Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ-ի նոր նախաձեռնությունը. էլեկտրոնային հաղորդակցության օպերատորը կամ ծառայություններ մատուցողը կարող է ԴԱՀԿ-ին տրամադրել անձնական տվյալները

Հունիս 18,2022 13:30

Արդարադատության նախարարությունն էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում օրենսդրական կարգավորումներ է նախատեսում։ Նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է  հիմքեր ստեղծել, որպեսզի էլեկտրոնային հաղորդակցության օպերատորը կամ ծառայություններ մատուցողը դատական ակտերի հարկադիր կատարողին տրամադրի անձնական տվյալներ։

Շրջանառության մեջ դրած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին  նախագծով առաջարկվում է՝ «Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել հարկադիր կատարողի կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակում պարտապան կամ պահանջատեր հանդիսացող իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, քանակի եւ հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ՝ հարկադիր կատարողի կողմից ուղարկված հարցումների հիման վրա»։

Հեղինակները նախագիծը հիմնավորում են այն հանգամանքով, որ չնայած օրենքը հարկադիր կատարման ենթակա ակտերի պատշաճ եւ արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով նախատեսել է մի շարք պետական մարմիններին եւ առեւտրային բանկերին հարցումներ կատարելու գործիքակազմ, առկա գործիքակազմն ամբողջությամբ բավարար չէ կատարողական վարույթի կողմերի վերաբերյալ վարույթի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը հավաքագրելու համար։

Նախարարությունը նշում է, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի  բնակչության ճնշող մեծամասնությունը ներկայումս օգտվում է էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների, մասնավորապես՝ բջջային կապի օպերատորների ծառայություններից, եւ էլեկտրոնային հաղորդակցության օպերատորները համապատասխան օրենքի շրջանակներում տիրապետում են Հայաստանի  բնակչության մեծամասնության, այդպիսով նաեւ՝ կատարողական վարույթով պահանջատերերի ու պարտապանների մեծամասնության վերաբերյալ անձնական տվյալներին։ Չնայած սրան, ըստ հիմնավորման, գործող իրավակարգավորումների պայմաններում հարկադիր կատարողը լիազորված չէ էլեկտրոնային հաղորդակցության օպերատորներին կամ ծառայություններ մատուցողին կատարողական վարույթով պարտապանների եւ պահանջատերերի վերաբերյալ հարցումներ կատարել։

Հեղինակները նշում են. «Մյուս կողմից, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 23-րդ հոդվածը, սահմանելով օպերատորի եւ ծառայություններ մատուցողի կողմից իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների եւ հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի համարելու եւ պահելու պարտականությունը, այս ընդհանուր կանոնից սահմանում է միայն խիստ որոշակի թվով բացառություններ։ Նույն հոդվածում առանձնացնելով օրենքով նախատեսված դեպքերում վերոնշյալ տեղեկատվությունն իրավասու մարմինների կողմից ստացվելու հնարավորությունը՝ օրենքն այդ մարմինների շարքում չի ներառել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, ինչպիսի պայմաններում  հարկադիր կատարողը լիազորված չէ ստանալ կատարողական վարույթի կողմերի վերաբերյալ հիշատակված սուբյեկտների կողմից տնօրինվող տեղեկատվությունը։ Եւ չնայած սրան, կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն այդ տեղեկատվությունը տրամադրելը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ կատարողական վարույթի վերաբերյալ վարույթի կողմերի պատշաճ ծանուցումն ապահովելու եւ քաղաքացի-հարկադիր կատարող հաղորդակցության արդյունավետությունը եւ օպերատիվությունն ապահովելու համար»։

Բացի այս, նշվում է, որ անցյալ տարի ԴԱՀԿ-ն պարտապանի գտնվելու վայրը պարզելու եւ հարկադիր կատարողի  կամ պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները ապարդյուն լինելու հիմքով ավարտվել է 43. 320 կատարողական վարույթ։ Նույն ժամանակաշրջանում  կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության եւ հարկադիր կատարողի  կամ չլինելու հիմքով ավարտվել է 553. 893 կատարողական վարույթ։

«Նշված ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ կատարողական վարույթի շրջանակում հնարավոր չի լինում պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը։ Ընդ որում, այս իրավիճակը հետեւանք է նաեւ պարտապանի եւ նրա գույքը հայտնաբերելուն ուղղված՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմի անբավարարության»,-նշում են հեղինակները։

Այս վերլուծության հիման վրա էլ նախարարությունը նախաձեռնել է տվյալ օրենսդրական փոփոխությունը։ Նախարարությունն այս նախագծի ընդունմամբ ակնկալում է, որ այսպիսով կկրճատվի պարտապանների եւ պահանջատերերի՝ կատարողական վարույթի ընդհանուր տեւողությունը, կխնայեն ծախսվող ռեսուրսներն ու ժամանակը, ինչպես նաեւ կատարողական գործողությունների արդյունավետությունը կբարձրանա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930