվն աշխարհում, Գերմանիայում, Բեռլինում օրեցօր ավելանում է՝ բոլորին ինչպե՞ս են մեկուսացնելու: Ինչ վերաբերում է հանցավոր արարքի ենթադրյալ հեղինակի՝ 29 տարեկանից ավելի մեծ երեւալուն, մասնագետները կարծիք են հայտնում, որ շիզոֆրենիայով տառապողների համար սա անբնական չէ:

Բեռլինի դատախազությունից մեր հարցմանը տվեց հստակ պատասխան՝ «մեղադրյալը ծնվել է Հայաստանում, ունի ինչպես ԳԴՀ, այնպես էլ ՀՀ քաղաքացիություն»: Մեղմ ասած՝ տարօրինակ է, որ վերջին հարցի հստակ պատասխանը դեռեւս չենք ստացել ՀՀ ԱԳՆ-ից, Բեռլինում ՀՀ դեսպանությունից, որոնց գրավոր հարցում ենք ուղղել: Ձեռագիր պլակատների մասին մեր հարցին ի պատասխան դատախազությունից մեկնաբանեցին, թե քանի որ դրանք առերեւույթ կապ չունեն հանցագործության հետ, դրանց ձեւակերպումների մասին մեզ չեն ծանուցում, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մեղադրյալը հավանաբար նկատի ունի «այսպես կոչված» ԼՂ հակամարտությունը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930